Լսում եմ մեր իշխանության քարոզչամեքենա հանդիսացող լրատվամիջոցներին, ու ծիծաղս արդեն գալիս է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ամեն ինչ շատ լավ է, անհանգստանալու կարիք չկա: Սուտ փչելու առումով հավասարվել ենք Հյուսիսային Կորեային: Չգիտեմ կարդացել եք, թե չէ, իրենց լուրերով հայտնել էին, թե Հյուսիսային Կորեան կարողացել է առաջին անգամ ոտք դնել արեգակի վրա:
ԿԲ նախագահը ստեղծված իրավիճակը բնորոշում է որպես սպեկուլյացիա: Բայց չէ՞ որ, պարոն ԿԲ նախագահ, առաջին սպեկուլյանտը հենց ԿԲ-ն է: Սա դասական պրակտիկա է, որը փայլուն կերպով կիրառվում է արդեն քանի տարի: Մեխանիզմը հետևյալն է: Ինչ-որ պատճառով, տվյալ պարագայում անունը դնենք ռուբլու արժեզրկում, դոլարի կուրսը բարձրանում է: Ավանդույթի համաձայն՝ բարձրացնում ենք առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Ապա որոշ ժամանակ անց դոլարի կուրսը սկսում է իջնել: Բացատրեմ շաքարավազի օրինակով: Ենթադրենք, գնում էինք առաջ 480 դրամով, հիմա, դոլարի կուրսով պայմանավորված, այն հասել է 600 դրամի: Հետո, երբ դոլարի կուրսը կիջնի, ներկրողը կամ արտադրողը սիմվոլիկ մի փոքր կիջեցնի շաքարավազի գինը, ու այդ նոր սակագինը կհաստատվի շուկայում: Օրինակ շաքարավազի գինը 600-ից կիջնի, բայց ոչ թե կհասնի իր նախկին գնին, այլ պարզապես կարժենա, ասենք, 550 դրամ: Ու այդպես մնացած բոլոր ապրանքատեսակները, որոնց գները վերջին օրերին աճել են 150-ից 300 դրամով: Կատարյալ տեխնիկա է, այնպես չէ՞։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/727202347374874?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել