Փորձագետների մի խումբ հայտարարել է, թե իրենց հաջողվել է ապացուցել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավի երկրորդ օրինակի գոյությունը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով բրիտանական «Դեյլի Մեյլ» թերթին:
«Մոնա Լիզայի հիմնադրամ»-ը կտավի իսկության վերաբերյալ իր ապացույցները նախատեսում է հրապարակել սեպտեմբերի 27-ին: Ըստ բրիտանական պարբերականի՝ դարի բացահայտման մասին հայտարարող խմբի մասնակիցներից մեկը ռուս հայտնի շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովն է: Հենց ինքը կներկայացնի կտավը հանրությանը Ժնևում:

Խմբում ընդգրկված են նաև Վինչի բնակավայրում գտնվող Լեոնարդոյի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեցոզին, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին կից Արմանդա Համերի անվան Լեոնարդո դա Վինչիի արվեստի հետազոտության կենտրոնի պատմաբան Կառլո Պեդրետին:
«Մոնա Լիզայի հիմնադրամ»-ը պատրաստվում է ներկայացնել «պատմական, համեմատական և գիտական ապացույցներ» այն մասին, որ «Այզելուորտյան Մոնա Լիզա» անունով հայտնի կտավը պատկանում է Լեոնարդոյի վրձնին:
Ինչպես հայտնում է Վերածննդի դարաշրջանի արվեստագետ Ջորջիո Վազարին, Լեոնարդոն սկսել է նկարել խորհրդավոր ժպտացող երիտասարդ կնոջ դիմանկարը 1503 թ., թողել է այն անավարտ, և միայն 1519թ. վերջացրել կտավը:
Ըստ ստեղծագործության երկու հեղինակային օրինակների գոյության կոմնակիցների վարկածի՝ «Այզելուորտյան Մոնա Լիզա»-ն նկարի առաջին տարբերակն է, որն արվել է 1503թ., իսկ վարպետի գլուխգործոցը, որը գտնվում է փարիզյան Լուվրի հավաքածուում, երկրորդ տարբերակն է՝ նկարված 1519թ.: (mardik.am)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել