yuniԵրեկ «Հին Էրիվան հոլդինգ» ընկերության հիմնադիր- սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին ուղղված բաց առաջարկով է հանդես եկել «Յունիբանկ» ՓԲԸ-ն:
«Վերջին շրջանում Մանվել Տեր-Առաքելյանը հրապարակայնորեն հայտնել է, թե իբր պատրաստ է «ՈՂՋԱՄԻՏ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵԼ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՎՃԱՐԵԼ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՊԱՐՏՔԸ», ինչը չի կարող չուրախացնել: Սակայն ռեստորանատերը զուգահեռ հանդես է գալիս այնպիսի անհեթեթ պնդումներով, թե իբր Յունիբանկը վերջին պահին դուրս է եկել սնանկության վարույթից՝ Բանկի կողմից չվերահսկվող աճուրդային գործընթացի միջոցով գրավի առարկայի վաճառքից խուսափելու համար»,- մասնավորապես նշված է բանկի բաց առաջարկում:
Այսօր անդրադառնալով հիշյալ առաջարկին, մամուլի հաղորդագրությամբ է հանդես եկել «Հին Էրիվան հոլդինգ» ընկերության հիմնադիր սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը:
«Իր բաց առաջարկով «Յունիբանկը» մի քանի վիրավորական գնահատականներ տալուց և իրականությունը շեղելու փորձերից հետո առաջարկում է ինձ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համալիրը վաճառել 10 մլրդ ՀՀ դրամով` «ընդառաջելով» ինձ, որպեսզի աճուրդային պայմանները լինեն բարենպաստ,- նշված է «Յունիբանկի» բաց առաջարկին Մանվել Տեր-Առաքելյանի բաց պատասխանում:- Այս պատմության նախորդ զարգացումներին անտեղյակ մարդու համար սա կարող է բարի առաջարկ թվալ, բայց մենք պետք է խոսենք փաստերով.
1. Այս վեճը նախաձեռնվել է «Յունիբանկի» կողմից, երբ վերջինս երկու համաձայնագրերի հետ կապված արդեն հասարակությանը ծանոթ խնդրից հետո, փոխանակ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունից (այսուհետ` Ընկերություն) պահանջի իր կողմից ընդունելի համարվող համաձայնագրով սահմանված հերթական մարման գումարի տարբերությունը, պահանջում է մի քանի օրվա ընթացքում վերադարձնել ողջ վարկի գումարը, որի վերադարձման համար մի քանի տարի ժամանակ դեռ Ընկերությունն ուներ, սպառնալով գրավադրված և ինձ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը արտադատական կարգով իրացնել:
Եվ սա արվում է այն ժամանակ, երբ Ընկերությունը ցանկանում էր իր վարկային գործը տեղափոխել ՎՏԲ բանկ, որին «Յունիբանկը» տեղյակ էր:
Ինչ պետք է աներ Ընկերությունը կամ ես, երբ բանկն ի սկզբանե համաձայնվել էր նույն ամսաթվով բանկի հետ կնքված համաձայնագրի գրաֆիկի թվի հետ, ավելին ընկերության հաշվից գանձել էր այդ համաձայնագրով սահմանված չափով հերթական մարման գումարը և նույնիսկ մնացորդ էր թողել, իսկ հետո` պաշտոնապես պահանջում է ողջ վարկի գումարը:
Բնական է, որ և ես և ընկերությունը պետք է դիմեինք դատական պաշտպանության:
2. Բանկը հայց է ներկայացրել դատարան վարկային պայմանագրերից մեկով տոկոսագումար բռնագանձելու պահանջով (դատավոր Կ. Պետրոսյան): Այս գործը դեռ չի ավարտվել:
Բանկը հայց էր ներկայացրել դատարան երկու վարկային պայմանագրերից մեկով մայր գումար բռնագանձելու պահանջով: Այս գործով դատարանը (դատավոր Է. Ավետիսյան) հայցը բավարարել է և ընկերությունից որոշել է բռնագանձել մայր գումարը: Սակայն բանկը չգիտես ինչու չէր խնդրել բռնագանձումը տարածել ինձ պատկանող գրավի առարկայի վրա: Այս գործը երեք ատյանով անցել է:
Բանկը դատարան դիմելով զրկվել է արտադատական կարգով գույքս բռնագանձելու իրավունքից և բնական է, որ կանգնել էր փակուղու առջև:
Հաջորդ քայլով, 2014թ. սկզբին, բանկը դիմում է ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Սնանկ ճանաչելու դիմումի պահից ընկերության տոկոսագումարների հաշվարկը կասեցվում է օրենքի ուժով (մորատորիում): Դատարանի վճռով Ընկերությունը ճանաչվում է սնանկ և սկսվում է հաջորդ`պարտատերերի պահանջների ներկայացման և հաստատման փուլը: Բանկը ներկայացնում է իր անհավանական տուգանքներով (տարեկան 73%) հաշվարկը: Համարյա 11 ամիս այս գործը ձգձգվելուց հետո, վերջապես դատարանը հեռանում է առանձին սենյակ որոշում կայացնելու համար: Եվ ինչ է անում բանկը…: Բանկը դուրս է գալիս սնանկության գործընթացից և հրաժարվում է մորատորիումից:
Պարադոքսալ իրավիճակ: Բանկի պահանջով ընկերությունը սնանկ է ճանաչվել, բայց բանկն ընկերության դեմ սնանկության գործով պահանջ չի ներկայացնում: Արդյունքում ընկերությունը սնանկ է ճանաչվել և սնանկության գործ է ընթանում, իսկ բանկն այդ գործընթացում չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել