ԿԲ նախագահը դրամի փոխարժեքի տատանման մասին. Այդ վիճակը չի կարող երկար տևելPanARMENIAN.Net-ը գրում է․

Վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումներով: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել:

ԱՄՆ տնտեսության աճի վերկանգնմանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դադարեցրել է քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ դոլարի իրացվելիություն էր ներերկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Վերջինս նպաստել է ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման, սպասումների ձևավորմանը և հոսքերը զարգացող երկրներից ուղղվել են դեպի ԱՄՆ, գրում է Panorama.am-ը:

«Արդյունքում` հիմնական զարգացող երկրները գրանցեցին տնտեսական աճի դանդաղում և արժույթների արժեզրկում»,- ասել է Ջավադյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա, ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ:

«Այս երկու գործոնը բերել են ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրմանը: Այս ամենն ավելացրել է ճնշումներն ԱՊՀ տարածաշրջանի երկրներում` արտահանման և դրամական փոխանցումների տեսքով դոլարի ներհոսքի կրճատման միջոցով»,- ընդգծել է ԿԲ նախագահը:

Արդյունքում, ըստ նրա, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Մասնավորապես, արտաքին ճնշումների ազդեցությունը նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծի, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:

«Կենտրոնական բանկն արդեն զգուշացրել է, որ նման գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր, որոնք ոչ մասնագետները չեն կարող ճշգրիտ գնահատել: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը բերում է նրան, որ արժութային շուկայում մեծանում է գնման և վաճառքի փոխարժեքի տարբերությանը` հանգեցնելով զգալի կորուստների: Հետևաբար, նման տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից և սպասել իրավիճակի կայունացմանը»,- ասել է Ջավադյանը:

ԿԲ նախագահը միաժամանակ նշել է, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում:

Արթուր Ջավադյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 8-ին ԿԲ-ի հայտարարությանը, համաձայն որի՝ մինչև ամսվա վերջ կենտրոնական դրամանուտը սակարկությունների միջոցով բանկերին արտարժույթ է վաճառելու, և առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև, պահանջարկի նվազման հետ, ծավալները կնվազեցվեն, գրում է Tert.am-ը:

«Մենք սա չենք դիտարկում որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է: ԿԲ-ն փոխարժեքի որևէ նպատակ չի հետապնդում իր այս գործողություններով: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2014-ի վերջին և 2015-ի վերջին այն կլինի նպատակային թիրախի շրջանակում: Մեր հաշվարկներով փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.2-ից՝ 2 տոկոս լրացուցիչ գնաճի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել