Հարկատուները հաշիվ չեն, կարող են գնալ` սերիալ աշելու ...
Ըստ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական վեբ կայքի տեղեկությունների, Ավագանու վերջին նիստը տեղի է ունեցել 2012 թվի օգոստոսի 1-ին, իսկ ՏԻՄ օրենքն ասում է, որ 2 ամսում առնվազն մեկ անգամ նիստ պետք է գումարվի: Բացի այդ, նույն ՏԻՄ օրենքի 12.1 հոդվածն ասում է, որ հերթական նիստի մասին պաշտոնական իրազեկումը պիտի սկսվի նիստը գումարելուց առնվազն 7 օր առաջ:
Հիմա օրերը գումարել-հանելով պարզում եմ, որ քաղաքապետը հերթական անգամ խախտում է ՏԻՄ օրենքի պահանջները. հաջորդ նիստը կարող է գումարվել ոչ ուշ քան հոկտեմբերի 1-ը, որի իրազեկումը պիտի սկսված լիներ սեպտեմբերի 24-ից: Սակայն ոչ կայքում, ոչ հեռուստաեթերում, ոչ թերթերում, ոչ էլ փողոցներում որեւէ իրազեկում հոկտեմբերի 1-ի հնարավոր նիստի մասին դեռ չկա, այսօր սեպտեմբերի 27-ին է:
Ավելին ասեմ, կարծում եմ ավագանու այս կազմը այլեւս նիստեր չի կարողանա գումարել, դրա գումարումը գերմարդկային ճիգեր կպահանջի գործող քաղաքապետի համար, որովհետեւ վերջին 10-20 նիստերին կանոնավոր նիստի եկող անդամներից մի քանիսը վերընտրվել են կամ չեն վերընտրվել ու հասցրել հաջորդ քաղաքապետի հետ աշխատելու պատրաստակամություն հայտնել, նրանք հազիվ, թե առողջություն ունենան Վարդան Ղուկասյանի վարած ավագանու նիստերին գնալ այլեւս: Ու, եթե հիշենք, որ վերջին 1-2 տարում հազիվ 8 հոգի էին ճարում, որ քվորումով նիստ անեին, հիմա այդ նիստերի լինելիքը լուրջ կասկածների տակ է:
Մյուս կողմից իշխանությունը թողնող քաղաքապետի եւ իր աշխատակազմի համար օդի եւ ջրի պես կարեւոր է մի շարք հարցերի շուրջ ավագանու որոշումներ ունենալ, եթե, իհարկե, դեռ մինչեւ օգոստոսի 1-ի նիստերը չեն հասցրել այդ հարցերը կարգավորել: Իսկ եթե հիշենք, որ մինչեւ առաջադրման վերջին ժամը` օգոստոսի 10-ի ժամը 17-ը քաղաքապետն ու իր շրջապատը դեռ կողմնորշված չէին վերջինիս լինելիքի հարցում, ենթադրենք պիտի, որ ավագանու լուծելիք մի շարք հարցեր օգոստոսի 1-ին դեռ լուծումներ ստացած չպիտի լինեին: Եթե այդպես է, ուրեմն առաջիկա 45 օրերին քաղաքապետը առասպելական ջանքերով եւ գուցե զոհաբերություններով կփորձի Ավագանու գործող կազմի նիստ կամ նիստեր գումարել ու լուծել այդ հարցերը: Իսկ հարցերն այդ շատ բան կունենան ասելու հպատակներին: Դատելով քաղաքապետարանի կառավարման համեմատաբար ծածկությունից, չի բացառվում, որ նիստը հրապարակային չլինի, կամ էլ հաջորդ իշխանությունը հայտնաբերի, որ մի քանի թափով նիստեր են գումարվել էս արանքում ու ... մոռացել են իրազեկել ընտրակաշառքի սեզոնների արանքում սերալներով կլանված հարկատու քվեարկիչներին:
Այս ամենի տեխնիկական մեղավորը ընտրությունները իշխանությունը փոխելու կամ իշխանավարման ժամկետից 2 ամիս առաջ նշանակողներն են, որոնք չեն հաշվարկել ճամպրուկային տրամադրությունների, տեղական ֆեոդալների ու ավագանու անդամներից` մի ճամբարից մյուսը ջերմեռանդորեն գաղթելու խասիաթ ունեցողների վարքաբանությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=4591764281529&set=a.1731269290942.2097657.1514802535&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել