Newmag.am-ը գրում է․
դրախտը
Ինձ մտահոգում է ոչ միայն մեր երկրի վիճակը, ինձ մտահոգում է մեր աշխարհի վիճակը: Աշխարհի բնության վիճակը, էկոլոգիան տասնամյակների ընթացքում շատ են փոխվել, և չեմ հասկանում մի բան. եթե մարդիկ չկարողանան համախմբվել, պահպանել բնությունը, ի՞նչ է սպասվում այդ բնությանը, որն ինքնըստինքյան հրաշք է տիեզերքում: Հրաշք է, որովհետև ուրիշ հրաշք չգիտեմ: Մարդիկ ենթադրություններ են անում, խոսում են օտար մոլորակների մասին: Եղածը սա է` մեր մոլորակը, որը համարում եմ դրախտ և մտահոգված եմ այդ դրախտի համար ու հաճախ եմ այդ դրախտի մասին խոսում, հաճախ եմ մտածում, թե ինչպես է մարդն օգտվում այդ դրախտից: Հիմա շատ են խոսում, թե ի վերջո ինչ է կրոնը, դժոխքը, դրախտը: Ես դաստիարակությամբ և մտածողությամբ աթեիստ եմ ու միաժամանակ ոչ մի դեպքում չեմ ժխտում հոգևորը: Հոգևորի և կրոնի միջև մեծ տարբերություն կա: Ես հոգևորի կողմնակից եմ:
Արարատը
Ժամանակակից Երևանը ձևավորվում է: Լավատես եմ, հավատում եմ, որ պետք է լավ լինի: Հիմա ասում են` հիշո՞ւմ եք` ինչ էր Երևանը: Համաձայն չեմ, ամեն ինչ կար, լավը, վատը՝ սկսած էրեբունիից: Մեր Երևանի հրաշքը գիտե՞ք որն է: Այն, որ Երևանը նայում է Արարատին: Դա հրաշք է, որը մեծարել են մեծերը, Մարտիրոս Սարյանն օրինակ: Երևանի ֆոնը Արարատն է: Աշխարհում այդպիսի լեռ չկա: Ես մտահոգված եմ, որ երևի կգան ժամանակներ, երբ Արարատի ձյունը կհալչի, ու դա կլինի աղետ: Ես մտածում եմ, որ կան երկրներ, որոնք ինչ-որ ձևով գտել են եղանակներ, որ ապրելու ձևը լինի մարդկային, օրինակ` Շվեդիան, Նորվեգիան: Դա մի մեծ ընթացք է: Ցավոք, մենք շատ հեռու ենք, որ հասնենք նրանց, սարսափելի հեռու ենք:
դեմ եմ
Սովետի տապալվելը շատ բնական էր, այն պետք է տապալվեր: Ինչո՞ւ: Որովհետև հասարակությունը սկսեց պառակտվել այն աստիճան, որ ամեն ինչ տեղի էր ունենում կաշառքով: Ես համարում եմ, որ Սովետն ունեցել է ռեժիմ, որն ինչ-որ դրական բաներ ուներ, բայց շատ սոսկալի ողբերգություն էր: Ռեժիմը պետք է հանվեր, և մնար համակարգը: Ես սոցիալիզմի կողմնակից եմ, ես դեմ եմ կապիտալիզմին: Կապիտալիզմը մարդկության պատմության ընթացքում ամենադաժան սիստեմն է, որի սկզբունքը հստակ ձևավորված է. գրպանում դրամ ունես, մարդ ես, չունես, մարդ չես:
իմ դպրոցը
Ես սովորել եմ Կրուպսկայայի անվան դպրոցում, որն այն ժամանակ «ցուցադրական դպրոց» էր: Չտեսնված ուսուցիչներ կային: Այսօրվա դժվար պայմաններում էլ ունենք հրաշալի մանկավարժներ, որոնք կոչումով են մանկավարժ: Մանկավարժը բարձրագույն կոչումն է, ու աշակերտն ունի շատ սիրելի և պակաս սիրելի դասատուներ ու պաշտում է հաճախ այն դասատուին, որն ավելի խիստ է, բայց խելացի և արդար: Դպրոցը միշտ եղել է դարբնոց, որտեղ դաստիարակվել է մեր ժողովրդի վաղը: Այդ իմաստով մենք Սովետի ժամանակ ստեղծել ենք հրաշալի դպրոց, որը հետո կորցրինք, հիմա բարեբախտաբար վերականգնում ենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ