1in.am-ը գրում է․
Գյումրիում 1988-ի երկրաշարժից փլուզված և առ այսօր այդպիսին մնացած հանրակացարանի շենքում մի քանի բազմանդամ ընտանիք է ապրում: Հանրակացարանի սենյակները, որտեղ նրանք ապրում են, դժվար է բնակարան կոչել: Սենյակը, որտեղ տիկին Շողիկը մեծացնում է որդու 5 անչափահաս ու հաշմանդամ երեխաներին, անգամ դուռ չունի, դռան փոխարեն ծածկոց է կախված, որտեղից ցուրտը ազատ թափանցում է ներս: Անձրևի, ձյան ժամանակ էլ սենյակի առաստաղից ջուրն է հոսում, որի տակ դույլեր ու թասեր են շարված:
Կեղտից սևացած թաղթի վրա ամբողջ օրն անցկացնող՝ մանկական ուղեղային կաթվածով ծնված երեխաները պատկերացում չունեն Ձմեռ պապիկի մասին: Հարցին, թե ի՞նչ երազանք ունեն, նրանցից մեկը երկար մտածելուց հետո մի կերպ արտաբերում է՝ «ուզում եմ նասկի ունենամ», իսկ մյուսը «նասկիին» ավելացնում է նաև կոնֆետը ու ժպտալով փախչում տեսախցիկից:
Մանկական ուղեղային կաթվածով ծնված երեխաներից ամենածանրին մայրը տարել է Ռուսաստանի Դաշնություն՝ եղբոր մոտ, բուժման: Իսկ մյուսները մնացել են տատիկի խնամակալությանը, քանի որ հայրը խուլիգանության հոդվածով կալանավորված է: Տիկին Շողիկին օրվա ընթացքում օգնում են հարևանները, որոնք հավաքվում են մի սենյակում, վառում են մի վառարան, միասին հաց են պատրաստում, ուտում են օրվա եղածը, որպեսզի տնտեսեն և՛ վառելիքը, և՛ ուտելիքը:
Տիկին Շողիկի խոսքով՝ սոցիալական վիճակի պատճառով երեխաներն անգամ դպրոց չեն հաճախում: Գիշերօթիկ են գնում, որտեղ գոնե կարողանում են հաց ուտել: Այս ընտանիքը միայն երեխաներին հատկացվող նպաստի հույսին է: Մի քանի ամիս է՝ անգամ երեխաների նպաստը չեն ստանում: Մայրն այստեղ չէ, նպաստը չեն տալիս, լիազորագիր են ուզւոմ, որը մայրը չի կարողանում ուղարկել Ռուսաստանից:
Քայլել չկարողացող փոքրիկներից մեկին վիրահատություն է անհրաժեշտ, որպեսզի գոնե կարողանա ոտքի կանգնել: Բայց հնարավորություն չունեն: Հույսը բարի մարդիկ են:



