Armnewstv.am-ը գրում է․
Սարյան 4-ի բնակիչները էքստրիմի սիրահար չեն, բայց էքստրեմալ պայմաններում են ապրում: Մի օր` պայթյունի, հաջորդ օրը` սպանության, մի ուրիշ անգամ էլ գողության ականատես են դառնում: Շքամուտքն էլ ստիպված են կիսել առնետների հետ: Բնակիչների խոսքով` աղբահանության գումարը ժամանակին վճարում են, իսկ աղբատար մեքենան ամիսը մեկ անգամ է բակ մտնում: Հենց կուտակված աղբի պատճառով էլ առնետները շատացել են: Անգամ մուտքի անկյուններում քիմիկատ են դրել, սակայն կրծողները նույնիսկ մոտ չեն գալիս:
Շենքի բակ մտնելու համար պետք է անցնել անցումով. լամպը լույս չի տալիս, դեկոր է: Լուսավորության բացակայության պատճառով բնակիչները վախենում են մութն ընկնելուց հետո տուն վերադառնալ: Սարյան 4-ում լույս չկա ոչ միայն բակում: Հոսանքազրկումները սովորական էին նաև բնակարաններում: Էլեկտրական ենթակայանը մեկ-երկու փողոց հեռու էր շենքից և կարճ միացումներ հաճախ էին լինում: Հիմա ենթակայանը մոտ է, հոսանքազրկումներ չկան, բայց հոսանքահարման վտանգ կա: Էլեկտրական լարերը թափթփված են մուտքի մեջ: Մուտքը քանդել են, լարերն անցկացրել, բայց նորոգման փոխարեն մալուխների վրա էլցանցերի աշխատակիցները միան գրությունն են թողել` «ձեռք չտալ»: 3 ամսվա ընթացքում կարդալ իմացողները հետևում են հրահանգին, բայց կրծողներն արդեն մի քանի անգամ կերել են կարևոր զգուշացումը:
Էլեկտրացանցի մասնագետները խնդրին տեղյակ են, համարում են, որ մեղավորը բնակիչներն են: Նրանց չի գոհացնում հոսանքալարերը պատի վրայով անցկացնելու էլցանցի որոշումը: Էլցանցերի պատասխանատու մասնագետը տեղեկացրեց, որ բնակիչներին գոհացնելու համար միասին կքննարկեն խնդրի լուծման տարբերակները ու հնարավոր կարճ ժամկետում հարցը կկարգավորվի:
Տեսանյութն՝ այստեղ