Ու թող, որ այլևս ես քեզ չտեսնեմ: Թող չխաչվեն մեր ճանապարհները, թող քարերը մոռանան մեր ոտնահետքերը, թող չշնչենք նույն օդը:
Որ կարողանամ չհիշել, որ մոռանամ ու մոռացվեմ, որ գոնե աչքերս բաց ժամանակ չտեսնեն կերպարդ:
Ու թող, որ այլևս չլսեմ ձայնդ: Թող, որ նրա հնչյունները այլևս չպարուրեն ներսիս դատարկությունը, թող չհնչեն ու չստիպեն վերապրել:
Որ կարողանամ մոռանալ խոսքերդ, որ կրկին չերջանկանամ ու չհիասթափվեմ:
Ու թող, որ այլևս չզգամ քեզ: Թող, որ քո մասին մտքերս ջնջվեն ուղեղիցս, թող մտովի ներկայությունդ չլցնի առօրյաս, թող որ շուրջս չլցվի հորինված քեզնով:
Որ կարողանամ ինձ գտնել, որ պոկեմ ինձ քեզնից, որ ազատվեմ հորնված քեզնից:
Ու թող, որ այլևս չերազեմ քեզ: Թող, որ ամեն գիշեր չտանջեն ինձ քո մասին մտքերս, թող լուսաբացներս քո անունով չսկսեն, թող որ ամեն ապրածս վայրկյանը չվերածվի քեզ տեսնելու երազանքի:
Որ կարողանամ համակերպվեմ ու ընդունեմ, որ վերանայեմ երազանքներս:
Ու թող, որ այլևս չփնտրեմ քեզ: Թող, որ մեռնի հույսս քեզ կրկին գրկելու, թող արթնանամ քնից, թող հավատամ իրականությանը:
Որ մի քիչ իմ համար ապրեմ, որ վերագտնեմ ուժերս, որ հավատամ ինքս ինձ:
Թող, թող որ մահանան զգայարաններս, կանգ առնեն վայրկյանները: Թող ոչինչ ինձ չհիշեցնի քո մասին: Թող, որ ներեմ քեզ:
Որ կարողանամ ինձ արդարացնել, որ հրաժեշտ տամ, որ բաց թողնեմ ու չսպասեմ, ոչ չկարոտեմ...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/09/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել