Magaghat.am-ը գրում է․
Համերգի առաջին բաժնում պետք է կատարվեր Բեթհովենի 5-րդ` Դո մինոր սիմֆոնիան, իսկ երկրորդում` Էդվարդ Միրզոյանի հայտնի սիմֆոնիան` լիտավրի ուղեկցությամբ: Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը լեփլեցուն էր, մարդիկ եկել էին ոչ միայն Օհան Դուրյանի նոր մեկնաբանումներին ծանոթանալու, այլև այդ երկու սիմֆոնիաների միջև նրա գտած կամուրջը վայելելու: Համենայնդեպս ես այդպես էի մտածում, քանի որ մթնոլորտն ինձ թվում էր վերերկրյա` նույն սրահում հավաքվել էր հանրապետության մշակութային ամբողջ ընտրախավը:
Դուրյանը բեմ մտավ գիսախռիվ գլուխն աշխուժորեն ցնցելով ու ծանոթ հանրությանը սիրալիր հայացք նվիրելով` միանգամից դարձավ իր նվագախմբին: Առաջին նոտայից մինչև վերջինը նա բոցավառվեց ու հրկիզվեց, ունկնդիրներին էլ հետը կիզեց: Երաժշտական տարերքը հրաբխի նման փոթորկել էր ներկաների սրտերը: Վերջին հնչյունի հետ շատ հրաշքներ տեսած դահլիճը որոտընդոստ ծափերից թնդաց, սակայն հաջորդ վայրկյանին սարսափից սսկվեց` նվագավարը սիրտը հանկարծ բռնեց ու փլվեց ուղիղ իր կամրջակին:
Նվագախմբի տիկնայք նետվեցին դեպի նա, իսկ դահլիճը շունչը պահած նայեց դիմացի օթյակին: Նախախնամությունը սահմանել էր, որ համերգին ներկա լինի նաև ճանաչված սրտաբան Զավեն Դոլաբջյանը: Համընդհանուր տագնապը թուլացավ, երբ շշուկներ տարածվեցին, որ Դուրյանի սիրտն է վատացել, բայց վտանգը մեծ չէ:
Համենայնդեպս կասկածներ կային, թե Միրզոյանի սիմֆոնիայի կատարումը կհետաձգվի. հեղինակի շուրջը մարդկանց հոծ խումբ էր գոյացել, հավանաբար նրան մխիթարում էին, ինքը` Միրզոյանը ջախջախվածի էր նման, թեև ասպետորեն դիմանում էր:
Եվ հանկարծ հայտարարվում է համերգի երկրորդ բաժինը: Բեմ մտած Դուրյանին դահլիճը թույլ չի տալիս սկսել` ծափերի ու բացականչությունների տարափը նրա կազդուրվելու ավետիսն էր: Ավելորդ է ասել, որ Միրզոյանի սիմֆոնիան ևս կատարվեց փառահեղ հաջողությամբ, դա իսկապես, երաժշտական հրավառություն էր:
Սակայն մեկ կամ երկու ամիս անց «Սովետական արվեստ» ամսագրում մի հոդված կարդացի, հեղինակը Դուրյանին մեղադրում էր նվագավարի շարժուձևը չափազանցելու համար, դեռ մի քայլ էլ առաջ էր գնացել` գրելով, թե Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից հետո նրա սիրտն ամենևին էլ չի վատացել, դա դերասանություն էր:
Արվեստի յուրաքանչյուր նորույթով հետաքրքրվողիս ջանքերը կրկնապատկվեցին, ես անպայման ուզում էի Դուրյանի հերքումը լսել: Ցավոք դա տեղի չունեցավ, անվանի նվագավարի համերգներն ու համբավն էլ, բնականաբար, իրենց հունով շարժվեցին:
Անցան տարիներ, նա մեկնեց արտասահման, ցնցող ելույթներ ունեցավ, նվագավարության նոր չափանիշներ սահմանեց, օրինակ` առանց փայտիկի և պարտիտուրի կատարումներ, ապա կրկին Հայաստան եկավ: Օպերային թատրոնի նվագախումբն էր ղեկավարում, երբ մի խումբ երաժիշտներ խմբագրություն եկան բողոքելու, թե նա իրենց հետ կոպիտ է վարվում, վիրավորում է, չափից ավելի խիստ է:
Միջադեպն ուսումնասիրելու հանձնարարություն ստացա և հաշտության ճերմակ դրոշը մտքիս մեջ ծածանելով գնացի Դուրյանի հետ զրուցելու:
Մտազբաղ էր, հուզված, մանավանդ լրագրողի հետ խոսելու տրամադիր չէր: Ասացի, որ մեկ է` հոդվածը գրվելու է, ինչո՞ւ է ուզում, որ այն միակողմանի լինի: Տեղի տվեց, բայց հիմա էլ ես հայտնվեցի նրա խստության սևեռակետում:
Իր հրացայտ աչքերը կերպարանքիցս չկտրելով մի ամբողջ դասախոսություն կարդաց առ այն, թե ինչ է նշանակում նվագախմբի փորձից ուշանալը, պարտիտուրն անգիր չանելը, դիրիժորի դիտողությունները չկատարելը, կարճ ասած` վատ երաժիշտ լինելը: Այսինքն չհերքեց, որ և խիստ է, և պահանջկոտ, և մի քիչ էլ` կոպիտ:
Այն ժամանակվա երաժիշտները, ինչպես հիմա, կտրուկ պայմաններ առաջ չէին քաշում, օրինակ` նվագավարի հրաժարական, ընդամենն ուզում էին, որ նա վերաբերմունքը մեղմի: Անգամ ներողություն չէին ակնկալում: Դա իմանալով` պարոն Դուրյանն ինձ` ուշիմ ունկնդրիս խոստացավ, որ դա ~ էլ կանի: Հայ հոր նախնիների ու արաբ քրիստոնյա մոր արյունների այդ բացառիկ միակցությունն ինքը որոշեց հաշտություն կնքել:
Քանի որ ամեն ինչից զգացվում էր հաջող ավարտի սկիզբը` որոշեցի վաղուց ինձ տանջող թնջուկի մեկնաբանությունն առաջին ձեռքից ստանալ, հարցրի, թե հայտնի համերգից հետո ինչո՞ւ չպատասխանեց ամսագրի մեղադրականին: Դուրյանը նախ հրճվեց, որ ես այդ համերգին ներկա եմ եղել, երևի մի քանի ակնթարթ էլ մտովի վերապրեց այդ «դարակազմիկ» իրադարձությունը, սակայն արագ կերպարանափոխվեց, ասաց.
– Տիկին, դուք հին մեռելները թաղելո՞ւ եկած եք: Ես կուզեմ հայրենիքի երաժշտական կյանքը երաժշտական դարձնել, կարելի չէ՞…
Կասկածները փարատելու փոխարեն Դուրյանը հին գաղտնիքին նոր գաղտնիք ավելացրեց:
Ահա նա` սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը, ով ներշնչանքի պահին նմանվում է ալեկոծված ծովի ու կարող է թե ահռելի նավեր կործանել, թե անխորտակելի ժայռեր: Երաժշտություն արարելու իրավունքը նրանն է: Բայց չէ՞ որ բժշկական հետազոտություններով հաստատված է` աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունը նվագավարներինն է, հենց նրանք են ամենից հաճախ սրտի և ուղեղի կաթված ստանում: Դա հիշելով` ես վարպետին (մաեստրո բառը չեմ սիրում) հանգիստ թողեցի իր աշխարհում ու շտապեցի տպավորություններս թղթին հանձնել:
Ճանապարհին մտաբերեցի` բայց չէ՞ որ վտանգավոր մասնագիտությունների երկրորդ տեղում էլ լրագրությունն է: Մենք` լրագրողներս, պակաս վտանգված աշխարհում չենք ապրում: Ուրեմն բոլոր արժեքներից գլխավորը մարդկային փոխըմբռնումն է, այս պարագայում` հաշտությունը:
Հետագայում անդրադառնալով մեր զրույցի մանրամասներին և Օհան Դուրյանի ընդհանրական կերպարին` հաճախ եմ խորհել` մի՞թե տարօրինակ բան կա նրանում, որ մեծ երաժիշտը որոշ չափով դերասան լինի: Դա այն չէ՞, ինչը բարձր մշակույթում կոչվում է արտիստականություն: