Nyut.am-ը գրում է․

Փոքրիկ Հայկը շատ է սիրում մարդկանց և իր բոլոր հյուրերին ընդունում է ջերմ ծիծաղով: Փոքրիկը ծնվել է խորն անհաս` հինգ ու կես ամսեկան, 600գ քաշով, նրա մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված հիվանդությունը, ինչի պատճառով Հայկը չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին հրաժարվել երեխայից: Հայրը հրաժարվել է, իսկ մայրը օգնել է իր զավակին համառ պայքար մղել ապրելու և վերականգնվելու համրար: Հայկն արդեն 4 տարեկան է և, չնայած բոլոր դժվարություններին, հավատում է` գոնե դպրոց քայլելով է գնալու:

Հայկի մայրիկը` Պայծառ Ներսեսյանը, վստահ է` եթե երեխան խնդիր ունի, պետք է անպայման հետևողականորեն պայքարել նրա առողջացման համար. «Պետք է անընդհատ զբաղվել երեխայի հետ, ճիշտ մասնագետներ գտնել, և բժշկի ցուցումով և խորհրդով երեխային տարբեր թերապիաների տանել: Մենք դա արել ենք ծնված օրվանից և մեծ արդյունքների ենք հասել, ինչի համար շնորհակալ եմ բոլորից: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Հայկին, ուզում են օգնել, որ նա լիարժեք մարդ դառնա»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Հայկը ստանում է հաշմանդամության թոշակ` 19 հազար 200 դրամ, ինչպես նաև պետությունը փոքրիկին տարին երկու անգամ անվճար թերապիաներ անցնելու ուղեգիր է տալիս: Բայց Հայկի մայրիկը վստահեցնում է, որ այդ գումարը միայն տրանսպորտի և տակդիրի համար է բավարարում, իսկ թերապիաների անհրաժեշտություն նման հիվանդությամբ երեխաներն ունեն ողջ տարվա ընթացքում: Պ. Ներսիսյանը չի աշխատում, քանի որ Հայկը մեծ ուշադրություն և խնամք է պահանջում: Տարիներ շարունակ մայրիկը համառությամբ աշխատել է որդուն ոտքի կանգնեցնելու համար: Վերջերս տեղեկացել է, որ Գերմանիայի կլինիկաներից մեկում անցկացվող բարդ վիրահատությունը նրանց կարող է տալ այդ հնարավորությունը:

«Մենք պետք է գնանք Գերմանիա` վիրահատության, և պետք է ինչ-որ նոր պատվաստանյութերով երեխայի կոնքազդրային մասը հավաքվի: Շատ մեծ, բարդ, պատասխանատու վիրահատություն է լինելու, որից հետո էլի երկար պարապմունքներ են լինելու, մեծ ջանքեր պիտի գործադրենք, և հուսանք, ես հավատում եմ, որ Հայկը կքայլի և կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն մեզ այդ հարցում»,- վստահ է փոքրիկի մայրիկը:

Վիրահատության օրն արդեն նշանակված է` 2015թ. հունվարի 19-ը, բայց ընտանիքը վիրահատության համար անհրաժեշտ 60 հազար եվրոյից միայն 30 հազարն է հավաքել:

Հայկը շատ ընկերներ ունի, ինչպես նաև շատ երազանքներ: Հեքիաթները, որոնք մայրիկը միշտ կարդում է իր զավակի համար, նրան սովորեցրել են, որ բարին միշտ հաղթում է: Հայկի երազանքը երգիչ դառնալն է. արդեն խաղալիք միկրոֆոն ունի, որը փոխարինվելու է իսկականով:

«Հայկը երկար հյուսիկ ունի մազերի մեջ: Ես ուխտել եմ, որ հյուսիկը կկտրենք, երբ Հայկս քայլի: Հենց փոքրիկս իր առաջին քայլերն անի, կգնանք Ախլցխե` Մայր Աստվածածին Սուրբ մատուռ, որտեղ մատաղ կանենք և շնորհակալությւոն կհայտնենք Աստծուն և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան և աջակցեցին մեզ»,- մեծ հավատով ավելացրեց Հայկի մայրիկը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին և հրաշքների մեծ ոգևորությամբ և էլ ավելի մեծ հույսով սպասում է Հայկը: Նրա համար այդ հրաշքը շատ պարզ է` կզարթնի Ամանորի գիշերը և միանգամից կքայլի, իսկ նրա մայրիկը գիտի, որ հրաշքը մի քանի փուլ է ենթադրում՝ վիրահատության գումարը կհավաքվի, կմեկնեն Գերմանիա, վիրահատություն կանցնեն, նոր միայն կիրագործվի հրաշքի ամենասպասված մասը:

Փաստորեն, յուրաքանչյուրը, ով իր հնրավարորությունների չափով կօգնի փոքրիկին, կդառնա ամենաիսկական Ձմեռ պապիկը, ով` որպես իսկակական հրաշագործ, ևս մեկ քայլով Հայկին կմոտեցնի իր և իր մայրիկի ամենամեծ երազանքի կատարմանը:

Ստորև բերված են Հայկի մայրիկի` Պայծառ Ներսեսյանի անունով բացված բանկային հաշվի տվյալները.

ՎՏԲ-Հայաստան`

AMD 16046032978400

USD 16046032978401

EUR 16046032978402

RUR 16046032978403

ARCA քարտի համար՝ 6769 3071 0003 1522

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել