ArmnewsTV.am-ը գրում է․
Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչները թափառող շներից հանգիստ չունեն: Գիշերը անտուն չորքոտանիների ոռնոցից չեն կարողանում քնել, առավոտյան վախով են շենքից դուրս գալիս: Շների հարձակման առաջին թիրախը երեխաներն են: Տանից-դպրոց ճանապարհը տարոնցի փոքրիկները վազքով են անցնում: Ծնողները մեկ անգամ չէ, որ ահազանգել են համատիրություն: Համատիրության նախագահի պատասխանը անփոփոխ է` այո, վերջին երեք տարիներին Տարոն 2 թաղամասում թափառող շները շատացել են:
Շների հարձակումները երեխաներին հաճախ ոչ թե դպրոց են հասցնում, այլ` բժշկի մոտ: 5-րդ պոլիկլինիկայի տնօրենը ձեռքի տակ եղած թվերով է փաստում. թափառող շներից տուժածները այս տարի ավելի շատ են: Քսանից ավելի վանաձորցու են օգնել տասնմեկ ամվա ընթացքում: Շան հարձակումից տուժածին պոլիկլինիկայում պարտադիր սրսկում են` 3-6 անգամ: Պոլիկլինիկայի ղեկավարը դժգոհում է, որ իրենց համար այդքան էլ հեշտ չէ կատաղության դեմ պատվաստանյութեր ճարելը:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը վստահեցնում է` շների դեմ պայքարը իրենց կարևորագույն աշխատանքներից մեկն է: Քաղաքի բոլոր թաղամասերում էլ վնասազերծման աշխատանքներ կատարում են` շաբաթը երկու անգամ հաճախականությամբ: Միայն նոյեմբերին որսորդները 63 թափառող կենդանու են լռեցրել:
Վանաձորցիների հանգիստն ու անդորրը խաթարող շների դեմ պայքարելու համար քաղաքապետարանը այս տարի 4 մլն դրամ է ծախսել: Քաղաքապետարանի պաշտոնյան հավաստիացնում է, որ թափառող շներին չեզոքացնելու համար իրենք աշխատում են նաև արտահերթ ռեժիմով, բնակչի ոչ մի բողոք անարձագանք չեն ուզում թողնել:
Տեսանյութը՝ այստեղ