Դարի հումորը. «Բժշկական համալսարանը ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ է, ունի կուտակված մի շարք պարտքեր», իսկ թե դրանից ով կտուժի, բնականաբար, ոչ թե ուսանողը (որովհետև ուսանողը երբեք «չբավականացնող» եկամուտների աղբյուրն է), այլ խեղճ ու կրակ աշխատավարձով ապրող ոչ պակաս անմխիթար վիճակում գտնվող դասախոսը: Ինչպես ամեն տարի, այս տարին նույնպես բացառություն չդարձավ, և դեկտեմբերի սկզբից սկսած համալսարանում սկսեցին տարածվել շշուկներ անելանելի ֆինանսական վիճակի մասին ու կարճ ու կոնկրետ հայտարարեցին, որ բուհի աշխատողները այս տարի էլ ստիպված կլինեն տոների համար ծախսերը տեղավորել մեկ ամսվա չնչին աշխատավարձի մեջ, քանի որ չեն ստանալու օրենքով իրենց հասանելի 13-րդ աշխատավարձը: 13-րդ աշխատավարձն էլ մի աշխատավարձ լինի. բուհն իր «պարտքն է համարում» դրա մեջ էլ փայ մտնել ու, եթե հաջողություն է լինում, աշխատողների այդ հավելյալ և օրինական վարձատրությունը կիսատ աշխատավարձով տալ: Սա ուղղակի անմարդկայնության և ամենաթողության կատարյալ դրսևորում է: Մեկը լինի հարցնի՝ գիտաշխատողին տրվող էդ 80.000 դրամ աշխատավարձը մի ի՞նչ թիվ է, որ 13-րդ աշխատավարձը տալիս այն կրկնակի կրճատում եք, իսկ այս տարի ուղղակի հրաժարվում եք առհասարակ տալ: Ուրեմն այդ ի՞նչ մեքենայությունների ու գռփումների մեջ եք, որ ամեն մի ուսանողից 1 մլն. դրամ տարեկան վարձը (էլ չխոսենք արտասահմանցի ուսանողների վարձի ու ուսանողներին պարտադրվող այլ ծախսերից ստացվող հավելյալ եկամուտների մասին) քիչ չէ, չի բավականացնում, դեռ մի բան էլ բուհը պարտքերի մեջ է: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել