Հաշվի առնելով մի շարք կարևորագույն դրույթներ՝ կարող ենք պնդել, որ անգամ բավականին խոցելի և թույլ կազմակերպված Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին պետական կառավարման որակներն ավելի բարձր մակարդակի էին, քան ներկայումս:
Խոսքը մասնավորապես վերաբերում է նախկինում բազմիցս հերոսացած հայդուկային խմբերին, որոնք անկախության հռչակման և կանոնավոր բանակի կազմավորմանը զուգընթաց՝ անմիջապես ցրվեցին: Չխնայեցին անգամ լեգենդար զորահրամանատար Անդրանիկի ֆիդայական ջոկատները:
Հանրապետության ղեկավարությունը շատ լավ հասկանում էր, որ այդ խմբերը սովոր են անկանոն մարտերի, չեն կարող ենթարկվել ոչ կանոնավոր բանակի և ոչ էլ առավել ևս քաղաքացիական օրենքներին, իսկ նրանց գոյությունը միմիայն կարող է ապակայունացնել ներքին դրությունը: Ի վերջո, որոշում կայացվեց ցրել հայդուկային խմբերը և հեռու պահել նրանց քաղաքականությունից:
Բայց պետք է փաստել, որ արդեն Երրորդ Հանրապետության պայմաններում այդ պրակտիկան ոչ միայն չգործարկվեց, այլ կատարվեց հակառակ գործընթացը:
Արցախյան պատերազմին ակտիվ մասնակցություն ցուցաբերած դաշտային հրամանատարները հայտնվեցին քաղաքականության մեջ, որի արդյունքում էլ Հանրապետությունում լայն ծավալ ընդունեց «բեսպրիդելը»: Բացի այդ, պատերազմի մասնակիցների մեծ մասին թվում է, թե եթե իրենք կռվել են, ապա ինչ ուզեն կարող են անել և ասել՝ ընդհուպ զավեշտալի անգրագիտություններ:
Այս ամենի վառ ապացույցն է նախկին հրամանատար, իսկ ներկայումս փոխոստիկանապետ պարոն Երանոսյանի «շան թուլի պես ականջներ կտրելու» սպառնալիքները՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին:
Դե «Երկրապահ» կազմակերպության և նրա անփոխարինելի առաջնորդի գործունեությանը, կարծում եմ, բոլորն են ծանոթ: