1in.am-ը գրում է․
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս աղջկանից հափշտակել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումար:
Արսեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատարանում Արսեն Սիմոնյանը ներկայացրեց իր անձը:
Նա Արմավիրի մարզի բնակիչ է, խոսում է՝ իր խոսքին փորձելով ինչ-որ երևութական ծանրակշռություն տալ: Ըստ երևույթին՝ այդպես է խոսել նաև «Օդնոկլասնիկի» կայքով և այլ եղանակներով ծանոթացած աղջիկների հետ, տպավորություն է գործել: Սակայն նախագահողի վրա ամբաստանյալի խոսքը նրա ցանկացած տպավորությունը չգործեց, և ի պատասխան նախագահողի դիտողության՝ ամբաստանյալն ասաց. «Իմ մոտ ամեն ինչ մի քիչ բարդ ա»:
Որոշ «բարդություն» կար՝ կարելի է համաձայնել:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե ամբաստանյալը նախկինում 6 անգամ է դատվել, իսկ ամբաստանյալը սկզբում ասաց՝ 2 անգամ. «Իմ հիշողության մեջ այդքանն է, նկատի ունեմ՝ դրսից՝ ներսը, բայց եղել է նաև ներսից՝ ներս, մի անգամ ՝ ներսից՝ ներս»: «Դրսից՝ ներսը» ամբաստանյալի լեզվով նշանակում է՝ ազատության մեջ հանցանք գործել ու կալանավայր ընկնել, իսկ «ներսից՝ ներսը» նշանակում է կալանավայրի ներսում հանցանք գործել ու կալանավայրում շարունակել պատիժ կրել:
Այս ամենը նկատի առնելով՝ ամբաստանյալն ասաց, թե նախկինում 3 անգամ է դատվել, ապա հնչեց 4 անգամ դատվելու տարբերակը:
Քանի որ մեղադրական եզրակացության մեջ նշված թիվը ևս գործում առկա տեղեկանքների հետ չէր «բռնում», նախագահողը գործով մեղադրանքը պաշտպանող երկու դատախազներին կոչ արեց այդ հանգամանքն ուսումնասիրել ու ճիշտ հետևություններ անել:
Մյուս «բարդությունն» այն էր, որ ամբաստանյալ Արսեն Սիմոնյանն իր առողջական վիճակը բնութագրեց որպես «ոչ այդքան առողջ», նա ասաց, թե երիկամների ու սրտի հետ կապված խնդիրներ ունի, բայց քրեական գործում պաշտոնապես ոչ մի փաստաթուղթ չկար՝ այդ հանգամանքը հաստատող:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը հայտնեց, թե հարցում կկատարի ՔԿՀ, որտեղ, ըստ ամբաստանյալի, նրա անձնական գործի մեջ պետք է որ համապատասխան բժշկական փաստաթղթեր լինեն:
Եվս մի «բարդություն» կար Արսենի կյանքում, ավելի շուտ՝ հետաքրքիր փաստ:
Նա 2011 թվականի հունվարին օրինական կարգով, զագսի գրանցումով ու վկայականով ամուսնացել է: Փաստի հետաքրքրությունն այն է, որ այդ ժամանակ ամբաստանյալը գտնվել է կալանավայրում: Նրա հետ օրինական ամուսնությամբ կյանքը կապած կինը հավատացել է Արսենի հմայքներին ու խոստումներին՝ ամուսնանալու աստիճան:
Արսենն ասաց, թե միջնակարգ կրթություն ունի, բայց նախագահողի հարցին նրա պատասխանից պարզ դարձավ, որ ավարտել է 9-րդ դասարանը: Այս հանգամանքը բոլորովին չի ազդել Արսենի ընդհանուր մակարդակի վրա, որովհետև այս գործով տուժողին Արսենը հավատացրել է, թե ավարտել է մի շարք համաշխարհային նշանակության ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ Հարվարդի համալսարանը:
Արսենը, ըստ տուժողի, տիրապետում է անգլերենին, նրա հետ խոսելիս աղջիկը չի կասկածել, որ գործ ունի շատ լավ կրթություն ստացած երիտասարդի հետ:
Վերջին դատավճռով Արսեն Սիմոնյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության համար ու վերջին հաշվով դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Այս պատժի մեջ ներառված էր նաև դրա նախորդ՝ ավազակային հարձակման համար նշանակված պատժի չկրած մասը:
Ուրեմն՝ վերջին՝ 2010 թվականին կայացված դատավճռով սահմանված պատիժը Արսեն Սիմոնյանը կրել է «Վանաձոր» ՔԿՀ-ում, հենց այնտեղից էլ ծանոթացել ու մոլորեցրել է գործով տուժող աղջկան՝ Սեդային:
Արսենը ներկայացել է որպես Ալեքսանդր Դովլաթբեկյան՝ Ռուսաստանում և Իսպանիայում ապրող ու ծաղկուն գործարարությամբ զբաղվող ինտելեկտուալ:
Նա «անկեղծորեն» հայտնել է, որ հայաստանյան կալանավայրում է գտնվում, սակայն հավատացրել է, թե դա սխալմունք է, իրեն հարկավոր է որակյալ փաստաբան, ում վճարելու և ազատություն դուրս գալու համար էլ Սեդայից մաս-մաս խնդրել ու ստացել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումարը:
«Պարոն Դովլաթբեկյանը» Սեդային խոստացել է ազատություն դուրս գալու հաջորդ օրն ևեթ ամբողջ գումարը… վերադարձնել:
Սեդան գումարները կալանավայրում՝ նեղության մեջ «թյուրիմացաբար» հայտնված «գործարարին» է ուղարկել հենց կալանավորի մատնանշած տաքսիստի միջոցով: Տաքսիստը սույն գործում վկայի կարգավիճակ ունի:
Արսենը, Սեդայից չթաքցնելով, որ կալանավայրում է, թաքցրել էր իր ամուսնացած լինելու հանգամանքը: Սեդան սիրահարվել էր «Ալեքսանդր Դովլաթբեկյանին», միաժամանակ մարդկայնորեն ցանկացել էր օգնել սխալմամբ կալանավայր ընկած խելացի, զարգացած մարդուն:
Սեդան միամիտ ու շատ դյուրահավատ աղջկա տպավորություն չի գործում: Նա ասաց, որ ինքը երկար է տանջվել, վերլուծել է իր հետ տեղի ունեցածը: Ինքը չէր պատկերացնի, որ իրեն նման բան կպատահի, որ այսպես կարող է խաբվել:
Բայց Սեդայի կարծիքով՝ Արսենը իր սիրտը գրավել է նաև հիպնոսի ու հոգեբանական ազդեցության տարբեր հնարքներ գործադրելով: Նրանք «սկայպով» երբեք չեն խոսել, աղջիկն Արսենի աչքերին չի նայել, խոսել են միայն հեռախոսով, շփվել են «Օդնոկլասնիկով», Սեդան ուսումնասիրել է «Ալեքսանդր Դովլաթբեկյանի» լուսանկարները, գրավվել է նրա աչքերի խորությամբ, նրա խոսքի հմայքով ու… սիրահարվել է այն աստիճանի, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հունվար ամիսը, կալանավայր է ուղարկել 6 միլիոն 700 հազար դրամ:
Սեդան այդքան գումար չուներ, ասում է, թե պարտքեր է արել ու մինչև հիմա դեռ մարում է պարտքերը, որովհետև պարտատերերի ի՞նչ գործն է, որ ինքը խարդախի զոհ է դարձել, ինքը պարտավոր է վճարել մարդկանց գումարները:
Այս ամենով հանդերձ, արդեն ոչ մի ռոմանտիկ զգացմունք չտածելով նախկին «Դովլաթբեկյանի»-ներկա Սիմոնյանի նկատմամբ, տուժող աղջիկը չառարկեց, որ գործը քննվի արագացված կարգով ու հայտարարեց, թե քաղհայցի պահանջ չի ներկայացնում: Նա Արսեն Սիմոնյանից որևէ բան հետ ստանալու ոչ մի հույս չունի:
Ընդ որում, հասկանալով, թե տուժողը գլխի է ընկել, որ խաբվել է, Արսենը կալանավայրից զանգել է նրան, ասել է իր իսկական անունը, սրտաճմլիկ պատմություն է պատմել իր կյանքի մասին՝ սկսելով նրանից, որ ինքը որբ է, խնդրել է չբողոքել, բայց գործին արդեն ընթացք էր տրված…
Ըստ տուժողի՝ ինքը խաբվել է, մոլորեցվել Արսենի կողմից, բայց ցանկանում է, որ ուրիշ աղջիկ չհայտնվի իր վիճակում, իր տառապանքը չկրի…
Քրեական գործում առկա է քննիչի որոշումը՝ Արսեն Սիմոնյանի անունով առկա գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, սակայն ո՛չ քննչական մարմինը, ո՛չ էլ մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը չէին պարզել՝ Սիմոնյանի անունով գույք գոյություն ունի՞, թե՞ ոչ: Մեղադրողը խոստացավ այդ հանգամանքը ևս ճշտել ու ներկայացնել իր մեղադրական ճառում:
Արսեն Սիմոնյանն իրեն մեղավոր ճանաչեց. «Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ ստել եմ»:
Նա միջնորդեց իր գործը քննել արագացված ընթացակարգով: Դատախազները փոխեցին իրենց դիրքորոշումը ու չառարկեցին:
Դատարանը գործը քննեց արագացված ընթացակարգով:
Բայց կողմերի վիճաբանությունների փուլին չհասած՝ պաշտպանի միջնորդությամբ նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը հարցում կատարի կալանավայր՝ Արսեն Սիմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ, ստանա տեղեկանքներ, եթե դրանք, իհարկե, կալանավորի անձնական գործում լինեն:
Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:



