
Որքանով գիտեմ, ֆիզ. անձի հետ գործարք կնքելիս արտարժութային ռիսկը ֆինանսական ձեռնարկությունը պարտավոր է վերցնել իր վրա: Դա կամ օրենք է, կամ ԿԲ-ի պահանջ ֆինանսական կազմակերպության համար: Եթե անգամ դա չի պարտադրվում ֆինանսական կազմակերպություններին օրենքի կամ հրահանգի ձևով, միևնույն է, արդարացի կլիներ դա դնել բանկերի վրա, քանի որ նրանք ավելի պրոֆեսիոնալ են համարվում և ունեն գործիքներ (օպցիոններ, ֆյուչերսներ և այլն.)՝ այդ ռիսկերը կառավարելու, ինչպես նաև պետք է կարողանան կանխատեսել արտարժութային տատանումները:
Այստեղ կրկին երևում է շարքային քաղաքացու անպաշտպան լինելը:
Չնայած այստեղ կա մեծ, շատ մեծ քողարկված վտանգ հենց բանկերի ու վարկային կազմակերպությունների համար:
Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, երբ քաղաքացիներից շատերի գումարները հազիվ հերիքեն կյանքի առաջնային կարևորություն ունեցող ծախսերի (սնունդ, հագուստ, ջերմություն) համար: Բնականաբար, նրանք չեն կարողանա վճարել վարկի գումարը:
Վարկտուները կխլեն և աճուրդի կհանեն վարկերն ապահովող գրավները:
Բայց...
Նմանատիպ դեպքերի որոշակի քանակի դեպքում առաջարկը բազմակի անգամ կգերազանցի պահանջարկը. անվճարունակները կարողանային՝ չէին թողնի այդտեղ հասնի, վճարունակներին հաստատ այդքան անշարժ գույք պետք չէ:
Մնացյալը արդեն պարզ է՝ տարրական տնտեսագիտություն, առաջարկի գերազանցումը պահանջարկին բերում է գնի իջեցման: Վարկառուն կամ իր վրա արժեցած գնից ցածր պիտի վաճառի՝ վնասվելով, կամ ուղղակի չի կարողանա վաճառել ու կսնանկանա:
Այսպիսի թակարդ են սարքել իրենք իրենց գլխին մեր ֆինանսավարկային կազմակերպությունները՝ գնալով ամենահեշտ ուղով՝ արտարժութային ռիսկերը դնել քաղաքացու ուսերին: