Երթի մեկնարկից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց հավաք-երթի մասնակիցների անունից ընդունված բանաձևը, որի 3-րդ կետում ասվում է հետևյալը. «Երկրում նորից ունենք քաղբանտարկյալներ: Քաղաքական շարժառիթներով ակնհայտ անհամաչափ պատիժ է սահմանվել 2013-ի նոյեմբերի 5-ի միջադեպի մասնակիցների նկատմամբ, ինչը, համաձայն ԵԽԽՎ 1900 բանաձևի, լիովին համապատասխանում է քաղաքական բանտարկյալ սահմանման չափանիշներին: Հետևաբար պետք է անհապաղ ազատ արձակվեն Շանթ Հարությունյանը, Վահե Մկրտչյանը, Ալբերտ Մարգարյանը, Սևակ Մնացականյանը, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Գարիկ Հարությունյանը, Արեգ Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Արմեն Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը»:
Հիշեցնեմ, որ բոլոր որոշումներն ու հայտարարությունները, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, կայացնում է եռյակը, ոչ մի մասնակիցների մասին խոսք գնալ չի կարող:
Իսկ ահա Երթի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանը հայտարարում է հետևյալը, որ իրենք կապվել են Շանթ Հարությունյանի փաստաբանի հետ, որպեսզի վերջինս իրենց տրամադրի փաստական տվյալներ, որի ուսումնասիրությունից ու ԵԽԽՎ 1900 բանաձևի մեջ նշված 5 կետերի հետ համադրելուց հետո նոր կարող են հայտարարել քաղբանտարկյալ:
Ի՞նչ է նշանակում սա: Պաշտոնապես հայտարարել մի բանի մասին, որը դեռ ուսումնասիրված չէ: Սա մոլորություն է: Ավելի ճիշտ մանիպուլյացիա մոլորեցմամբ:
Իսկ եթե ուսումնասիրության արդյունքներով պարզվի, որ 1900 բանաձևի չափանիշներին չի համապատասխանում, ապա Լևոն Զուրաբյանը պատրա՞ստ է արդյոք հրապարակային ներողություն խնդրել, որ ինքը հրապարակավ մոլորեցրել է ու սխալ ձևակերպմամբ տեքստ է հրապարակել:
Շատ հետաքրքիր է, ովքե՞ր են կազմել բանաձևի տեքստը, արդյո՞ք այն համաձայնեցված է եռյակի ուժերի հետ: Իսկ եթե այո, ապա ինչու՞ է դեռ չուսումնասիրված երևույթն արդեն որպես պնդում հայտնվում բանաձևի կետերի մեջ:
Մյուս կողմից, հենց Եռյակի անդամ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ներկա լինելով երթին և այդ բանաձևի ընթերցման ժամանակ, ռեպլիկի կարգով հայտարարեց, որ պետք է ավելացվի նաև հոկտեմբերի 27-ի մասին կետ, որի մասին բանաձևում ասված չէ: Այսինքն` այդ բանաձևի շուրջ ևս կա տարաձայնություն:
Բանաձևի 4-րդ կետում ասվում է` «Ոստիկանությունը և իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են բռնությունները և ապօրինի այլ ճնշումներ՝ բողոքի ակցիաների և զանգվածային այլ միջոցառումների, ինչպես նաև դրանց իրազեկմանը մասնակից քաղաքացիական ակտիվիստների վրա՝ ոտնձգություններ կատարելով հավաքների ազատության իրավունքի նկատմամբ»:
Սա նույնպես մոլորություն է, քանզի այդ հավաքն ու երթն անց է կացվել իրազեկման, ինչպես նաև ոստիկանության կողմից անվտանգության ապահովման շրջանակներում:
Հ.Գ. Թույլ հնարքներով զանգվածներին երկար չես պահի շուրջդ: