Էս Հասան Ջեմալի հետ հանդիպման հետ կապված միջոցառումը ինձ բավականին խորհելու նյութ տվեց ու ոչ այնքան Հասանը, որի դիրքորոշումը ընդհանուր առմամբ պարզ էր մինչև այս ելույթը, այլ միջոցառման երկրորդ մասնակցի` Մարիա Թիթիզյանի ելույթը: Մարիան, ով Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, ծնվել է Լիբանանում, ինչ-որ ժամանակ ապրել Կանադայում, ապա ընտանյոք հանդերձ շուրջ 15 տարի առաջ ներգաղթել Հայաստան, խոստովանեց, որ ներկա Հայաստանում ինքը ամբողջապես չի գտել իր հայրենիքը: Այս հոգեբանական բարդույթը նկատել եմ շատ սփյուռքահայ ներգաղթյալների մոտ: Երբ նույն խնդիրը ունեին «էրգիրն» իրենց շուրթերին պահող և կյանքից հեռացած Մշեցի կամ Սասունցի գաղթականները, դա հասկանալի էր, քանի որ էրգիրն այդ մարդկանց համար ապրվող և կենդանի հիշողություններ էին: Բայց Մարիա Թիթիզյանի սերունդի դեպքում նման բան չկա, իրենք չեն ծնվել են Սվազում կամ Մուշում: Քիչ հետո նույն ելույթի մեջ Մարիան ասաց, որ մի տարի առաջ կյանքում առաջին անգամ եղել է Ստամբուլում և ինչ-որ հարազատություն զգացել այդ քաղաքի նկատմամբ, որը նա տեղում բացատրեց այն բանով, որ Ստամբուլում շատ հայկական եկեղեցիներ կան և այլն, բայց ես այդ պահին հասկացա, որ դա չի եղել խորքային պատճառը: Ըստ իս՝ ներկա հայությունը կարելի է բաժանել 2 մեծ հատվածների` պայմանական ասած թուրքական և ռուսասովետական «քաղաքակրթությունների» կրողների: Լիբանանը, Սիրիան և Մերձավոր Արևելքի արաբական շատ երկրներ, որտեղի հայությունը «սնուցել» է Արևմուտքի հայկական համայքները, դրանք Օսմանյան «քաղաքակրթության» գոտիներ են, որի ազդեցությունը իրենց վրա կրել և կրում են թե այդ երկրների բնիկները և թե ներգաղթյալ հայերը: Իսկ այսօրվա Հայաստանը առավելապես սովետառուսական «քաղաքակրթության» ազդեցության գոտի է և 20-25 տարին քիչ է նոր հայ, նոր որակ ստանալու համար: Մի խոսքով, մեր «քաղաքակրթական բախումները» ոչ այնքան հայ–հայ բախումներ են, որքան ռուս–թուրք–արաբ–ամերիկացի–ֆրանսիացի բախումներ, ու այսօրվա մեր խնդիրը ոչ թե Ջեմալի պրապուսկատների մեջ է, այլ «հայկական քաղաքակրթության» կերտման, որը իր մեջ ձուլելով «ռուսին», «թուրքին», «արաբին», «ամերիկացուն» ու «ֆրանսիացուն», կստանա նոր հայի ոսկե ձուլակտոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205335022037508?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել