DSCN0318

Իբր ես մի քնող եմ, հիմա էլ Դավիթը… հարու է տալիս… Հա, հա, հենց հարու, էն էլ՝ գիշերվա 2.30-3.00-ի արանքում. արթնանում եմ քացու կսմթոցներից: Քունս առել եմ, կնշանակի… Ես քնում եմ մեռելի պես. ինձ պես մեկ էլ իմ հարազատներից քնում է իմ Էմմա քույրիկը… Շա՜տ վաղուց, երբ ես ու քույրս ապրում էինք նույն տանը, նույն ընտանիքում, այնտեղ, որտեղ մենք ծնվել ենք, Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում. ես պատմել եմ  իմ  գրերում. ստուգեք: Մեր տունը երկհարկանի էր, նշանավոր, շինարար ավագ եղբորս կառուցածը։ Երևի 1968-69 թթ… ես ու Էմման 2-րդ հարկի մի ընդարձակ հարկաբաժնում գիշերով քնած ենք լինում… Ես՝ 13-14 տարեկան, Էմմային՝ 5 տարի գումարեք… Արթնացանք. իրարանցում՝ տնեցիք են լցվել սենյակ, ոստիկաններ, լույս է արդեն… Պարզվում է՝ գիշերով մեր հարկաբաժին գող է (գողեր են) մտել… Անցել են ընդարձակ հյուրասենյակով, որտեղ ես եմ քնած եղել-հսկել, մտել քրոջս ննջարանը, փնտրել-գտել են, երևի, ու նույն ճանապարհով հանգիստ հեռացել…

Ո՞նց է հայտնվել էս գոճին իմ կողքին. երբ քնեցի, չկար… Սովորեց…
Դավիթը չի իմանում, մի քիչ սիրում եմ, փորձում եմ ծածկել. չի թողնում… Բաց է քնում… Շան տղա… Մեկ էլ՝
– Հայրիկն իսկական նեղացավ…
Խոսում է քնի՞ մեջ… Քնից առաջ էս գոճու երես-ձեռքերը շոկոլադապատ ուզում ենք լվանալ՝ չի թողնում… Արմինեն՝
– Ուզում ես՝ բարկանա՞ հայրիկը, նեղանա քեզնից…
Դավիթն աչքի տակով ինձ է նայում…
Ես խոժոռ եմ, իբր…
Արմինեն՝
– Ես էլ կնեղանամ քեզնից իսկական… համ էլ, նոր օճա՜ռ ունես…
– Դու իսկական չես նեղանա, մի՛ ասա,- սրտնեղում է,- հայրիկն է իսկական նեղանում… Չեմ ուզում՝ նեղանա…
Իջավ, եկավ, բռնեց ձեռքս.
– Հայրիկ, կտանե՞ս ինձ հիմա նոր օճառով լվացնես…

Գոճիի քիթն ու մռութը լավ պրտեցի… շողշողաց… ինչպես հիմա՝ ննջարանի պատուհանից ու միջանցքի կողմից ընկնող լույսերի խաչումից… Հետո ես ինչպե՞ս եմ քնել, որտեղի՞ց եմ սկսել ու որտե՞ղ հայտնվել, չեմ հիշում… Կյանք է, այս շրջանն էլ այսպես ենք ապրում, լիարժեք, իհարկե, գիշեր-առավոտ, մութ ու լուս, քուն-արթունն իրար խառնած, գրկած…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել