Բերեք համաձայնվենք, որ Վլադիմիր Գասպարյանը ճիշտ է ասում, ու այս երկու օրվա տեղեկատվական աղմուկը զուրկ է թե՛ ռացիոնալիզմից, թե՛ առավել ևս կառուցողականությունից և առավելապես մտխլվում է լրագրողների ու տարբեր քաղաքական ուժերի կողմից, քան շահագրգիռ կողմից։
Ոստիկանապետը ճիշտ է, երբ ասում է, որ ինքը բան չի կարող անել ազատամարտիկների հետ ծեծկռտուք հրահրելու գործում, քանի դեռ չկա դիմում նրանց կողմից։ Ու ես էլ չեմ հասկանում նման գործելաոճի տրամաբանությունը, երբ թերթերին հարցազրույցներ տալիս են, հայտարարություններ անում են, բայց ոստիկանություն չեն դիմում։ Եթե համարում են, որ տղամարդավայել չէ էդ միջադեպը բարձրաձայնել, ապա ինչու՞ են մամուլի հետ քննարկում այդ միջադեպը։ Եթե մամուլի հետ քննարկելի է, ուրեմն նաև ոստիկանության դիմելու հարցում խնդիր պետք է չլինի։ Ի վերջո, ազատամարտի՞կ են, թե՞ գողական են գնում։
Ճիշտ ա ոստիկանապետը նաև իր քննադատությունում, երբ ասում է, որ վերջին շրջանում ազատամարտիկների մի քանի խմբավորում է ի հայտ եկել, որոնք շան լափ են իրար վրա թափում մամուլի միջոցով։ Դա, իրոք, ազատամարտիկներին հարիր չէ։ Ընդհանրապես, ես խիստ բացասաբար եմ վերաբերվում նրան, որ կռված տղերքը քաղաքականություն են խցկվում՝ հերիք չի, ինչ-որ կուսակցական կաշաների մեջ են ներքաշվում ու ցեխոտում միմյանց համբավն ու բարի անունը։ Քաղաքականությունն ընդհանրապես զինվորականի տեղը չէ, ու դա մենք լավ գիտենք մեր պատմությունից, թե ինչ դեստրուկտիվ ազդեցություն է ունեցել քաղաքականությունը մեր անվանի զինվորականների վրա ու քաղաքականություն մտած զինվորականները՝ քաղաքականության վրա... Անդրանիկ, Նժդեհ, Դրո...
Պետք չի, տղերք, դուք վերջին լուսավոր կետերից եք այս պետության, մի ապականեք ու մի ապականվեք էս ցեխով, որ քաղաքականություն ա կոչվում։