Եթե Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ խորանաք առնվազն վերջին մի քանի հարյուր տարվա կտրվածքով, ապա կարող ենք պարզ տեսնել, որ մեծ հաշվով առանձնապես շատ բան չի փոխվել: Որպեսզի հասկանալ հիմնական խնդիրը, պետք չէ վախենալ իրավիճակը հնարավորինս պարզեցնելուց:
Հարավային Կովկասը երեք հարևան խոշոր երկրների շահերի բախման և շահերի հավասարակշռության տարածքն է. Թուրքիա, Իրան և Ռուսաստան, որտեղ կարող են կենսական շահեր ունենալ նաև այլ մեծ երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը, ԱՄՆ և այլն: Երեքի համար էլ այս ռեգիոնը խիստ կենսական է իրենց ազգային անվտանգության առումով ու բացարձակապես կապ չունի, թե ինչ ռեժիմներ են այդ երկրներում` կրոնապետական, աշխարհիկ, դեմոկրատական, թե տոտալիտար: Դրանից աշխարհաքաղաքական դիրքավորումները չեն փոփոխվում: Օրինակ` դեռևս շահ Աբասն էր նամակ գրել ռուսական ցարին, որ եթե կարողանա օսմանցիների ձեռքից գրավել Բաքուն և Դերբենտը, ապա կհամաձայնվի այդ քաղաքները զիջել իրեն: Իհարկե, հետո ինքը գրավեց այդ քաղաքները և փորձեց խորանալ արդեն ռուսների տիրապետության տակ եղած տարածքները: Կարևորն այն է, որ պարսիկների համար օսմանցիներից ավելի նախընտրելի են եղել ռուսները: Հիմա մեծ հաշվով նույնպես շատ բան չի փոխվել, ինչն ունի իր կոնկրետ պատճառները: 
Ռուս-թուրքական պատերզմների ժամանակ Հյուսիսային Կովկասը և Միջին Ասիան եղել են տարածքներ, որտեղ տեղական ցեղերի հետ ակտիվ և շատ ժամանակ բավականին հաջող աշխատել են օսմանցիները: Դա կարող եք տեսնել կովկասյան պատերազմների ընթացքին ծանոթանալով և հետևանքներն ուսումնասիրելիս: Եթե ռուսները կորցնեն Հյուսիսային Կովկասը, ապա այդ գործընթացը կտարածվի մինչև Թաթարստան ու Յակուտիա: Պարզ է, որ Ռուսաստանի ամբողջականության պահպանման ամենակարևոր պատվարը Հարավային Կովկասն է: 1828 թվականից սկսած՝ ռուսները ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսում էին մահմեդականներին ու բնակեցնում էին հայերով` Թուրքիայի, ներկայիս Ադրբեջանի միջև քրիստոնեական բուֆեր ստեղծելու համար: Սակայն պետք է հասկանալ ռուսների քաղաքականությունը: Հայաստանը պետք է այնքան ուժեղ լինի, որ կատարի բուֆերի դերը, սակայն չլինի այնքան ուժեղ, որ ինքնուրույն քաղաքականություն վարի: Օրինակ 1994-ից հետո Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, այնքան էր ուժեղացել, որ փորձում էր ինքնուրույն քաղաքականություն վարի, ինչն ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ով, կամ եվրոասոցացման քաղաքականություն վարելու պատճառով Ադրբեջանն այնքան զենք ստացավ, որ Հայաստանը ստիպված եղավ եվրասիականացվել: Ռուսաստանը վարում է բալանսի պահպանման քաղաքականություն: Եվ ոչ միայն Ռուսաստանն է այդպես վարվում: Սակայն հիմա Ադրբեջանն է ուժեղացել, և կա բալանսի խախտման վտանգ: Դա այլ քննարկման թեմա է:
Հետաքրքիր է Իրանի վերջին 100-150 տարվա պատմության մի քանի կարևոր դրվագները: 19-րդ դարի մեծ ժամանակահատվածում ընթանում էր ռուսների ու անգլիացիների մրցակցությունն Իրանի համար: Ռուսների խնդիրն էր Իրանի և Աֆղանստանի վրայով մոտենալ Հնդկական Օվկիանոսին կամ էլ թույլ չտալ, որ անգլիացիները Հնդկաստանից թափանցեն Միջին Ասիա: Հակառակ խնդիրն ունեին անգլիացիները: Սակայն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանում գտնվող ռուսական և անգլիական զորքերը պաշտպանում էին Պարսկաստանի ամբողջականությունն օսմանցիներից ու գերմանացիներից: Խնդիրը նույն էր. այս անգամ արդեն Գերմանիային և Թուրքիային չթողնել մոտենալ Միջին Ասիային և Հնդկաստանին: Հիշենք դեպի Բաղդադ գնացող երթուղային կայարանի գերմանական նախագիծը, որը անգլո-գերմանական հարաբերությունների սրման պատճառներից էր, և հիշենք, որ 1915թ. Ցեղասպանության հետ պատճառների հետ ուղղակի կապ ուներ այդ նախագիծը:
Եթե չլինեին ռուս-անգլիական ջանքերը, ապա Իրանն այսօր կարող էր և չլինել կամ լինել մի երկու անգամ փոքր` առանց Կասպից Ծովի ապամերձ հատվածի: Անգլիացիներին Իրանը պետք էր որպես բուֆեր Հնդկաստանի և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Ռուսներին Իրանը պետք էր որպես բուֆեր Թուրքիայի ու Միջին Ասիայի միջև, նաև Թուրքիայի ու Հարավային Ադրբեջանի միջև:
19-րդ դարի վերջին Պարսկաստանն այնքան էր թուլացել, որ անգամ չուներ կանոնավոր բանակ, ինչի արդյունքում շահի խնդրանքով ստեղծվեց Պարսկաստանի Շահի կազական կորպուսը` ռուս սպաների ղեկավարությամբ, որ հիմք հանդիսացավ Պարսկական ապագա կանոնավոր բանակի, և կորպուսի դերն այնքան մեծ էր, որն նրա սպաներից մեկը` Ռեզա խանը, դարձավ Իրանի շահը և պեհլևիների դինաստիայի հիմնադիրը:
Սա ուղղակի այն պարզագույն և նախնական տեղեկատվությունն է, որը անհրաժեշտ է այսօրվա իրավիճակը հասկանալու համար: Բնականաբար, իրականում «խաղն» ավելի բարդ է: Իսկ «իսլամական խալիֆաթի» շարժումն ընդամենը սրում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել