Life.panorama.am-ը գրում է․

Պատմությունը ցույց է տվել, որ հայտնի մարդկանց զավակները կամ տուժել են, կամ՝ շահել: Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, լինելով ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի դուստրը՝ ի սկզբանե փորձել է անձամբ հաղթահարել ճանապարհը. գիտեր, որ ոչինչ հեշտ չի տրվում:Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձանք ոչ միայն ստեղծագործական դժվարությունների, այլև ընտանեկան մթնոլորտի ու անտեղի զոհաբերությունների մասին:
-Հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Անընդհատ վազքի մեջ եմ, քանի որ աշխատում եմ երկու՝ Պատանի հանդիսատեսի և Հակոբ Պարոնյանի անվան թատրոններում: Այժմ Պարոնյան թատրոնում բեմադրում ենք «Էլի մեկ զոհ» պիեսը, որտեղ մարմնավորում եմ հերոսուհուն՝ Անանին:
-Մարիամ, տղամարդկանց դեպքում առավել հասկանալի է, թե ինչու ենք փորձում մի քանի տեղ «աշխատել»: Կանանց դեպքում դա ինչո՞վ է պայմանավորված: Արդյոք Ֆինանսական խնդիրներից ելնելով եք գերզբաղված:
-Իմ պարագայում, իհարկե, ֆինանսական խնդիրը չէ պատճառը: Ասեմ, որ Պարոնյան թատրոնում ընդամենը երկրորդ դերն է, որ պետք է մարմնավորեմ: Առաջին անգամ հրավեր ստացել եմ 2007 թվականին, Շեքսպիրի «12-րդ գիշերը» պիեսում մարմնավորում էի Վիոլային: Մինչ այսօր այնտեղ միայն այդ ներկայացման մեջ էի զբաղված: Բոլորովին վերջերս երկրորդ դերը ստանձնեցի: Այնպես որ իմ հիմնական զբաղվածությունը Պատանի հանդիսատեսի թատրոնում է:

-Տարածված տեսակետ է, երբ հայտնի ծնողների զավակ ես լինում՝ հաջողություններդ պայմանավորում են նրանցով: Հակոբ Ղազանչյանի դուստրը այդ «դժվարությունների», խոսակցությունների միջով անցե՞լ է:
-Նորմալ երևույթ է, որ հայտնի մարդկանց երեխաներն, անկախ իրենց կամքից, շուտ են աչքի ընկնում: Բնական է, երբ սկզբնական շրջանում մեր հաջողությունները կապում են ծնողների հայտնիության հետ: Ինձ հետ էլ սկզբում նման բան եղել է, բայց դա ինձ երբեք չի խանգարել: Թող մեծամտություն չհամարվի, բայց ես միշտ վստահ եմ եղել ուժերիս վրա: Համոզված եմ, եթե այս մասնագիտությունը ինձ «չսիրեր», ով էլ ինձ մոտ լիներ, ինչ ազգանուն էլ ունենայի, ինձ չէր փրկի: Գալիս է մի տարիք, երբ այդ խոսակցությունները պասիվանում են: Կարծում եմ, ես կարողացա շատ բան ապացուցել ինքնուրույն, բոլորովին կախվածություն չունեմ իմ ազգանունից: Ինչ-որ չափով ինքնահաստատված եմ և կայացած: Իսկ խոսակցություններից խուսափել չես կարող: Ինքս դրան սովորական եմ վերաբերում, մեծամասամբ անտեսում եմ:
-Դերասանուհի Մարիամ Ղազանչյանի և ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի գործնական հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Նա ինձ տեսնում է որպես դերասանուհի, ես իրեն՝ ռեժիսոր: Հակառակ դեպքում՝ մեր աշխատանքը չի ստացվի: Հայրս, լինելով պահանջկոտ գեղարվեստական ղեկավար, այդ խստությունն առաջինն ինձ վրա է կիրառում: Դա ճիշտ է, այդպես էլ պետք է լինի: Այ, իսկ տանը շատ մեղմ ու հոգատար հայր է (ժպտում է):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



