Տարիներ առաջ Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկում եղել է մի եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անունով: Այդ փոքրիկ ծուխն ունեցել է նաև Հոգևոր Հովիվ, որն օծված է եղել հատուկ այդ գյուղի եկեղեցու համար: Նրան ճանաչողներն ասում էին, թե Տեր Հայրը հաց ու պանրով էր ապրում, որովհետև փոքրաթիվ բնակչությունն ի վիճակի չէր հանգանակել այնքան, որ հոգար նաև քահանայի ապրուստը: Օրերից մի օր ծխականներից մեկն ասում է Տեր Հորը.
- Տեր Հայր, այստեղ նեղության մեջ ապրելու փոխարեն դիմեք Կրոնական Ժողովին, որպեսզի ձեզ մի ուրիշ եկեղեցի փոխադրի:
Բարի քահանան այլայլվում է: Քիչ անց հպարտորեն բացում է կրոնականի իր վերարկուն ու ցույց տալիս իր մեջքին փափաթած… պարանը: Մինչ բոլորը զարմացած ու ապշած իրար են նայում, ազնիվ եկեղեցականը ասում է.
– Մի՞թե չգիտեք, որ ես այս եկեղեցու համար եմ օծված: Եթե այստեղ անգամ մեկ շունչ չմնա, ես պիտի շարունակեմ կատարել Տիրոջ հանդեպ իմ պարտքը, առավոտ և երեկո ժամերգություն անեմ: Իսկ ցերեկվա ժամերին նավահանգիստ պիտի գնամ, թեթև բեռներ փոխադրեմ՝ ընտանիքիս ապրուստը հոգալու համար: Բեռնակրի դրամագլուխ համարվող այս պարանը ես հիմիկվանից փաթաթել եմ մեջքիս…
Այսպիսի հոգևորականներ էլ ենք ունեցել և այսօր էլ թերևս ունենք: Աղոթենք նրանց համար…