Տխուր ու անհերքելի փաստ է, որ հիմնականում հոգեբանական բարդ իրավիճակներում են մարդիկ մոլորվում ու խորթանում հայ իրականությունից. ոմանք դառնում են կրոնական, քաղաքական, ոմանք էլ՝ մշակութային, շոու բիզնեսի, կրթության ու գիտության, մարզական, բժշկական ու Հայաստանում ակտիվացած տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունների զոհերը: Այսինքն, ակնհայտորեն տեղի է ունենում, չասելու համար հոգեորսություն, ասենք` բարոյական հանցագործություն:

Աղանդավորներն արդեն մասնագիտացել են աշխարհընկալման ու ինքնաճանաչման ճանապարհին գտնվող մարդկանց որսալու գործի մեջ, նրանք շատ հեշտությամբ կարողանում են «լուծել» մեր հայրենակիցների խնդիրները` կիրառելով հոգեբանական տարբեր հնարքներ ու տեխնոլոգիաներ: Նրանց սոցիալական հայեցակարգի հոռետեսական ազդեցությունը զարմանալիորեն տարածվել է նաեւ այնպիսի անձանց վրա, ովքեր իրենց քաղաքական գործիչ  են համարում:
Հայ Եկեղեցին այս չարիքին հակազդելու համար անում է հնարավորը, սակայն պետք է անել նաեւ անհնարինը, իսկ անհնարինը հնարավոր է դառնում միայն միասնական ուժերով:
Իբրեւ Հայ Եկեղեցու զավակ, ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին աղանդավորներից պաշտպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայ Եկեղեցու հետեւորդները, առավել եւս սպասավորները, եւ մասնավորապես ծխատեր հոգեւորականները, կրկնապատկեն իրենց ջանքերը եւ իրենց ընտանիքների հոգսերը հոգալուն զուգընթաց ավելի ակտիվացնեն իրենց ներգործությունը հասարակական ու սոցիալական բոլոր խավերի շրջանում: 
Այս գործում նպատակահարմար ու արդյունավետ կարող է լինել, մանավանդ, ծխատեր հոգեւորականների կողմից անհատական զրույցների հաճախակի կազմակերպումը  ծխի անդամներից յուրաքանչյուրի հետ: Նման հանդիպումները կնպաստեն, որ  ծխատեր հոգեւորականը առավել մոտիկից ծանոթանա իր ծխի անդամների հոգսերին ու խնդիրներին, իսկ հարկ եղած դեպքում նաեւ իր խորհուրդներով օգնի նրանց դուրս գալ հոգեբանական դժվարին իրավիճակներից: Արդյունքում, հայ մարդն այլեւս իր հոգեւոր խնդիրները բավարարելու համար ակամա չի դառնա այս կամ այն օտարածին «կրոնական» կառույցի հետեւորդն ու չի կտրի իր հոգեւոր կապը Հայ Առաքելական Եկեղեցուց:
Ոչ ոք հոգեւորականից նյութական օգնություն չի ակնկալում, փոխարենը մշտապես ակնկալում ու պատրաստ է հոգեւոր սնունդ ընդունել եւ` շնորհակալ լինել: Պարզապես անհրաժեշտ է հաղթահարել ծուլությունը: Հայ Եկեղեցին լինելով ազգային՝ հոգեւորի հետ զուգահեռ ի վիճակի է իրականացնել նաեւ սոցիալական ու բարոյահոգեբանական գործառույթներ, մանավանդ որ գոյություն ունի դրան նպաստող օրինական դաշտ:
Հայ Եկեղեցու ազգային լինելու հանգամանքը նախեւառաջ հաստատված է հենց ժողովրդի վերաբերմունքով իր հարազատ եկեղեցու նկատմամբ, եւ հետո միայն` պետական օրենքով: 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների նվիրապետական աթոռներով: Ճանաչում է նաեւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Վերը նշած օրենքով հաստատված է նաեւ, որ որպես ազգային եկեղեցի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործում է նաեւ այլ երկրներում եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո` միջազգային իրավական նորմերին համապատասխան:
Իհարկե, ժամանակի մարտահրավերները հնարավոր է՝ որոշ փոփոխություններ մտցնեն Հայաստանի կրոնական դաշտն ավելի կանխատեսելի դարձնելու եւ պետություն-եկեղեցի հարաբերությունների առավել տրամաբանական ու հաստատուն մոդել ձեւավորելու համար: Սակայն եղածն էլ բավարար է, որպեսզի հասկանալի լինի բոլորին, որ հայ ժողովուրդը որբ չէ ու կարիք չկա նրան որդեգրել, հայոց պետությունն անզավակ չէ ու կարիք չկա, որ օտարները «հոգան» նրա մասին: 
Եվ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մենք Հայոց Եկեղեցին ենք, մենք Հայոց Պետությունն ենք, մենք Հայ Ժողովուրդն ենք եւ  պարտավո՛ր ենք ապահովել մեր հոգեւոր անվտանգությունը: Այս առթիվ կրոնական ու, մանավանդ, ազգային փոքրամասնությունները բացարձակապես մտահոգվելու առիթ չունեն: Այստեղ որեւէ խտրականություն չկա, սա է իսկական ժողովրդավարությունը: 
Մենք, պարզապես, ուզում ենք հաղորդակցվել Խրիմյան Հայրիկի արդարության ու ազատության իդեալների հետ ու հիշենք Պետրոս առաքյալի խոսքերը, որը ամբողջ մարդկությանն է ուղղած. «Ապրեցե՛ք իբրեւ ազատներ եւ ազատությունն իբրեւ չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետրոս Բ 16):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել