Հարցեր են տրվում, թե բա ընդիմությունն ինչու պիտի քվեարկեր դեմ, եթե անհնար էր կանխել ԵՏՄ անդամակցությունը:
Առաջինը, անհնար չէր: Դրա համար պետք էր բոլոր քաղաքական ուժերի «սոլիդար» կամքը՝ իշխանության համար դրսից տղա չբերելու և արտաքին աշխարհի հետ այլ կանոններով հարաբերվելու մասին: Մոսկվայի ազդեցության հիմքը ոչ թե գազատարն է, ոչ էլ Հայաստանում գնված և Բաքվին վաճառված երկաթեղենը, այլ մարդիկ:
Պարզ սխեմա. պրո-ռուսական իշխանություն և պրո-ռուսական ընդդիմություն, որոնք կարող են տեղերով փոխվել, եթե իշխանությունը խելոք չմնա: Հենց այդ աջակցությունը որպես խայծ օգտագործվում է Հայաստանը վերահսկելու համար: Եթե Հայաստանի քաղաքական ուժերի միջև կա (ստեղծվեր) համերաշխություն, ապա այդ մրցակցությունը «Մոսկվայի դոբրոյի» համար չի աշխատում: Բայց կողմերն ու առաջին հերթին իշխանությունը, որ չի վստահում և ոչ մեկին, ընտրեցին այդ թակարդը:
Ավելին. ընդիմության կողմից ավելի հետաքրքիր կլիներ Մոսկվային ներկայացնել այլ այլընտրանք՝ կամ ԵՏՄ անդամակցություն, կամ իշխանություն, և ոչ թե և ԵՏՄ, և դոբրո Մոսկվայից:
Մոսկվան, առկա իրավիճակում, ոչ մի ռիսկ չի զգում, և այդ կամավոր նախաձեռնող ընդդիմադիրներն իր համար արժեք չեն ներկայացնում, քանի որ վտանգ չեն ներկայացնում:
Այլընտրանքը. կամ մենք հանում ենք ոտքի ժողովրդին ԵՏՄ-ին դեմ, կամ մեզ եք հանձնում, ասենք, մի քանի մինիստրական պորտֆելներ նեղն ընկած ռուսներին կստիպեր կոնկրետ ճնշում բանեցնել Հանրապետականի վրա և լուրջ քննարկումների-քաղաքական կապիտալիզացման առարկա կդառնար եռյակ-զույգի հետ: Իհարկե հասկանալով Մոսկվայի ավանդական պարանոիդալ հակումները, բայց նաև շահագործելով դրանք, քանի որ նոր պրոբլեմներ և տապալում իրենց պետք չի:
Բայց, 1920 թ բարդույթը ավելի ուժեղ գտնվեց: Հիմա 1920թ չի բազմաթիվ պատճառներով, և 1920թ-ով ապրող կոլեկտիվ պատմաբանի և միմյանց չվստահելու իրողությունը չար կատակ խաղացին կողմ քվեարկածների հետ:
Ռուսները չեն քանդի գործող կառավարման սխեման և կպահպանեն այդ դիխոտոմիկ կառուցվածը՝ Մոսկվայի ժպիտի համար մրցակցող ընդիմություն-իշխանություն զույգը: Այլ հարց է, որ որոշ պայմանների դեպքում կփորձեն մտցնել նոր, մաքուր ռուսական խաղացող, քանի որ Սերժ Սարգսյանը չի վստահում և ոչ մեկին երկրի ներսում, և չի ուզում հանձնել իշխանությունը, մնալով ղեկին ինչքան որ կկարողանա, իսկ գնալուց կփորձի կհանձնել այն նրան, ով ավելի մեծ երաշխիքներ կտա՝ այսինքն Մոսկվային:
Բայց դա էլ կարևոր չի: Առաջիկայում մեզ սպասում է ծանրագույն տնտեսական վիճակը ներքին կյանքում, և ակտիվ և սուր արտաքաին քաղաքական իրավիճակ կապված 2015թ Ծեղասպանության 100-կի, ռուս-թուրքական հերթական մերձեցման, ինչպես նաև այդ ընդհանուր լարված միջազգային իրավիճակի, և ադրբեջանական սաստկացող սադրանքների ֆոնին՝ Մոսկվայի ոչ միանշանակ, առևտրային երկերեսանի պահվածքը:
Կողմ-ընդիմության հույսը նույնպես այդ ճգնաժամն է, երբ վարչակարգը հայտվելով ծանր իրավիճակում «կարմիր խալի փռելու» պայմանով և երաշխիքների դիմաց կհանձնի իշխանությունը եռյակ-զույգին: Այդ ռազմավարության մեջ է «սոլիդար» ԵՏՄ-Կողմի գաղտնիքը: Այսինքն, հայ վերնախավը մշակել է սոլիդար դիրքրոշում այդ մարտահրավերի նկատմամբ, որը սակայն քայքայում է պետականությունը՝ դարձնելով հայ քաղաքական դաշտն ընդամենը դրսի ուժի օժանդակ մասնաճյուղերի կույտ:
Հարցը մեկն է. թե ով առավել կօգտվի այդ հասունացող ճգնաժամից. իշխանությունը, թե ընդդիմությունը, քանի որ այդ ծանր տնտեսական և սոցիալական ֆոնին և Մոսկվայի ավանդական բիզնես-խաղի ժամանակ ժողովուրդը՝ իհարկե և իշխանության, և ընդիմության կրկին սոլիդար օգնությամբ կհիշի բոլոր կողմ քվեարկածներին, և մեծ շնորհակալություն կհայտնի: Եվ ոչ մի «կրուտիտ» չի օգնելու:
Այլ հարց է, որ իշխանության համար ընդիմության Կողմ քվեարկելը լեգիտիմացնում է իր Կողմ ընտրությունը, իսկ ընդդիմության համար իշխանության Կողմ ընտրությունը՝ ոչ:
Այս իմաստով, դեմ քվեարկածներն ավելի կարևոր էին Հայաստանի համար, որպես փատարկ Մոսկվայի հետ հարաբերություններում, քան կողմ քվեարկածները: Այդ ուժեղ «Դեմ»-ը նույն իշխանությանը փաստարկ կտար ավելի կոշտ դիրքերից խոսալու Մոսկվայի հետ, իսկ մյուս կողմից կպահպաներ ուժեղ ընդիմությունը երկրում:
Գուցե Հայազնի նեղ-կուսակցական շահերից արտաքնապես ձեռք է տալիս այլ ընդդիմադիրների հանրային զրոյացումը:
Բայց ոչ այդքան արագ և այս պահին:
Մի բան է, եթե քաղաքական ուժերը ժողովրդի քվեի և աջակցության հույս չունեն, և իրենց ապագան կապում են դրսի դոբրոյի հետ:
Իշխանությունը, չունենալով այդ աջակցությունը, չի էլ կարող այն կորցնել, իր ուժը վարչական և ֆինանսական ռեսուրսն է:
Իսկ ընդդիմության համար այդ սխալը կարող է ճակատագրական լինել:
Եվ այլ բան է, երբ կստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմությունը, ինչպիսին որ կա, լավ, վատ, անգրագետ, կարճատես և ապաշնորհ, ընդհանրապես կհեղինակազրվի և վերանա սխալ քաղաքական հաշվարկների պատճառով և Սերժ Սարգսյանին կտա կրկին մենաշնորհային կարգավիճակ: Իսկ ԵՏՄ պտուղները շատ շուտով մարդկանց մոտ հարցեր են առաջացնելու, և պատասխաններ տալու ժամանակը գալու է:
Այդ պատճառով, ես առանձնապես չեմ էլ փորձել կանգնեցնել ԵՏՄ-կողմերի շարժումն ընդդիմության մեջ՝ գիտակցելով, որ, միևնույն է, չեն լսի:
Թող գնան և ջարդվեն: Ճիշտ է, դժվար կլինի, դե բայց չկա չարիք առանց բարիքի: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ: