Aysor.am-ը գրում է․

«Մեր տեղեկություններով սահմանին իրավիճակը լարվել է», հետո` պաշտոնական հաղորդագրություն ու...
«հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել», «զինվորն էսինչ գյուղից էր», «զոհված զինվորը պատրաստվում էր նշանվել», «զինվորի ուսուցիչն ասում է` խելոք, դաստիարակված տղա էր», «զինվորին տուն կբերեն վաղը», «մայրը զինվորից զանգ էր ստացել»:
«Զինվորը,
զինվորի,
զինվորին,
զինվորից
…զինվորո՛վ»

Անջատում եմ համակարգիչս: Դուրս եմ գալիս փողոց: Մարդիկ նույնն են: Քաղաքն էլ հետը: Ու երթուղայինում միացված ռադիոյի ուղիղ եթերից հաղորդավարը նորից հիշեցնում է Արցախում եղած սահմանային միջադեպն ու մարդիկ ռադիոյի ընդունիչին զուգահեռ նորից խոսում, խոսում ու խոսում են` գներից, ցրտից, երթուղայինից, սպասվող տոներից, խոսում են իրենց կյանքից ու այն ԱՊՐԵԼՈւ  դժվարություններից.

Իսկ ե՞ս.
Այսօր ես 24 տարեկան եմ դառնում:
Երեկ Արցախում զոհված զինվորը 19-ն էր:

***

Համակարգչիս էկրանի «կուրսորը», որի հայերեն անունն այդպես էլ չիմացա, թարթում է արդեն 15 րոպե: Թարթում է սրտիս հավասար`
Մե՛կ, երկու՛,
Մե՛կ, երկու՛...

...Զինվորի մահվան լուրը ծանր քայլերով անցնում է ամբողջ խրամատով: Մտնում ամեն ոլորան, շրխկացնում անվտանգության համար կախված պահածոների դատարկ ամաններին, սառը քմծիծաղով նայում  իրենից խեղճացած խրամատում մնացող մյուս տղերքին ու իջնում զորամաս:

Զինվորի մահվան լուրը մտնում է ուղիղ զորանոց, պտտվում տիրոջ դարակում թողած կիսատ ատամի մածուկի, վաքսի ու տնից ստացած կոնֆետներից վերջին երեք հատիկի շուրջ:  Լուրը հավաքում է տիրոջ իրերը:

Սառը հայացքով անցնում է ճաշարանի ամեն շարքով, վերջին անգամ նայում է ոսպով ապուրին, հրամանատարի սենյակից վերցնում է արձակման թերթիկն ու  հիմա կարող է գնալ.  զինվորի մահվան լուրը տիրոջ ծառայության 13-րդ ամսում լքում է զորամասը:

Լուրը պտտվում է քաղաքից քաղաք, մտնում գյուղեր, փոփոխվում, հայտնվում համացանցում, կարդում իր մասին գրած անհավանական մեկնաբանություններ, լուրն ամեն տեղ է, լուրը հայտնի է, լուրն ամբողջ երկիրն է քննարկում ու այդ ամբողջ երկրում լուրը համառորեն գնում է միայն մի դուռ թակելու: Մի հատիկը:

Մե՛կ, երկու՛,
Մե՛կ, երկու՛,
Լուրը ներս է սողում անգամ երբ իր առաջ դուռ չեն բացում: Սեղանին է գցում տիրոջ իրերն ու փռվում սենյակի կենտրոնում: Լուրը գիտի` հիմա այս տանը  տանտիրոջ պես մի բան է ինքը ու այստեղ է մնալու ընդմիշտ:

Առաջին օրերին իր մասին իմացողները շատ են գալիս: Լացում են, օգնում են, ցավում են, պատմում են, քննարկում են, շատերն էլ անիծում են իրեն:

Զինվորի մահվան լուրը թաքնվում է տան անկյունում ու վստահությամբ նայում գնացող-եկողներին: Լուրը սպասում է... Լուրը գիտի` ով էլ գա, ինչ էլ ասի, ինչքան էլ նստի ու խոսի, միևնույն է դուրս գալուց իրեն այդ տնից հետը չի տանելու...

***

Առաջ մտածում էի՝ զինվորի մահվան լուրը թակում է միանգամից բոլորի դռներն ու հաստատվում ամեն-ամեն տեղ: Հիմա երևի մեծացել եմ: Կամ գներն են բարձրացրել, կամ ցրտերն են ավելի սառը, կամ էլ` դե… տոներն են մոտենում:

Առաջ մտածում էի, որ սահմանին 19 տարեկան տղայի զոհվելուց հետո մի բան փոխվում է քաղաքում: Լավ` քաղաքում չէ, գոնե մի թաղամասում, մի փողոցում, մի հատիկ երթուղայինում...

Բայց վարորդի ռադիոյից բոլորի ականջների մեջ խցկվել փորձող լուրին այստեղ շան տեղ դնող չկա:
Առաջ ֆանատիկորեն մտածում էի, որ էդ անտեր լուրը մի չէ` մի ազգ տեր ունի:
Հիմա...լուրը երևի արդեն նստած է տիրոջ տան տաք անկյունում ու սպասում է հյուրերին:
Իսկ ես երթուղայինիս պատուհանից նայում եմ հրապարակում հավաքվող տոնածառին, զեղչերի մասին ահազանգող խանութների ցուցափեղկերին, մեր քաղաքում միշտ ինչ-որ տեղ վազող մարդկանց ու կողքիս նստած մոտ 19 տարեկան տղային, ով հեռախոսով անցնում է իր խաղի արդեն քսանքանիերորդ աշխարհը:

Առաջ... Առաջ-ը` հեչ. հիմա հասկանում եմ, որ երևի կարգն է սենց:

Հիմա կուլ եմ տալիս ջղայնությունս, անարդարության մասին գլխումս պտտվող հեքիաթներն ու փորձում ինձ համոզել, որ կարգն է սենց. պատերազմի մեջ ապրող երկրի կարգը:

Ու սա է գինը, որն ինչ-որ մեկը միշտ պիտի վճարի:

Վճարի մյուսների երթուղայինով աշխատանքից տուն գնալու, դրանում ցրտից, թանկացումներից ու տոներից խոսելու համար: Վճարի հրապարակում տոնածառ հավաքելու, մյուսների ինչ-որ տեղ միշտ շտապելու, վճարի պատերազմի մեջ գտնող երկրին  խաղաղության մի կտոր պոկելու համար:

***
Կուլ եմ տալիս սառը օդն ու հետն էլ արցունքներս:
Ես այսօր 24 տարեկան եմ դառնում: Երեկ զոհված զինվորը` ընդմիշտ 19:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել