Ճանապարհաշինությունը՝ համապետական նշանակության կարևորագույն ոլորտներից է, որն ունի ահռելի դերակատարում՝ երկրի համաչափ զարգացման, տնտեսական կյանքի աշխուժացման և ռազմաքաղաքական անվտանգության մակարդակի բարձրացման համար:Այդ իսկ պատճառով, Արցախի ճանապարհային ցանցի զարգացման հայեցակարգի մշակման շրջանակներում հարկ է լրջորեն ու համակողմանիորեն քննել վերջինիս տարածքային բոլոր բաղադրիչները:

Խոսելով Արցախի ճանապարհային ցանցի համապարփակ զարգացման հայեցակարգի մասին՝ այն պայմանականորեն կարելի է նկարագրել որպես երեք «հորիզոնական» և «երեք ուղղաձիգ» մայրուղիների համակարգ: Հիշյալ վեց մայրուղիներից այսօր լիարժեքորեն գործում են միայն երկուսը՝ Գորիս-Ստեփանակերտ-Ակնը և Դրմբոն-Ստեփանակերտ-Հադրութը: Առաջին մայրուղին առավել հայտնի է «Գորիս-Ստեփանակերտ», իսկ մյուսը՝ «Հյուսիս-հարավ» անուններով: Այս երկու մայրուղիները վերակառուցվել և ասֆալտապատվել են Համահայկական հիմնադրամի բազմամյա հանգանակությունների շնորհիվ: Քարտեզագրորեն դրանցից առաջինը «հորիզոնական» է՝ Գորիսից ձգվելով մինչև Ստեփանակերտ և Ակն, իսկ մյուսն՝ «ուղղաձիգ»՝ ձգվելով Դրմբոնից մինչև Հադրութ:

Երկրորդ՝ Վարդենիս-Քարվաճառ-Դրմբոն-Մարտակերտ «հորիզոնական» մայրուղու շինարարության ընթացքը կարելի է սկզբնավորված համարել Սոթքի լեռնանցքով անցնող ճանապարհահատվածի հիմնավոր բարեկարգման աշխատանքների ծավալմամբ: Երկրորդ «ուղղաձիգ»՝ Մարտակերտ-Ակն-Մարտունի-Իջևանատուն-Հորադիզ մայրուղու հյուսիսային Մարտակերտ-Ակն հատվածը նախորդ տարիներին Արցախի իշխանության ջանքերով նույնպես զգալիորեն բարելավվել է. պատերազմից հետո առաջին անգամ կատարվել են վնասված հատվածների ասֆալտապատման և այլ կարևոր հարակից աշխատանքներ: Իսկ երրորդ «հորիզոնական» ճանապարհը՝ Մեղրի- Միջնավան-Հորադիզն է, որը ձգվում է Արաքսի հոսանքն ի վայր:

Սակայն գոյություն ունի հյուսիսից-հարավ ձգվող ևս մի շատ կարևոր ճանապարհ, որը, Քարվաճառի շրջանից անցնելով Քաշաթաղ, հասնում է մինչև Արաքս: Այս երրորդ ապագա «ուղղաձիգ» մայրուղու մեծ մասն այսօր էլ գործում է: Վերջինիս ամենահայտնի հատվածը՝ Դուտխու (Թութխուն) գետի գեղատեսիլ ձորով դեպի Զուար գյուղի հարևանությամբ գտնվող «Փոքր Ջերմաջուր» հանքային ջերմուկը (գեյզեր) տանող ճանապարհն է: Վերջին տարիների ընթացքում «Փոքր Ջերմաջուրը» ձեռք է բերել մեծ հռչակ թե՛ մեր հայրենակիցների, և թե՛ արտերկրից Արցախ ժամանող հյուրերի մոտ: Ճանապարհի այս հատվածը, որը դեռևս 8-9 տարի առաջ Դուտխուի հեղեղումներից և սողանքներից հաճախ շաբաթներով էր փակվում, այսօր մշտապես  անցանելի է: Սույն հատվածի հետագա բարեկարգումների ծրագիրը պետք է հարկավ ներառի նաև խաչմերուկի հարևանությամբ գտնվող հայտնի «թունելի» հենապատերի ամրապնդման աշխատանքները:

Քարվաճառ-Բերձոր-Միջնավան ապագա մայրուղու երկրորդ՝ Զուար-Հայթաղ հատվածը ներկայումս ամենխնդրահարույցն է: Խորհրդային շրջանում և, հատկապես, ազատագրումից առաջ այս հատվածը շատ բանուկ էր. Բերձորի ազատագրումից հետո՝ 1992 թ. մայիսից մինչև 1993 թ. ապրիլն այդ ճանապարհով Ադրբեջանն իրականացնում էր Քաշաթաղի հյուսիսային գյուղերում տեղակայված իր զորամիավորման մատակարարումները:

1997-1999 թթ. Զուար-Հայթաղ հատվածը որոշակի խնամքի տակ էր, քանի որ նշված ժամանակահատվածում Դուտխուի ձորահովտի Թութխուն, Զուար և Զարկունի բնակավայրերը գտնվում էին Քաշաթաղի վարչակազմի իրավասության ներքո: 2000 թ.՝ Քարվաճառի շրջանի տարածքը Շահումյանի շրջվարչակազմին հանձնելուց հետո Քաշաթաղի հետ եղած նախկին վարչական կապերը խզվել են, իսկ 2001 թ. Թութխուն և Զարկունի բնակավայրերի ամայացումից և նրանց բնակիչներին Զուար փոխադրելուց հետո տարիներ շարունակ հիշյալ ճանապարհահատվածն իսպառ անտեսվել է և մի շարք հեղեղումների հետևանքով դադարել է անցանելի լինելուց: Այնուհետև, 2004-2006 թթ. Քաշաթաղի հյուսիսային թևի բնակչության կտրուկ նվազման պատճառով ամբողջովին խզվել են վերաբնակեցման առաջին շրջանում աշխուժացման միտում արձանագրած առևտրատնտեսական հարաբերությունները Հյուսիսային Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակավայրերի միջև:

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել