Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել ևս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով:
Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում:
Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են:
Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար, հուսով եմ, բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները: