Ինչպես բեղմնականխման մյուս միջոցները, պահպանակները ևս չեն կարող 100% արդյունք ապահովել՝ պաշտպանելով հղիանալուց: Լիովին վստահ լինելու համար անհրաժեշտ է հրաժարվել սեռական կյանքից: Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու վստահելի միջոցներից է մեկ սեռական զուգընկեր ունենալը, զուգընկեր, ով իր հերթին սեռական կյանք կվարի միայն Ձեզ հետ: Այդուհանդերձ, բեղմնականխման միջոցների շարքում ամենահուսալին պահպանակն է: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ չնչին սխալի դեպքում անգամ այն կարող է հուսախաբ անել՝ պատռվելով կամ ընկնելով սեռական հարաբերության ընթացքում:
Ինչպես ընտրել համապատասխան չափսի պահպանակ
Պահպանակի չափսը կարևոր դեր ունի հուսալիության հարցում: Եթե այն փոքր լինի, հնարավոր է, որ պատռվի, իսկ եթե մեծ լինի, ապա կարող է սահել ընկնել կամ հեշտոցում մնալ: Քանի որ պահպանակն առավել հաճախ ընտրում են տղամարդիկ, ապա այս հատվածում դիմում ենք հենց նրանց: Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց մեծամասնությունն ունի ստանդարտ չափսի սեռանդամ՝ 13-ից մինչև 15-16 սմ էրեկցիայի վիճակում: Եթե դուք էլ եք պատկանում նրանց շարքին, ապա կարող եք ընտրել ստանդարտ, դասական չափսի պահպանակ: Այդուհանդերձ, երբեմն անգամ դասական չափսի դեպքում պահպանակը կարող է նեղ կամ լայն լինել: Այս պարագայում ուշադրություն դարձրեք պահպանակի՝ տուփի վրա նշված լայնությանը. դասական պահպանակների դեպքում այն 5254 մմ է: Եթե ստանդարտ չափսը նեղ է, ապա հաջորդ անգամ գնիր համեմատաբար լայնը՝ 5457 մմ, սովորաբար տուփի վրա նշված է XXL կամ King size:
Լատեքս, թե պոլիուրետան
Պահպանակների մեծամասնությունը պատրաստվում է լատեքսից, որը բավականին հուսալի է, պաշտպանում է հղիությունից և սեռավարակներից, ինչպես նաև մատչելի գին ունի: Այդուհանդերձ, հազվադեպ առաջացնում են ալերգիա և կարող են ցանի, կարմրության և հեշտոցի չորության պատճառ դառնալ՝ անհարմարություն պատճառելով զուգընկերուհուն: Այս պարագայում կարելի է պոլիուրետանից պատրաստված պահպանակ օգտագործել, որոնք ևս հուսալի են, սակայն համեմատաբար թանկ արժեն:
Որտեղից գնել և ինչպես պահպանել
Ցանկալի է պահպանակները գնել միայն դեղատնից, քանի որ միայն այնտեղ կան հարմար պայմաններ դրանց երկարատև պահպանման համար: Սուպերմարկետից կամ խանութից գնված պահպանակները միգուցե ենթարկված լինեն տաք օդի անբարենպաստ ազդեցությանը կամ արևի ուղիղ ճառագայթներին: Սխալ պահպանման դեպքում հնարավոր է, որ պահպանակը պատռվի սեռական հարաբերության ընթացքում: Ցանկալի չէ պահպանակը պահել դրամապանակում կամ գրպանում, քանի որ անընդհատ շփումը դրա հետ կամ բարձր ջերմաստիճանը կարող է ազդել բեղմնականխիչի ամրության վրա: Լատեքսից պահպանակները կարելի է պահպանել 0-ից մինչև +25С ջերմաստիճանում, մութ, խոնավ տեղում, օրինակ տնային դեղատուփում կամ դարակում: Պարտադիր ստուգիր պիտանելիության ժամկետը: Մի գնիր այնպիսիք, որոնց տուփի վրա նշված չէ արտադրողի անունը, խմբաքանակի թիվը և պահպանման ժամկետը:
Ինչպես օգտագործել պահպանակը
Պահպանակը հագնելիս նախ և առաջ պետք է երկու մատով սեղմել ծայրի հատվածը (որտեղ որ սերմնահեղուկն է կուտակվում), որպեսզի օդ չմնա այնտեղ, հակառակ դեպքում հնարավոր է, որ սեռական հարաբերության ժամանակ պայթի: Եթե պահպանակը սահուն չի բարձրանում վերև, նշանակում է, որ սխալ եք պահում այն. պետք է եզրի փաթույթը սահուն բացվի և պատի սեռանդամը: Պահպանակը պետք է հանել անմիջապես սեռական հարաբերությունից հետո: Ընդ որում, պետք է պահել ձեռքով, որպեսզի այն չմնա զուգընկերուհու հեշտոցում: Հաշվի առեք, որ կրկնակի պահպանակը չի մեծացնում ապահովությունը: Ընդհակառակը, երկու պահպանակների շփումը կարող է պատռվելու պատճառ դառնալ: Եթե հավելյալ քսուքի կարիք կա, ապա պետք է օգտագործել միայն այն տեսակները, որոնք չեն փչացնի պահպանակը: Չի կարելի որպես քսուք օգտագործել յուղ պարունակող նյութերը, օրինակ վազելինը, մանկական քսուքը, ձեռքի լոսյոնը և այլն: Պահպանակը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Երբեք կրկնակի մի օգտագործեք: Միշտ հագեք այն նախքան սեռական հարաբերությունն սկսելը, քանի որ հակառակ դեպքում կարող եք վարակվել մի շարք սեռավարակներով:
Ինչ անել, եթե պահպանակը պատռվել է
Ցավոք հաճախ պահպանակները պատռվում են նաև ճիշտ օգտագործման դեպքում: Դրանից խուսափելու նպատակով ավելի լավ է ընտրել 0,06 մմ-ից հաստ տեսակները, բայց եթե, այնուամենայնիվ, պատռվել է, ապա ստորև նշված ցուցումները կօգնեն ճիշտ քայլեր ձեռնարկել և նվազեցնել տհաճ հետևանքների վտանգը: Կարևոր չէ, թե որ պահին եք նկատել պահպանակի պատռված լինելը: Եթե անգամ այն պատռվել է նախքան սերմնաժայթքումը, միևնույնն է, վարակվելու կամ հղիության վտանգ կա: 1. Պետք չէ ներլվացում անել: Դրանով չեք նվազեցնի հղիանալու հավանականությունը, քանի որ սերմնաբջիջների մի մասն արդեն իսկ ներթափանցել է արգանդի մեջ և հնարավոր չէ «լվանալ» այն: Բացի այս, տարբեր միջոցներով ներլվացումը կարող է բորբոքումների և հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: 2. Ոչ մի օճառ: Օճառն ալկալինային ռեակցիա է առաջացնում և կարող է զգալիորեն նվազեցնել սեռավարակների նկատմամբ դիմադրողականությունը և կմեծացնի հեշտոցի բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգը: 3. ԿՕԿ-երը չեն օգնի: Հակաբեղմնավորիչ հաբերը չեն օգնի խուսափել հղիությունից, եթե սեռական ակտն արդեն իսկ կայացել է: 4. Պետք է արագ գնալ դեղատուն պատահածից հետո 2 ժամվա ընթացքում և ձեռք բերել արտակարգ բեղմնականխման միջոցներ (Պոստինոր, Էսկապել) և սեռավարակներից պաշտպանող դեղորայք: Սեռավարակները կանխելու նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել քլորհեքսիդինի լուծույթ և քլորհեքսիդին պարունակող հեշտոցային մոմիկներ (օրինակ Հեքսիկոն): Կինը պետք է մոմիկը ներհրի հեշտոցի մեջ և որոշ ժամանակ պառկի, որպեսզի մոմիկը դուրս չհոսի և արդյունավետորեն ազդի: Տղամարդը պետք է սեռանդամը մշակի Հեքսիկոնի լուծույթով: Այս ամենը պետք է անել 2 ժամվա ընթացքում: Եթե անգամ ամեն բան ճիշտ եք արել, ապա, միևնույնն է պետք է հետազոտվեք: 5. Հետազոտվեք: Եթե սեռական հարաբերություն եք ունեցել անծանոթի հետ կամ համոզված չեք, որ զուգընկերն առողջ է եղել, ապա ավելի լավ է սեռական հարաբերությունից 23 շաբաթ անց հետազոտվեք գոնորեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի, սիֆիլիսի, ՁԻԱՀի և հեպատիտ B ու C-ի հայտնաբերման համար:
Ինչ անել, եթե պահպանակը մնացել է հեշտոցում
Պետք չէ խուճապի մատնվել: Հեշտոցում մնացած պահպանակն ինքնին չի կարող վնասել առողջությանը և չի կարող ավելի խորն անցնելու հայտնվել արգանդում: Այն դուրս հանելն այնքան էլ դժվար չէ: Ուղղահայաց դիրք ընդունիր, ինչպես միզելիս և ուժ տուր մի քանի վայրկյան: Եթե դրանից հետո պահպանակը դուրս չի գալիս, ապա գոնե մի փոքր իջել է ցած, իսկ դա նշանակում է, որ կարող եք 2 մատով դուրս քաշել այն: Եթե ոչինչ չի ստացվում, ապա դիմեք գինեկոլոգի, և նա անցավ կհեռացնի պահպանակը: