Orer.am-ը գրում է․

Դեռ 90-ականներից իր համարձակ կերպարներով աչքի ընկնող երգչուհի Լիլիթ Կարապետյանը չի դադարում երկրպագուներին հիացնել և զարմացնել իր անկաշկանդ ոճով: Թեև երբեմն խոսակցությունների առիթ է դառնում, բայց… բեմը զոհեր է պահանջում: Լիլիթ Կարապետյանն անկեղծացավ իր գաղտնիքներով Orer.am-ի հետ զրույցում:

-Լիլիթ, Ձեր վերադարձը շոու-բիզնես, ինչպես և սպասելի էր, եղավ սկանդալային և աղմկոտ: Հատո՞ւկ էր արված:

-Այո, «աղմկոտ» լինելու մասին մտածել էինք: Երկար տարիների լռությունից հետո միանգամից վերադարձա: Բնական էր, որ մեր լուրջ ու քրտնաջան աշխատանքը «լուռ» չէր ստացվելու: Բայց ասեմ, որ մինչև տեսահոլովակի նկարահանման ավարտը չէինք մտածել, որ նաև սկանդալային կլինի: Այնպես որ, մենք մեր սպասելիքները գերազանցեցինք:

-Համարձակ քայլ էր, կարող էիք և չընդունվել: Չէի՞ք վախենում:

-Ես համարձակ եմ եղել դեռևս «Արձագանք» ստուդիայում երգելու տարիներին, այնպես որ վախենալու ոչինչ չկար: Ոչ մի նորություն չէի անում: Ավելին, այն ժամանակներում, երբ ազատ լինելն ավելի դժվար էր, ես այդ կերպարում ընդունվել և սիրվել էի:

-Իսկ հին և նոր կոլեգաներն ինչպե՞ս ընդունեցին:

-Անձամբ ես միշտ սիրել, հարգել ու գնահատել եմ գործընկերներիս և նրանց աշխատանքները, երբևիցե որևէ մեկից դժգոհ չեմ եղել: Կարծում եմ, որ մեր վերաբերմունքը փոխադարձ է: Չէ՞ որ կյանքում ինչ ցանես, այն էլ կհնձես… Իհարկե, բացառություններ կան, ովքեր վատություն են անում ուրիշների միջոցով, բայց Աստված իրենց հետ:

10846643_747448705329816_1088206295_n

-Ինչպես քիչ առաջ ինքներդ նշեցիք, 90-ականներին ևս համարձակ կերպարներում էիք, տարրատեսակ խոսակցությունների առիթ էիք դառնում: Այդ խոսակցությունները երբեք Ձեզ չե՞ն անհանգստացրել կամ վնասել:

-Կստեմ, եթե ասեմ, որ չեն անհանգստացրել: Երիտասարդ աղջիկը չէր կարող չանհանգստանալ չարախոսություններից, որոնք էությանս հետ կապ չունեին: Երբ իմ երգերից կամ հագուստից են խոսում, նորմալ եմ համարում: Ամեն մարդ իր ճաշակն ու կարծիքն ունի: Բայց անձը վիրավորող խոսակցությունները չեն կարող չնեղացնել և հետք չթողնել:

-Լիլիթ, շա՞տ է տարբերվում այսօրվա շոու-բիզնեսը 90-ականներից:

-Իհարկե այո, և՛ լավ, և՛ վատ առումով: Նախկինում այսքան շատ երգիչ-երգչուհիներ չկային, որակն էլ չէր տուժում: Իսկ այսօր դաշտը լցված է: Մի բան, որը շատ-շատ է լինում, ինքնըստինքյան որակազրկվում է: Ցավում եմ, որ երաժշտական բոլոր ոճերը խառնվել են իրար, մաքուր երաժշտություն չի մատուցվում: Դրանից փոխվում է նաև ժողովրդի ճաշակը: Պահանջարկ է ունենում այն, ինչը սիստեմատիկաբար առաջարկվել է: Նախկինում, երբ մի երգ էիր պատրաստում, մինչև եթեր թողնելը տարբեր մարդիկ լսում էին, նայում: Նրանք մասնագետներ էին, որոնց հավանությունից հետո միայն կարող էիր աշխատանքդ ներկայացնել ժողովրդին…

-Վերադարձի որոշումն ինչպե՞ս կայացրեցիք:

-Այդ որոշումն իմ մեջ հասունացրեց հանդիսատեսը՝ համերգների ժամանակ բարձր ծափահարություններով, կարոտով, համացանցում գրած մեկնաբանություններով… Ինչպե՞ս կարող էի այդ ամենը տեսնելով՝ ինձ «թափ չտալ» ու նոր շնչով չվերսկսել: Ես պարտավոր էի, քանի որ հանուն իմ երգի և երկրպագուների՝ շատ զոհաբերություններ եմ արել:

10457766_1518724411742209_6618288685499795322_n

-Այժմ ծանրաբեռնվածությունը մեծ չէ՞:

-Գիտեք, լիովին տարվել եմ իմ աշխատանքով: Օրս անչափ հագեցած է: Մինչև երեկո ձայնագրությունների, նկարահանումների եմ լինում, որդուս հետ եմ անցկացնում, իսկ երեկոյան աշխատանքի եմ գնում՝ երգում եմ ակումբում:

-Դուք միշտ տեսանելի արտաքին եք ունեցել, հմայիչ կին եք: Ինչո՞ւ անձնական կյանքը չի դասավորվել:

-Երգը միշտ իմ անձնական կյանքի համար խոչընդոտ է հանդիսացել: Ընտրության առջև կանգնելիս միշտ ընտրել եմ երգը, ինչի համար երբեք չեմ զղջացել: Մեկ բան գիտեմ՝ այն, ինչ լինելու է, կլինի: Նշանակում է, որ դա է իմ ճակատագիրը:

-Չե՞ք մտածում ընտանիք ստեղծելու, Ձեր կեսին գտնելու մասին: Ընդհանրապես, ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:

-Իհարկե մտածում եմ ընտանիք կազմելու մասին: Ինձ համար էական չէ, թե նա ինչ ասպարեզից կլինի: Կարևորը՝ լինի խելացի, համեստ, կնոջը հարգող, գնահատող, կնոջ հետ «հաշվի նստող», գեղեցկատես և ուժեղ տղամարդ: Այ սա է տղամարդու իմ իդեալը:

1907844_1482090015405649_2428190274028187901_n

-Երբևէ իրապես սիրե՞լ եք:

-Այո, սիրել եմ, բայց ափսոս, չեմ հասցրել այդ մասին իրեն ասել…

-Ինչո՞վ են միմյանց նման իրական և բեմական Լիլիթները:

-Անկեղծությամբ, պատասխանատվությամբ և նվիրվածությամբ… Ես և՛ կյանքում, և՛ բեմում այդպիսին եմ:

-Ժամանակին ասում էին, որ երգչուհինեըը ճանապարհ հարթում էին «այլ» եղանակներով: Այլապես անհնար էր կայանալ: Ինչի՞ց էր ձևավորվել այդ կարծիքը:

-Այո՛, եղել է և կա նման կարծիք: Բայց դա թյուր է այնքանով, որ ոչ բոլորին է վերաբերում: Չի կարելի մի քանիսի օրինակով համընդհանուր որակավորում տալ:

10484951_1499263873688263_6727104742199855185_n

-Քանի՞ տարեկան է Ձեր տղան: Ի՞նչ հետաքրքրություններ ունի:

-Կարենս արդեն 5 տարեկան է: Հետաքրքրությունները շատ տարբեր են, բայց այն, որ երաժշտության նկատմամբ մեծ սեր ունի և ինքն էլ շատ երաժշտական է, վստահ կարող եմ ասել:

-2015 թվականին ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից:

-Տարին կգա, բարին հետը…

Նիկա Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել