<<Եթե միայն նա իմանար . . .>> (մաս 2) (հատված կյանքի հատվածից)
(չկարդացված նամակ 2)
Ես ուզում էի այսօր քեզ խոստովանել միակ մեղքը, որ գործել եմ քո հանդեպ: Բայց օրը չթողեց: Խոստովանում եմ զզվելի օր է, սրանից վատ օր դժվար էր մտածել . . . բայց սրանից վատն էլ դեռ շատ կլինեն: Միշտ այսպիսի օրերին աշխատում եմ շուտ փախչել բոլորից. բարկացած չեմ, բայց եթե մնամ` կկռվեմ բոլորի հետ: Եկա տուն, անջատեցի հեռախոսներս, սառը լոգանք ընդունեցի ու ցանկացա քնել: Իսկ ո՞վ է որոշել, որ ցերեկները չեն քնում, քնում են գիշերները: Ուղղակի մենք ցերեկները միասին մեղքեր ենք գործում, իսկ գիշերները զղջում ու մտածում հաջորդ օրվա մեղքերի մասին: Դե մի քիչ էլ ժամանակ է մնում քնելու համար: Իսկ ինչպե՞ս է անցնում իմ օրը: Իսկ ի՞նչ է օրը: Դու վաղուց իմ ժամանակը մի օր ես դարձրել, առանց սկզբի ու վերջի: Ես վաղուց ապրում եմ մի օրով ու այդ օրը շատ է երկարում: Շաա՜ատ: Իմ օրերը չեն սկսվում ու վերջանում ձեր օրերի նման: Դրանք չեն վերջանում: Դու գողացել ես իմ օրերի վերջակետերը, իսկ ես միամիտի նման փորձում եմ դրանք ստորակետերով բաժանել: Խնդրում եմ գոնե մի վերջակետ տուր, գոնե այն օրվա համար, որը դու ես սկսել անզգուշաբար: Զարմանալի է, բայց սառը ջրից քնելուս ցանկությունը չկորեց: Քնեցի: Քնեցի օրվա նման` տասական րոպեով: Ես երազ չէի տեսնում, ոչ էլ ջերմում էի: Ուղղակի քո հայացքը . . . օրվա գլխավոր, բայց ոչ միակ հերոս քո հայացքը: Ես արթնանում էի ամեն անգամ քո հայացքից: Մի նայիր էլ ինձ, եթե պետք է նայես այդ սառը բարկության, հիասթափության ու զղջումի հայացքով: Ես սարսափում եմ քո այդ հայացքից: Դու այն այսօր դաջեցիր իմ աչքերի մեջ: Այնպե՜ս էի ուզում իմ մռայլ հայացքով պատասխանել քեզ, ներիր, չստացվեց: Այդքան փորձեցի, չստացվեց: Իսկ քո հայացքի, քո աչքերի մասին ես միշտ երազել եմ: Ասե՞մ քեզ բնության հրաշքներից մեկի մասին: Ես կարող եմ խոսել, դու` լռել, ես կարող եմ բռնել քո ձեռքը, դու իմը` ոչ, ես կարող եմ սիրել քեզ և քո դուրն էլ չգամ, բայց անհնար է . . . անհնար է նայել մարդու աչքերի մեջ, եթե նա էլ չի նայում քո աչքերի մեջ: Սա հրաշք է: Աստված աշխարհում ոչինչ պատահական չի ստեղծել: Ամեն ինչ կյանքում կարող է փոխադարձ չլինել, բայց ոչ երբեք աչքերի զրույցը: Աչքերը կարո՞ղ են խաբել: Հիմա կասես այո: Լրտեսների աչքերը խաբում են: Ես համաձայն եմ: Համաձայն եմ խաբվել և թող դու լինես իմ կյանքի ամենահմուտ լրտեսը և թող սերս էլ լինի կյանքի մեծագույն խաբկանքը: Ես պատրաստ եմ կրկին անգամ խաբվել քեզնից ու հենց այսպես սիրել, եթե նույնիսկ նախապես հաստատ իմանամ, որ խաբում ես, կրկնում եմ, ես էլի կցանկանամ այսպես խաբվել և սիրել այսպիսի անիծված սիրով: Իսկ եթե խաբել ես ինձ, ուրեմն խաբել ես նաև բնությանը` ծառերին, գետերին, անձրևին, թռչուններին, ծաղիկներին. նրանք քո մասին են խշշում ու կարկաչում, անձրևը այս սիրուց է արտասվում, առավոտյան իմ այգում թռչունները քո մասին չգրված երգերն են երգում, բոլոր ծաղիկները քեզնով են բուրում: Իսկ դու չկաս: Սառածդ հայացքով կարդում գրածս և ինքդ քեզ մխիթարում, թե այդ <<դու>>-ն դու չես: Կներես այս մեղքի համար . . .
Սիրում եմ քեզ . . .
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=318774274887422&set=a.304584646306385.64497.100002645574961&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել