keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ana Khanchalyan. հայազգի սոխակ

visibility 2711 commentմեկնաբանել

Ana Khanchalyan. հայազգի սոխակCosmo.am-ը գրում է․

Աննա Խանչալյանն առաջին իսկ հայացքից գերում է բոլորին իր բարի, անչափ անկեղծ և լուսավոր ժպիտով։ Իսկ երբ նա սկսում է երգել, հանդիսատեսն անմիջապես հայտնվում է նրա կախարդական ձայնի տիրապետության տակ։

«Գիտնականները» վաղուց բացահայտել են հաջողության բանաձևը՝ 20% տաղանդ գումարած 80% աշխատասիրություն։ 17-ամյա այս նուրբ, փխրուն աղջնակն իր իսկ օրինակով ապացուցում է այս պարզ ճշմարտությունը։ Հենց աշխատասիրությունն ու նպատակասլացությունն օգնեցին նրան հասնելու բազում հաղթանակների, որոնց թիվն ապագայում, համոզված եմ, բազմապատկվելու է։
Աննայի երաժշտական կարիերան սկսվել է դեռ վաղ մանկությունից։

Փոքրիկ աղջկա ձայնային հրաշալի տվյալները չէին կարող անտեսված մնալ։ Դպրոցում սովորելուն զուգահեռ Աննան մասնակցում էր նաև բազմաթիվ մրցույթների. Թբիլիսիում անցկացվող «Գարունը գարնան մեջ» մրցույթում Աննան ներկայացրել է իր հարազատ դպրոցը, 2008-ին մասնակցել է «Մեկ ազգ մեկ մշակույթ» մրցույթին, 2010-ին՝ «Թաքնված տաղանդ» նախագծին՝ ընդգրկվելով լավագույն տասնյակի մեջ։ Իսկ 2011 թ. Աննան Candy երաժշտական խմբի հետ միասին գրավեց մանկական Եվրատեսիլի առաջին տեղը։


Մրցութային այս բուռն ճանապարհը 2013 թ. բերեց Աննային Հայաստան. «2013 թվականի օգոստոսին ես և եղբայրս «Արի տուն» նախագծի շրջանակներում այցելեցինք Հայաստան։ Այդ ժամանակ էլ իմ գլխում ծագեց The Voice-ին մասնակցության հայտ ուղարկելու միտքը։ Մինչ այդ էլ շատ էի ցանկանում մասնակցել իմ հայրենիքում անցկացվող որևէ մրցույթի։ Շատ ուրախ եմ, որ երազանքս իրականություն դարձավ»։
Իսկ թե ինչ «հետևանքների» բերեց «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելու որոշումը, բոլորս էլ շատ լավ գիտենք։ 
Առաջին փուլի՝ «կույր» լսումների ընթացքում Աննան հիացրեց ժյուրիին։ Նախագծում Աննան սկսեց իր հաղթական արշավը Հայկոյի թիմում։ Իսկ արդեն «Մենամարտ» փուլից հետո շարունակեց պայքարը Քրիստինե Պեպելյանի ղեկավարությամբ։ Բայց այդ պահին ո՛չ Աննան և ո՛չ էլ Քրիստինեն չէին էլ կարող պատկերացնել, որ այս ճակատագրական շրջադարձը մի քանի շաբաթ անց հաղթանակ կբերի իրենց։

Այն հարցին, թե ինչ է երգն իր համար Աննան պատասխանում է. «Ես կարծում եմ՝ երբ ծնվեցի արդեն երգում էի «մամա՜»։ Երգն իմ կյանքն է։ Առանց երգի ես կյանք չունեմ և ոչ էլ ուզում եմ պատկերացնել ինձ առանց երգի»։ Համաձայնեք՝ նման նվիրվածություն գործին այսօր շատ քիչ է հանդիպում 17-ամյա երիտասարդների մոտ։ 
Այսօր Աննան ամենևին էլ չի պատրաստվում կանգ առնել։ Նա ունի մեծ երազանքներ, որոնց իրականացման համար ջանք ու եռանդ չի խնայելու։


-Երաժշտությունը զբաղեցնում է քո առօրյայի մեծ մասը։ Բայց ես համոզված եմ՝ դու ունես այլ հետաքրքրություններ ևս։ Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։


-Երաժշտությունն իմ օրվա անբաժանելի մասն է։ Բայց դրանով իմ կյանքը չի սահմանափակվում։ Ես սիրում եմ պարել, նկարել։ Բայց առավել շատ սիրում եմ իմ ջութակը։ Այն ինձ հանգստացնում է և «լիցքավորում» այդքան անհրաժեշտ էներգիայով։ Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ես ազատ ժամանակ շատ չեմ ունենում։ Բայց եթե ընձեռվում է այդպիսի հրաշալի հնարավորություն, փորձում եմ ազատ ժամանակս արդյունավետ օգտագործել՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։ Սիրում եմ խաղալ քույրիկիս երեխաների հետ և առհասարակ կազմակերպել իմ հանգիստն ընտանիքիս շրջապատում։ Չեմ մոռանում նաև իմ մտերիմ ընկերուհիների մասին։


-Հիշո՞ւմ ես քո առաջին ելույթը։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր բեմում։


-Սկսել եմ ելույթ ունենալ դեռ մանուկ հասակից։ Սկզբում մասնակցում էի մանկապարտեզի, իսկ հետագայում նաև դպրոցական հանդեսներին։ 2008 թ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին մասնակցելու ընթացքում ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալու Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում։ Դա բավականին հուզիչ և միաժամանակ շատ պատասխանատու ելույթ էր։ Խոսքերով չեմ կարող փոխանցել, թե ինչ էի զգում այդ պահին։ Իսկ Վրաստանում առաջին անգամ մեծ բեմ բարձրացա 2010 թ.՝ «Թաքնված տաղանդ» մրցույթի շրջանակներում։


-Հաճա՞խ ես գալիս Հայաստան։


-Անկեղծ ասած՝ ավելի հաճախ կուզեի գալ իմ հայրենիք, բայց, ցավոք, չի հաջողվում։ Մոտ հինգ ամիս այստեղ անցկացնելուց հետո էլ ավելի շատ սիրեցի Հայաստանն ու Երևանը և հիմա շատ եմ ուզում ավելի հաճախ գալ ու վայելել քաղաքը։
Պատմելով իր ապագա պլանների մասին՝ Աննան ասաց, որ այս տարի՝ դպրոցն ավարտելուց հետո, անպայման գալու է Երևան՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող դառնալու համար։ Համոզված եմ, որ Երևանում անցկացրած օրերն Աննայի համար ոգեշնչող կլինեն, և նա կկարողանա լիովին վայելել Երևանն ու Հայաստանը։


-Կարո՞ղ ես բնութագրել քեզ։

-Բավականին դժվար հարց է, որին ավելի ճիշտ կպատասխանեին իմ ընկերները։ Նրանց խոսքով՝ ես բարի, ընկերասեր, աշխատասեր և ուրախ մարդ եմ ու միշտ պատրաստ եմ նրանց օգնության հասնել։

-Դու ռոմանտի՞կ ես, թե՞ իրատես։

-Երկուսն էլ հավասարաչափ։ Հոգով լինելով ռոմանտիկ՝ փորձում եմ մնալ իրատես։


-Համաշխարհային մեծություններից ո՞ւմ հետ կցանկանայիր համագործակցել և զուգերգ ձայնագրել։


-Ամենից շատ կուզեի համատեղ երգ ձայնագրել Սելին Դիոնի հետ. հիանում եմ նրա տաղանդով։

-Ինչպե՞ս կավարտես հետևյալ միքտը. «Ես հավատում եմ...»։

-Ես հավատում եմ, որ այս աշխարհում անհնարին ոչ մի բան չկա։


-Քո խորհուրդը մեր ընթերցողներին։

-Ամենակարևորը կյանքում երբեք չհանձնվելն է։ Բոլորի ճանապարհին էլ հանդիպում են դժվարություններ և փորձություններ, սակայն դրանք չպետք է ստիպեն քեզ հուսահատվել և թևաթափ լինել։ Հիշիր, որ նույնիսկ ամենախենթ երազանքները կարող են իրականություն դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել