Հայաստանի առկա քաղաքական կոնյունկտուրան ուղղակի սարսափելի վատն է, ու հարցը ոչ միայն այն է, որ հանրապետականն է դարձել անտանելի ու ավելի ատելի քաղաքական միավոր, քան ժամանակին ՀՀՇ-ն էր, այլ այն, որ դրան իբր հակազդող այլընտրանքային ընդդիմությունը որակապես ոչնչով չի գերազանցում հանրապետականին։
Մասնավորապես մի բանում կարելի է հավասարապես մեղադրել թե՛ դիմությանը, թե՛ ընդդիմությանը. սրանք այնքան են տարվել իրենց աթոռակռվով, որ մոռացել են ցանկացած սկզբունք ու սրբություն, մոռացել են, որ իրենց միակ գերնպատակը ժողովրդին ու պետությանը ծառայելն է։ Ու իրենց խլվլտոցում նրանք այնքան են ընկել, որ ցանկացած բանի են պատրաստ՝ հակառակորդներին նեղելու ու անախորժություն ստեղծելու։
Արդեն հասել են նրան, որ ազատամարտիկներին են ճամբարների բաժանել ու իրար վրա սրում, ձեռքի հետ էլ փորձեր են անում այս պիղծ խաղերում գործող բանակը ներգրավել։ Կանգ առե՛ք, անխելքներ։ Եթե հույս ունեք, որ թեկուզ փլաատակներ թողնելու գնով կարող եք գալ իշխանության կամ էլ պահպանել ձեր իշխանությունը՝ մի խաբնվեք... Հիշեք, թե ինչ եղավ Ռուսական կայսրությունում դարասկզբին, երբ ձեր նման ինտրիգան ու հակաժողովրդական ուժերը տարվեցին այդ խաղով։ Արդյունքում մորթվեցին ու փախան ոչ միայն այդ ուժերի գործող ներկայացուցիչները, այլև նրանց սերունդների վրա մնաց այդ խարանը, և նրանցից շատերը ռեպրեսիաների ենթարկվեցին ու զրկանքներ կրեցին՝ հայրերի մեղքերի համար։
Մի կրկնեք այդ սխալը, մի մղեք այս երկիրը դեպի անդունդ։