Armlur.am–ը գրում է.
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, այն կարծիքին է, որ ինչպես, օրինակ, հեռուստատեսության ոլորտում, արեւմտյան թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով: -Դոստոեւսկու հերոսուհիներից Նաստասիա Ֆիլիպովնայի դերը Վարդուհի Վարդերեսյանից, Մետաքսյա Սիմոնյանից հետո հայ բեմում խաղալը պարտավորեցնող չէ՞ր: -Հատկապես Մետաքսյա Սիմոնյանի դերակատարումը շատերի մտքում է մնացել, բեմադրիչ Վահե Շահվերդյանն էլ չի մոռանում այն, ինչ ստացել էր մեծ դերասանուհին: Բայց մենք նորովի լուծում տվեցինք իմ կերպարին, ես բեմ բերեցի իմ պատկերացրած Նաստասիա Ֆիլիպովնային: 
-Դուք համարձակություն գտաք անգամ հանդես գալու որպես երգչուհի: Որպես արտիստուհի՝ դերասանական արվեստում ներկայանալը քի՞չ էր թվում: -Այո՛, ինձ տրվել է այնպիսի հնարավորություն, որի նմանը շատ երգիչներ կփնտրեն ու չեն գտնի: Առաջիկայում կունենամ ակումբային կենդանի համերգներ, հիմնականում հանդես եմ գալու բլյուզ ոճում: -Հայկական թատրոնն այսօրվա խնդիրներին կարողանո՞ւմ է անդրադառնալ առհասարակ, ըստ Ձեզ՝ նորովի ներկայանալու խնդիր ունի՞: -Ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում. խոսքը արեւմտյան թատրոնի մասին է: Դրան առնչվող ընդհանուր քարոզ կա աշխարհում, որն աստիճանաբար ավելի ակնհայտ է դառնում: Երբեմն մտածում եմ, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով: Եթե մենք կանգուն լինենք, քրիստոնյայի մեր կերպը պահենք, գուցե հաջողվի արեւմուտքից եկող այդ քամուն ընդդիմանալ: 
-Սովորել եք Փարիզի ազգային բարձրագույն թատերական կոնսերվատորիայում. ֆրանսիացի դերասանները մերոնց պես շո՞ւտ են վարակվում «աստղային հիվանդությամբ»: -Այնտեղ դերասանները զարմանալիորեն աշխատասեր են՝ այդքան շնորհալի լինելուն զուգահեռ: Իսկ մեր դերասանը, չգիտես ինչի հաշվին, շատ շուտ համոզվում է, որ ինքն իր կարիերայի պիկին է. դա շատ ծիծաղելի է, նույն ֆրանսիացուն դա երբեք չես համոզի: -Ձեր անունը կապվում է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ. նա Ձեզ հովանավորո՞ւմ է, ինչ-որ բանում օգնո՞ւմ է: -Կետիկյան ամուսիններն ինձ շատ հարցերում օգնել են, կարելի է ասել, հոգեւոր ծնողների դեր են տարել: Ուրախ եմ, որ դասական կինոյի ներկայացուցիչ հայրենակից ունեմ, կարելի է ասել, այո, Կետիկյան ամուսիններն ինձ համար հովանավորի պես մի բան են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



