Գիտե՞ս սիրելիս այսօր որոշել եմ նշել իմ ամենասիրելի տոներից մեկը: Որոշեցի առավոտյան շուտ արթնանալ` չնայած ոչ դասի էի, ոչ էլ գործեր ունեի: Սուրճ դրեցի` կրկին միայն իմ համար, դու չկաս . . . Սուրճը վաղուց դառն եմ խմում, քաղցրը մի տեսակ սկսել է խեղդել ինձ: Խմեցի սուրճս քո չքնաղ պատկերիդ` նկարիդ հետ (շնորհակալություն ինտերնետ հնարողին): Հետո մի քիչ ման եկա մեր այգում, որտեղ միշտ երազել եմ քեզ հետ նստել ու հիշել ամեն անցած օրը, որտեղ երազել եմ, որ մեր երեխաները չարություն անեն, դու նախատես, իսկ ես երես տամ նրանց . . . իսկ ես այսօր մենակ էի զբոսնում ու դու չկայիր, օդն էլ բավականին սառն էր . . . գուցե նրա համար, որ դու չկայիր: Չե եթե դու լինեիր օդը էլի սառն էր լինելու, ուղղակի ես չէի զգա այդ սառնությունը: Որոշեցի գնալ քաղաք և գնումներ կատարել այսօրվա համար: Մեքենան հանեցի ու նորից երգի ծանոթ հնչյունները . . . Քաղաքը դեռ հանգիստ էր: Գնացի խանութ: Ներսում երկու ոչինչ չասող ժպիտով երկու աղջիկ են դիմավորում և հարցնում, թե ինչով կարող են օգնել: Ես էլ ժպտացի կեղծ ժպիտով և ասելով` ինքս, առաջացա: Գնեցի իմ ուզած գինին և էլի մի քանի բաներ: Դուրս եկա ու մտա շուկա ձուկ գնելու: Միշտ էլ ձուկը Լյովայի մոտից եմ գնում (որ Լյովա ձյաձյա եմ ասում ջղայնանում է, ասում է <<Մենք ընկերներ ենք, ի՞նչ ձյաձյա>>), ուղղակի նա ձուկը այնպիսի սրտով է տալիս, որ այն ավելի համեղ է դառնում: Բարևելուց հետո հարցրեց, թե առիթ կա՞: Դե ես զարմացած նայեցի նրան. չէ որ այսօր մեր անկախության տոնն է: Նա ժպտաց. ինչպե՞ս կարող է դրա մասին մոռանալ հայը, մանավանդ այն հայը, որ իր կյանքն է վտանգել հանուն այդ անկախության: Այժմ հասկանալով, թե նա ինչ էր հարցնում գլուխս կախեցի ու դեմքս մռայլվեց: Խոսքը քո մասին էր, ավելի ճիշտ այն աղջկա մասին, որ դու պետք է լինես: Վերջում էլ ծաղիկներ գնեցի, սիրում եմ առավոտյան թարմ օդում շրջող ծաղիկի բույրը: Եկա տուն: Այսօր ես պետք է պատրաստեի ընթրիքը: Մի քիչ կարդացի, երաժշտություն լսեցի ու սկսեցի պատրաստել ձուկը: Պատրաստեցի մի քիչ կծու, մի քիչ կծվություն է պետք, ինչպես սիրո մեջ կռվել է պետք. դրանից սերը ավելի է քաղցրանում: Պարտրաստեցի ընթրիքը: Սեղան դրեցի, ինչպես որ դու կդնեիր իմ փոխարեն: Վառեցի, մոմերը . . . Սկզբում հյուրասիրեցի ՔԵԶ, նոր հետո միայն ինձ . . . գինին բացեցի ու լցրեցի բաժակները . . . ԴՈՒ ՉԿԱՍ: Դու չկաս մեր ընթրիքին: Ես էլ ձուկը չփորձեցի: Միայն գինի խմեցի . . . ու մի բաժակ: Հարբել չեմ ուզում: Հետո կրկին զբոսնեցի մեր այգում . . . կրկին մենակ . . . Մի կատու հանկարծ հայտնվեց դեմս ու մտավ թփի տակ: Գնացի տուն ու ձուկը բերեցի: Կատուն մեծ սիրով կերավ ձուկը: Կատուները ռոմանտիկ չեն: Նրանց համար էական չէ սիրահարված են թե չէ, նրանք միշտ էլ ձուկ ուտում են ու միշտ գալիս են ընթրիքներին: Դրա համար էլ կատուներին չեմ սիրում . . . Բա ծաղիկները ի՞նչ անեմ:
Սիրում եմ քեզ . . .
Արդեն երեկոները սառն են լինում: Համենայն դեպս ինձ մոտ, այնտեղ, որտեղ ապրում եմ: Բայց որ քաղաք էլ եմ իջնում զբոսնելու, տարբերությունը մեծ չէ: Արդեն անգիր եմ արել մեր քաղաքի բոլոր այգիների ծառերը, մայթերի բոլոր սալիկները: Կոշիկներս արդեն վիճում են ինձ հետ: Ամեն անգամ երեկոյան զբոսնելուց առաջ կարդում եմ նրանց հայացքում. << Էլի ամեն օրվա պե՞ս...>>: Զբոսնում եմ մարդկանց չնկատելով կամ էլ նկատելով չափից շատ: Ես տխո՞ւր եմ: Ո՜չ: Տխրությունը չափազանց պարզունակ է, ես տխուր չեմ: Քայլում եմ հպարտ, ոչ տխուր` այնպես, ինչպես քեզ մոտ եմ քայլում, ինչպես դասի գալուց, ինչպես գործի ժամանակ:
Սիրում եմ քեզ . . .
<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից)