Գործի բերումով հաճախ եմ լինում Գյումրիում: Զբոսաշրջիկներիս ծանոթացնում եմ քաղաքին, պատմությանը, նրա երբեմնի համբավին, վերքերին ու անսահման հումորին... Անցնող հինգ տարիների ընթացքում ոտնատակ եմ տվել ամբողջ Հայաստան աշխարհը, ինքս ծանոթացել ու օտարներին էլ ծանոթացրել նրա ամեն մի մասնիկին, հաղորդակից դարձրել նրա ոգուն, տվել նրանց ամբողջ այն սերը, որ ունեմ առ հայրենիք: Ու երբ նրանց աչքերում տեսել եմ կրակներ՝ սիրո, ակնածանքի ու խոնարհման, հասկացել եմ, որ հաջողել եմ աշխատանքում: Ինձ միշտ ասում են, որ անսահման հումորով ու սիրով եմ անում աշխատանքս: Դա միշտ այդպես է, բացառությամբ մի դեպքի: Երբ քայլում եմ Գյումրվա փողոցներով, կոկորդս սեղմվում է, մի անբացատրելի ցավ եմ ապրում, երբեմն ուզում եմ գրկել հին քաղաքիս ամեն սառը պատն ու դառնացած մանկան նման արտասվել... Ներսս տակնուվրա է լինում, երբ տեսնում եմ երբեմնի Գյումրու թշվառությունը, խարխուլ, անխնամ փողոցներն ու տները, հասարակ գյումրեցիների անտարբերությունը քաղաքի նկատմամբ... Ոտքերիս տակ քաղաքը տնքում է, ճչում հուսալքված, ուզում է ասել, որ ոչինչ կորած չէ, որ նա դեռ կա, ապրում է ու շատ բան չէ իր ուզածը՝ մի կում սեր ու մի բուռ հոգատարություն, ու ինքը էլի կժպտա իր՝ Գյումրվան հատուկ լայն ու անկեղծ, ջերմացնող ժպիտով:
Դժվար չի՛, հասկանո՞ւմ եք, ԴԺՎԱՐ չի՛: Գյումրին իր ունեցած պոտենցիալով արժանի է դառնալ տարածաշրջանում մշակութային տուրիզմի առաջատարը: Մենակ թե մի քիչ խիղճ ու ցանկություն է պետք: Մենակ թե հիմա մի քիչ քի՛չ կերեք ու ներդրե՛ք Գյումրու զարգացման ծրագրերի մեջ: Հետո ավելի շատ ուտելու կունենաք... Ազնիվ կոմսոմոլական խոսք...
Գյումրին վերք ունի, Գյումրին երգ ունի, Գյումրին աշխարհին ասելիք ունի: