Brent տեսակի նավթի գինը 2015 թ. երկրորդ եռամսյակին կարող է նվազել մինչև մեկ բարելի համար 43 դոլարը, ասվում է Morgan Stanley ամերիկյան բանկի նավթի շուկայի զեկույցում:
Նման գին հաստատվում է հոռետեսական՝ «արջի» սցենարի իրականացման դեպքում: Վարկային կազմակերպության վերլուծաբանների կարծիքով՝ շուկային ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ավելցուկ առաջարկը հավասարվի պահանջարկին: Հոռետեսական սցենարը հնարավոր է այն դեպքում, եթե շուկայի պատասխանը նավթի վերարտադրության վերաբերյալ դանդաղի, իսկ պահանջարկը նվազի:
Նավթի միջին տարեկան գինը «արջի» սցենարի իրականացման դեպքում 2015 թ. մեկ բարելի համար 53 դոլար կկազմի, հաջորդ տարիներին այն կաճի, մինչև որ 2018 թ. կհասնի 80 դոլարի: Բազային սցենարը, որի դեպքում 2015 թ. մեկ բարելի գինը 70 դոլար կկազմի (երկրորդ եռամսյակում մինչև 57 դոլար անկմամբ), 2017 թ. մինչև 100 դոլար թանկացում և 2018 թ. մինչև 92 դոլար անկում է նախատեսում: «Ցլի» սցենարը 2015-2018 թթ. մեկ բարելի համար 89-120 դոլար աճ է նախատեսում:
Եթե նավթի գինը «դիմակայման սահմանից»՝ Brent-ի մեկ բարելի համար 63.7 դոլարից էժանանա, ապա հետագայում ռեսուրսի գնի անկման պատճառ կդառնա, իրենց զեկույցում նշում են բրիտանական Barclays բանկի մասնագետները. Այս մասին գրում է TASS-ը: Կանխատեսման հեղինակները կարծում են, որ հաջորդ տարի Brent-ի մեկ բարելը 73 դոլար կարժենա: Մինչդեռ շվեյցարական UBS բանկում կարծում են, որ 2015 թ. նավթը 70 դոլար կարժենա:
Դեկտեմբերի 8-ին Լոնդոնի բորսայում Brentի գինը նվազել է 1.6 դոլարով: Հյուսիսամերիկյան տեսակի նավթը կեսօրին 67.4 դոլար է արժեցել:
1in.am