Քաղաքում շնչակտուր վազքով դոլար ու եվրո որոնելը, ամեն քայլափոխի չենջ ու բանկ մտնելը, դոլարի կուրս հարցնելը րոպե առ րոպե աղքատացնում է հենց ձեզ: Հասկանանք թե ինչու:
Յուրաքանչյուր ռացիոնալ երկրում արժութային ճգնաժամի դեպքում բանկերը հստակ գիտեն, որ մարդկանց մոտ առաջանում է խուճապ, «արտարժութային տենդ», ու ոչ մի դեպքում չի կարելի արտարժույթ վաճառել, այլ միայն պետք է հավաքել:
Այսինքն անկախ նրանից՝ դուք գործարար եք, առևտրական, թե շարքային քաղաքացի, ձեզ դոլար կամ եվրո չեն վաճառելու, որովհետև վստահ չեն՝ դուք սպեկուլյանտ եք, թե իրոք դրա կարիքն ունեք: Նույնը կատարվում է նաև Հայաստանում հենց այս պահին:
Բավական է խոսեք մի քանի առևտրականների ու գործարարների հետ և կհամոզվեք, որ այս օրերին չեն կարողացել նույնիսկ 100 դոլար գտնել, որպեսզի իրենց դրսի պարտքերը տան կամ ապրանք ներկրեն: Նույնիսկ 1 դոլարի համար պատրաստ են վճարել 600 դրամ, սակայն ի վիճակի չեն գտնել դոլար վաճառողի: Եվ ինչի՞ է սա հանգեցրել...
Սա հանգեցրել է նրան, որ մեծածախ առևտրականները հրաժարվում են ապրանք ծախել, քանի որ վստահ չեն, որ կկարողանան վաճառքից գոյացած դրամով դոլար գտնել ու դրսից կրկին ապրանք բերել: Նրանք հրաժարվում են վաճառել մանրածախին, իսկ մանրածախն էլ օգտվելով առիթից՝ բարձրացնում է գները 10-15 տոկոսով: Սա է պատճառը, որ այսօր սպառողական ապրանքների գները համատարած բարձրանում են: Պետության լծակներն այստեղ սահմանափակ են:
Սա այն դժվարին ու ծանրագույն սցենարն է, որը յուրաքանչյուրս պետք է մեր աչքի առաջ ունենանք, երբ ապշահար հայացքով նայում ենք կուրսերի փոփոխությանը ու հարցնում ենք՝ «դոլար ունե՞ս, ախպեր»: