Այս տարի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց Բեռնար Շալանդը: Նրան մեր ֆուտբոլային հանրությունը պատվով դիմավորեց և նրանից արդարացիորեն պահանջեց նաև մեր ընտրանու եզրափակիչ փուլում հանդես գալու խնդրի լուծումը: Այս հարցում կարծես ինքը` Շալանդը, նույնպես որևէ առարկություն չուներ: Սակայն արդեն ոչ պաշտոնական խաղերը ցույց տվեցին, որ նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը շատ առումներով չի համապատասխանում մեր հավաքականի խաղային որակների արդյունավետ դրսևորմանը: Բնավ, ոչ մեկ չի վիճարկում Շալանդի ֆուտբոլային «գրագիտությունը», դեռ ավելին՝ շատերը կփաստեն, որ նա լավ է հասկանում «միլիոնների» խաղի նրբությունները և կարողանում է կոնկրետ խաղերի համար ճշգրիտ մարտավարություններ մշակել (հարձակման առաջատարների բացակայության պայմաններում «հինգ պաշտպանի» տակտիկան կիռառելը, հագեցվածության «հենակետային կենտրոնի» փորձարկում և այլն):
Այս ամենով հանդերձ, որո՞նք են նրա գլխավորությամբ մեր ազգային ընտրանու համեստ արդյունքներ արձանագրելու հիմնական պատճառները: Այստեղ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գործոններ: Փորձենք թվարկել առավել նշանակալիները: Առաջինը, անշուշտ, մեր հավաքականի առաջատարների խաղացողների վնասվածքների պատճառով բացակայության հանգամանքն է: Այս մրցաշրջանում բացառությամբ Ալժիրի հետ ընկերական խաղի, մեր ընտրանին խաղադաշտ դուրս չի եկել իր մարտական կազմով, մշտապես բացակայել են առանցքային 3-4 ֆուտբոլիստներ: Ցավոք, նրանց արժանի փոխարինողներ Հայաստանի ընտրանու կազմում պարզապես չգտնվեցին: Սա նաև ոչ այնքան արդյունավետ սելեկցիոն աշխատանքների հետևանք էր: Այն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել էին, իրենց որակներով կամ չէին համապատասխանում հավաքականի մակարդակին, կամ անհրաժեշտ մոտիվացիա չունեին: Արդյունքում` որոշ վերապահումներով, Ռումյան Հովսեփյանից բացի, մյուսներին կարելի է միանշանակ «գրանցել» մեր ընտրանու պասիվում: Աչք է զարնում նաև այն, որ Շալանդը չի կարողանում կոնկրետ խաղին լավ տրամադրել մեր խաղացողներին: Դա նկատվեց թե Ֆրանսիայի հետ ստուգողական, և թե Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի ընթացքում: Մեր թիմը այս խաղերում մի տեսակ «երկչոտ» ու անատամ թիմի տպավորություն թողեց և մոտավորապես խաղում էր այն ֆուտբոլը, որն ավելի բնորոշ էր «Քարամյաննների ժամանակաշրջանին»: Այս ֆոնի վրա քիչ թե շատ հաջողված կարելի էր համարել Դանիայի և Սերբիայի հավաքականների հետ մեր ընտրանու մրցելույթները, որոնցում, ցավոք, հնարավոր եղավ վաստակել ընդամենը 1 միավոր:
Ինչպես հիշում ենք, արդյունքներն անհամեմատ ավելի լավն են եղել Վարդան Մինասյանի գլավորությամբ:
Ամփոփելով նշեմ, որ այս պատկերը ոչ այնքան թևաթափ պետք է անի Հայաստանի հավաքականի մարզիչներին և ֆուտբոլիստներին, այլ նրանց ջանքերը պետք է նպատակաուղղի մեր գլխավոր թիմի խաղը բարելավելու գործին: Սրա համար, անշուշտ, կան ծանրակշիռ նախադրյալներ: Նախ մեր բոլոր առաջատարներն արդեն հաջորդ պաշտոնական խաղին կվերադառնան խաղադաշտ և, վստահաբար, կլինեն ավելի լավ մարզավիճակում, ինչը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ մեր թիմի խաղային որակների բաելավման և արդյունքների վրա: Մյուս կողմից, թեպետ Հայաստանի հավաքականը խմբում մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, սակայն դեռ լավ հնարավորություններ ունի առնվազն երրորդ տեղը զբաղեցնելու համար: Այս առումով նաև մեր համար շահեկան դասավորվեցին հանգամանքները (Սերբիայի և Ալբանիայի հավաքականններին ՈւԵՖԱ-ի կողմից պատժելու մասին է խոսքը): Ճիշտ է, մրցակիցների անհաջողությունների վրա դիվիդենտներ հավաքելն այնքան էլ կոռեկտ չէ, բայց սա ֆուտբոլ է, որում հաշվում են միայն գրանցված արդյունքները:
Նոր տարում հաջողություն եմ մաղթում մեր գլխավոր մարզական թիմին` ֆուտբոլի ազգային հավաքականին: