ArmnewsTV.am-ը գրում է.
Դեկտեմբերի 10-ը Արցախում եռակի կարևոր օր է: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանից բացի այստեղ հիշում են, թե ինչպես հենց այս օրը ԼՂՀ-ն ամրագրեց իր անկախությունը և դրանից 15 տարի անց դարձյալ նույն օրը կայացավ Սահմանադրության հանրաքվեն: 1991թ-ի Անկախության հանրաքվեի ժամանակ քվեաթերթիկները եռալեզու էին` հայերենի հետ նաեւ ռուսերեն ու ադրբեջաներեն: Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ Արցախում բնակվող ադրբեջանցիները կամ կբոյկոտեն, կամ դեմ կքվեարկեն:
Ադրբեջանցիները հանրաքվեին մասնակցում էին իրենց հատուկ ձևով` Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելով: Այդ օրը Արցախում 10 հայ զոհվեց, վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Դա սակայն չազդեց հանրաքվեին արցախահայության մասնակցության ակտիվության վրա: Քվեարկությանը մասնակցեց ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 82 տոկոսը` 99 տոկոսով Այո ասելով անկախությանը:
Ինչպիսին էին պատկերացնում 91-ի հանրաքվեի մասնակիցները Արցախի ապագան: Բորիս Առուշանյանը 23 տարվա հիշողությունները առանց գունազարդման է ներկայացնում: Անկախության հանրաքվեից 15 տարի անց 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում Սահմանադրության հանրաքվեն անցկացվեց: Մայր օրենքով ամրագրվեցին անկախության 15 տարիների ձեռքբերումները և մարդու իրավունքների պաշտպանությունը: Անգամ լարված իրավիճակում ադրբեջանցիների անվտանգությունը արցախցիները ապահովել են:
Արցախում այդ սկզբունքը շարունակվում է պահպանվել: Թշնամին սահմանում անընդհատ սադրանքների է դիմում, իսկ բռնված ադրբեջանցի դիվերսանտներին Ստեփանակերտում դատում են միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ: Բորիս Առուշանյանը իր սերնդի պայքարն հիմա էլ ավարտված չի համարում: Հանուն ում է այսօրվա պայքարը: Հարցին ի պատասխան` ժպտում ու ժամացույցին է նայում: Շտապում է ծննդատուն: Դեկտեմբերի 10-ին ծնված թոռանը տեսության:
Տեսանյութը՝ այստեղ