Այո, միայն այս բնորոշումն է, որ գալիս է մտքիդ, երբ տեսնում և սեփական մաշկիդ վրա զգում ես, թե ինչպես են առավոտյան մարդիկ փորձում հասնել գործի կամ դասի, երեկոյան էլ՝ տուն:

Երբ երթուղայիններն այնքան լիքն են լինում, որ վարորդը չի լսում կանգառում կանգնելու մասին պահանջը նույնիսկ այն ժամանակ, երբ միաժամանակ 4 մարդ է բղավում, որ կանգառում անհրաժեշտ է կանգնել, քանի որ «իջնող կա»: 
Երբ երթուղայինի դուռը փակելու համար անհրաժեշտ է դիմել կանգառում կանգնած մարդկանց, քանի որ երթուղայինում ինչ-որ հրաշքով հայտնված մարդիկ, ովքեր դուրս ընկնելու մեծ հավանականության պատճառով վախենալով շարժել ձեռքը, արդեն ի վիճակի չեն ինքնուրույն փակել դուռը:

Երբ մարդիկ իրար այնքան քիփ են կանգնած, որ կարող են նույնիսկ չբռնվել, քանի որ ընկնելու տեղ էլ չի մնում, և բոլորը կամա թե ակամա հենվում են իրար վրա, կարծես կոնսերվացված ձուկ լինեն:

Երբ վարորդը կանգնում է, որպեսզի նոր ուղևոր վերցնի նույնիսկ այն ժամանակ, երբ նախորդ կանգառում դուռն արդեն չէր փակվում, և օգնության են հասել, ինչպես արդեն նշեցի, դրսից։

Երբ կողքիդ կանգնածն այնքան մոտ է քեզ, որ գլխին նկատում ես միակ ճերմակ մազը:

Այս «երբ»-երի շարքը կարելի է անվերջ շարունակել, և բոլորս էլ ունենք այդ «երբ»-երի սեփական ցուցակը: Եվ այս ամենի խնդիրը համատարած ագահությունն է: Երբ վարորդը պատրաստ է, եթե հնարավոր լիներ, նույնիսկ սեփական ծնկներին մարդ նստեցնել, որպեսզի ավելորդ 100 դրամ վաստակի, քանի որ շատ լավ գիտի, որ իր վրա «պլան» է դրված, և նա պետք է գծատիրոջն այդ գումարը մեռնելով էլ մուծի, իսկ թե տակն ինչ է մնում, Աստված գիտի, բայց ընտանիքին պետք է պահել (իսկ հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակը՝ դա օրեցօր ավելի է դժվարանում), դրա համար էլ ագահությունը ողջամտությանը հաղթում է, և վարորդը կանգնում է նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ այլևս ոչ միայն մարդ, այլ նույնիսկ մուկը չի կարող տեղավորվել «սալոնում»: Գծատերն էլ իր հերթին գիտի, որ բացի հարկերից իր վրա էլ է «պլան» դրված, և նա պետք է մուծվի բոլորիս հայտնի երկրի գլխավոր օլիգարխին և նրա ընտանիքի անդամներին (որոնց ախորժակն անզսպելի է), ինչը բերում է վարորդի վրա ճնշման ավելացման և գիծը սպասարկելու վրա ոչ մի լումա չծախսելու ձգտման:

Ու այս ագահության շղթայի արդյունքում էլ տուժում է ժողովորդը: Բայց մեր իշխանություններին դա հազար տարի պետք չէ, քանի որ վերևների ագահությունը ծանոթ-բարեկամ, էլ ուր մնաց՝ ժողովրդի բարեկեցություն, չի ճանաչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել