Երջանկահիշատակ պապուս մահվանից որոշ ժամանակ անց նրա տան անդամները պատահաբար բացահայտում են մի գողտրիկ անկյուն, որտեղ նա հավաքել էր առաջին անհրաժեշտության պարենային և կենցաղային ապրանքներ` օճառ, լուցկի, մսի պահածո, խտացրած կաթ, շաքարավազ և այլն: Զարմացել էի, լավ, էս մարդն ինչի՞ համար էր այդ ամենը հավաքել: Ես, բնականաբար, հետո հասկացա նրան, մարդն ի վերջո սով էր տեսել, ծանր կյանքով ապրել: Բայց այն, ինչին ականատես եղա երկու օր առաջ երևանյան սուպերմարկետներից մեկում, ուղղակի ցնցող էր: Մարդիկ, բառիս բուն իմաստով, շնչակտուր, առանց հասկանալու գնում էին, կարելի է ասել, «ինչ պատահի»՝ րոպե առաջ ազատվելով այդ «չարաբաստիկ» դրամից: Գնում էին ու կողքներին կանգնած մարդկանց, ովքեր ամենօրյա փոքր գնումների էին եկել, զարմացած հորդորում. «ի՞նչ եք կանգնել, հեսա 12-ից հետո գները թռնելու են»: Եվ իրոք, 12-ից հետո գներն այնպես «թռան», որ որոշ ապրանքներ ուղղակի թանկացան մինչև 150 տոկոս: «Այդ ի՞նչ տեղի ունեցավ մի քանի ժամվա մեջ, ինչպիսի խոշոր ցնցում արձանագրվեց համաշխարհային պարենային շուկայում» հարցադրումներն ուղղակի մնացին անպատասխան: Իսկ հիմա պատասխանն ավելի քան պարզ է. «նորին գերազանցություն» խուճապը, որը բացառիկ էմոցիոնալ ֆենոմեն է, իրականում հաղթեց առողջ բանականությանը: Արդյունքում տուժեց սպառողը, դե իսկ օգտվեցին նրանք, ում համար նման իրավիճակները երկնքից իջած մանանաներ են: Ասածս ի՞նչ է ժողովուրդ ջան. ես հասկանում եմ, որ աչքը տեսածից է վախենում, բայց, միևնույն է, մեզ մի քիչ սառնասրտությունը նման իրավիճակներում հաստատ չէր խանգարի:
Փաստն այն է, որ շաքարավազն էլ արդեն 400 դրամ է, ձեթն էլ իջել գրեթե իր նախկին մակարդակին ու այսպես շարունակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/416815781805757?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել