Newmag.am-ը գրում է․

Փարիզի սրճարանները նույնքան համբավավոր են, որքան Էյֆելյան աշտարակը կամ Ջոկոնդայի ժպիտը: Սրճարանների տեռասները` բացօթյա շարքերը, ողողում են մայթերը. կարմիրով ու սպիտակով ընդելուզված աթոռների բոհեմական խառնաշփոթի մեջ առանձնանում են փոքրիկ, կլոր, մարմարե սեղանները, որ կանգնած են կռած երկաթից ոտնակի վրա: Մարդիկ անընդհատ անցուդարձ են անում աթոռների արանքով, փողոցի խլացնող աղմուկը երբեք չի դադարում, մի սեղանի մոտ նստած է սիրահարների զույգ, իսկ կողքի սեղանին, համարյա դիպչելով նրանց, գործարարները լուրջ զրույցի են բռնվել: Սև համազգեստ հագած մատուցողը` սպիտակ սրբիչը նրբագեղորեն փռած թևին, ասես պարելով անցնում է աթոռների արանքով` սկուտեղը մի ձեռքով բարձր պահած, երբեմն գրեթե դիպչելով հաճախորդների գլխներին, բայց երբեք չսայթաքելով:

Դուք Փարիզում եք, կասկած չկա: Այս քաղաքում, որտեղ ապրելը երջանկություն է, իսկ սուրճ խմելը` արվեստ: Սրճարանում նստած` դուք երազում եք հանել մոլեսկինե կազմով նոթատետրը կամ ձեռքի համակարգիչը Սեն Ժերմեն դե Պրե թաղամասի որևէ սրճարանում, ինչպես Սիմոն դը Բովուարը «Պոն Ռուայալ»-ում, և նկարագրել այս վաղանցիկ վայրկյանը, այս մթնոլորտը, բայց բավարարվում եք` ասելով. «Գառսո’ն, մի բաժակ թունդ, սև սուրճ և մի գարեջուր, խնդրում եմ»:Միաժամանակ մատներով չրթացնում եք կամ էլ համեստորեն բարձրացնում ձեռքը` նրան կանչելու համար: Լարված մեխանիզմի նման, մատուցողը շարքերի արանքում պտույտներ է տալիս: Նա տրամադրություն չունի: Նա կլանված հետևում էր փողոցի անցուդարձին, իսկ դուք նրան խանգարեցիք: Ախր նա էլ, ձեզ նման, նայում էր գեղեցիկ աղջիկներին, որ շտապելով անցնում են, և որոնց կարճ շրջազգեստներն ի ցույց են դնում սլացիկ ոտքերի կորագծերը: Ամեն դեպքում պիտի մի քանի անգամ կանչեք մատուցողին, մինչև որ, ի վերջո, արժանի համարի նկատել ձեզ:

cafe2

Փարիզեցի մատուցողը մարդու հատուկ տեսակ է: Հերիք է հագնի իր սև համազգեստը, միանգամից դառնում է իր թշնամությունը պարտադրված ժպիտի տակ թաքցնող մի էակ: Նա շունչ քաշելու ժամանակ չունի և ցույց է տալիս դա, հատկապես, երբ չափից երկար եք քիթը մտցրած պահում ճաշացանկում և նրա տիրական կեցվածքից շփոթված` դժվարանում եք որևէ բան ընտրել: Նա միայն ֆրանսերեն է խոսում, իսկ երբ նրան ստիպում եք վերհիշել իր իմացած անգլերեն արտահայտությունները, այնպիսի ներողամիտ տեսքով է նայում ձեզ, ասես իրեն հանդիպած առաջին արտասահմանցին լինեք: «Արագ», և նա ձեզ խնդրում է խմել կամ ուտել ձեր պահանջածը, իսկ մանրադրամները զրնգում են փոքրիկ պայուսակում, որ կապել է գոտկատեղին: Նրա թեյավճարը ներառված է այն թանկ սուրճի գնի մեջ, որը հենց նոր խմել եք, բայց ձեզ խորհուրդ կտանք լրացուցիչ մի քանի սենթ էլ թողնել սեղանին: Չեք էլ հասցնում վեր կենալ, երբ նա արդեն գործի է դնում թաց ջնջոցը` արագ շարժումներով մաքրելու սեղանը, վերացնելու ձեր ներկայության բոլոր հետքերը, ասես, գոյություն չեք էլ ունեցել: Հետո ագռավի նման կգնա կանգնելու մուտքի մոտ ու մի քիչ վերացած հայացքով կհետևի հաճախորդներին: Այսուամենայնիվ, սրճարանից դուրս գալիս դուք ձեզ երջանիկ եք զգում, ավելի մտերմացած այս քաղաքին, նրա ոգուն:

Իսկ սրճարանի ներսում վաճառասեղանը կամ բարը վերապահված է ամենօրյա հաճախորդներին, որ գալիս են այստեղ «լեզու թրջելու», թերթ կարդալու` շարունակելով կանգնած մնալ վաճառասեղանի դիմաց, կտրուկ մի շարժումով դատարկելով մի բաժակ սպիտակ կամ էլ ոչ շատ թանկ կարմիր գինին: Ամեն դեպքում պակաս թանկ, քան եթե նույն բանը խմեին տեռասում` աթոռներին նստած, խորը բազկաթոռների մեջ խրված կամ թավիշով պատված աթոռակների վրա. դրանք նախատեսված են «բուրժուա» հաճախորդների կամ էլ ուրիշ քաղաքներից եկածների համար, որ օրվա ցանկացած ժամի գալիս են պանրով կամ խոզապուխտով բուտերբրոդ ուտելու: Դեռևս մի տարի առաջ վաճառասեղանի շուրջ` հատակին, ծխախոտի անթիվ-անհամար մնացուկներ կտեսնեիք, ասես ոտքի տակ ծղոտ փռած լինեին: Բայց հիմա նոր օրենքն արգելում է սրճարանի ներսում ծխել: Հատակը մաքուր է, ծխախոտի էլ ոչ մի մնացուկ չեք տեսնի գետնին: Ֆրանսիան հանկարծակի հայտնվել էր ապստամբության, քաղաքացիական պատերազմի շեմին: Ախր ինչպե՞ս խմես թունդ սուրճդ առանց մի ծխախոտ այրելու: Անհնար բան է, մարդու իրավունքների իսկական ոտնահարում: Հիմա ծխողները մեկուսանում են տեռասներում, ձմեռվա կեսին ցրտից դողալով` խմբվում են տաքացվող ամպհովանիների շուրջ, ասես չվող թռչուններ լինեն իրենց ծառին թառած, առաջին ցրտերն ընկնելու պահին:

cafe6

Ֆրանսիացիները սիրում են հասարակական միջոցառումներ, սիրում են ամեն առիթով, կարևոր, թե անկարևոր, դուրս գալ փողոց: Բողոքի երթերը սկսվում են հանրահայտ Բաստիլի հրապարակից. լայն բացված դրոշները փողոցն աշխուժացնում են իրենց կարմիրով կամ կապույտով, ջղայնության ալիքը ողողում է շրջակայքը, իսկ ցուցապաստառները լի են բառախաղերով: Աշխարհի ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ, ամենաբանաստեղծական քաղաքը Փարիզն է, բայց պիտի իմանաք, որ փարիզցին ի բնե բողոքող է, միշտ դժգոհ:

Փարիզում ամեն մեկն իր սիրած սրճարաններն ունի: Կան շատ հայտնիները, օրինակ` Ֆլորայի սրճարանը, որի երկրորդ հարկում կարելի է հանդիպել կինոաստղերի: Կան ավելի մտերմիկ սրճարաններ, օրինակ` Լը Ռոստանը (Սիրանոյի հեղինակի պատվին), Սեն-Ժերմեն ծառուղու մոտերքում, Լյուքսեմբուրգյան այգուց երկու քայլի վրա, որ հայտնի է մեծ ծաղկամանների մեջ աճող իր արմավենիներով, որոնց շնորհիվ ձեզ, ասես, Ֆրանսիայի հարավում եք զգում` Կաննի Կռուազետ պողոտայում, որ ձգվում է ծովափի երկայնքով: Կարող եք այնտեղ վայելել նարնջի հենց նոր քամած հյութ, իսկ ձմռանը տաքանալ բուխարու դիմաց, որտեղ կրակը ճտճտում է, ինչպես գյուղական վառարաններում: Սա գրողների ու գրականագետների սրճարանն է: Ժամանակակից գրողներից մեկը` Սերժ Դուբրովսկին, գեղարվեստական ինքնակենսագրության կամ ինքնապատումի ժանրը ստեղծողը, երբ Նյու Յորքում չէր, այստեղ էր սիրային ժամադրություններ նշանակում.

«Ահա, ես հրում եմ դուռը, ներս եմ մտնում: Տաք գոլորշին պարուրում է ինձ: Իրար խփվող բաժակների աղմուկ, զրույցի պատառիկներ. մարդաշատ սրահը դիմավորում է ինձ բարեհոգի աղմուկ-աղաղակով: Մարդիկ ներս են մտնում, դուրս են գալիս, մատուցողներն անցուդարձ են անում: Ես ազատ տեղ եմ փնտրում այս թոհուբոհում: Ո՛չ տեռասում, ո’չ ներսում ազատ տեղ չկա, սրճարանը լիքն է, անշարժ: Ես սկսում եմ հուսահատվել: Իսկ եթե նա արդեն եկել է ու նստա՞ծ է ինչ- որ տեղ»:

Սերժ Դուբրովսկի «Ապրելուց հետոն»

Դեպի Մոնպառնաս բարձրացող Ռեն փողոցի վրա է գտնվում «Կասետ» սրճարանը: Մարդիկ այստեղ կանգ են առնում «Առլեկին» կինոթատրոնում ֆիլմ նայելուց հետո, երբ թեթև քաղց են զգում կամ էլ քաղցրի պակաս: Այս սրճարանում մատուցվում են էկլերներ` սրճարանի ֆիրմային շոկոլադով: Հսկայական էկլերը լցոնված է վանիլային պաղպաղակով, որի վրա, ըստ ցանկության, կարելի է տաք շոկոլադ լցնել: Իմիջիայլոց, Փարիզում իսկական վայելքը Սեն-Սևրենում շոկոլադը ճաշակելն է: Սեն-Սևրենը Լատինական թաղամասում է (ուսանողական թաղամաս է): Այստեղ մատուցվող շոկոլադը լուծվող փոշի չէ, այլ մի փոքրիկ ամանում մատուցվող թանձր հեղուկ, որի վրա կաթ են ավելացնում: Իսկ 16-րդ ենթաշրջանում գտնվող «Լա Մյուետ» սրճարանում, որ Պասիի շքեղ թաղամասում է, գալիս են համտեսելու տաք շոկոլադով լցոնված կեքսեր, որ կոչվում են “fondant au chocolat”: Ինչպիսի՜ հաճույք: Լյուդովիկոս 14-րդի նման, ես էլ այս սրճարաններում ամենից շատ շոկոլադն եմ սիրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել