A1plus.am-ը գրում է․
3 ամիս առաջ երիտասարդ դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրեց իր հերթական հեղինակային «Անքնություն» սթենդ ափ կատակերգությունը։ «Երկար խմորումների արդյունքում հասունացավ պահը, որ արդեն գործը թատրոն պետք է հասցնեինք»,-ասում է դերասանը։ Դեկտեմբերի 14-ին էլ կլինի այս տարվա վերջին ներկայացումը Տիկնիկային թատրոնում։ «Սկսվում է անքնության մասին մտորումներով, և դա հորինված բան չէ։ Ես իրականում ունեմ այդ խնդիրը։ Այդ համատեքստով արծարծվում են մի շարք թեմաներ։ Իմ ձգտումների, երազանքների ու նաև մարդկանց մոտ տեսնելով բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ հասել եմ անքնության»,-պատմում է Հովհաննեսը։
Ներկայացման ավարտին անդրադարձ է կատարվում արտագաղթի թեմային։ «Ակտուալ թեմաների մասին է խոսվում, մեծ մասը՝ սոցիալական։ Սկսած ժավելի սպիրտ վաճառող կնոջից, եհովայի վկաների քարոզներից մինչև կոմայգում կանգնող տղաներ»,-ասում է դերասանը։ Հարցին, թե կա՞ արդյոք սահման, որը դերասանը չի անցնի՝ քաղաքականությանն անդրադառնալիս, ասում է. «Այո, սահման կա, որը չեմ անցնի, քանի որ ուզում եմ դեռ շարունակել ներկայացումներս»։
Երիտասարդ դերասանը չի սիրում պարզ հումոր, նախընտրում է տրագիկոմեդիա ժանրը և գրեթե ամեն ներկայացման վերջում, երկար ծիծաղեցնելուց հետո հանդիսատեսի աչքերից արցունքներ է կորզում և ուզում է, որ ամեն ներկայացում մտածելու տեղիք տա մարդկանց, հետք թողնի նրանց սրտերում։ «Մարդը ծիծաղում է անդադար, բայց մի պահ սթափվում ու հասկանում է, որ ինքն իր վրա է ծիծաղում, կամ իր բարեկամի, ընկերոջ, և ներկայացվող խնդիրներն ընդհանուր են ու պետք է շտկել դրանք»,-ասում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ