Realmadrid.am-ը, Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է հերթական բարեգործական ֆուտբոլային հանդիպումը: Ձևավորված բարի ավանդույթը չխախտելով` մենք ևս մենք անգամ համախմբվում ենք մեկ նպատակի շուրջ: Այս անգամ մեր նպատակն է օգնել Արթուր Նալբանդյանին:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բնակվող Նալբանդյանների ընտանիքում դժբախտություն է: Ընտանիքի որդին՝ Արթուրը, երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Հայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը չունի վիրահատության հնարավորություն: Մայրը որդու հետ Երևանում տուն է վարձակալում, իսկ հայրն աշխատում է Ռուսաստանում, որ հոգա ծախսերը: Արթուրը երկու օրը մեկ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հեմոդիալեզ է անցնում:
24-ամյա Արթուր Նալբանդյանի մոտ ախտորոշված է քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզին համապատասխան վիճակ: Նրա կյանքին վտանգ է սպառնում, և բժիշկները որոշել են անհապաղ երիկամի փոխպատվաստում իրականացնել:
Հաշվի առնելով երիտասարդի` օրեցօր վատացող առողջական վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա ՀՀ ամենաաղքատ մարզից է` Շիրակից, որոշել ենք դեկտեմբերի 7-ին` 1988-ին Շիրակում տեղի ունեցած հզոր երկրաշարժի 26-րդ տարելիցի օրը, անցկացնել բարեգործական ֆուտբոլային հանդիպում` փորձելով խաղի ընթացքում անցկացվող դրամահավաքի շնորհիվ հնարավորինս օգնել երիտասարդին:
Realmadrid.am-ի ողջ անձնակազմը կոչ է անում մեկ ժամ ժամանակ տրամադրել, այցելել խաղին ու հնարավորության սահմաններում օգնել երիտասարդին, ով շատ ունի մեր օգնության կարիքը:
Խաղը կայանալու է Երևանի «Հայ-ռուսական համալսարանի» (Սլավոնական համալսարան) մարզադահլիճում դեկտեմբերի 7-ին` ժամը 14:00-15:00: Հասցեն` Հովսեփ Էմինի 123: Ավելի ստույգ` ստորև ներկայացված քարտեզում:
Արթուրի առողջական խնդիրների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ` դիտելով ստորև ներկայացված երկու տեսանյութերը:



