Եթե հավատանք երեկ շրջանառություն մեջ մտցրած տեղեկատվությանը, ապա տարադրամի շուկայում աժիոտաժը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 20-ը, հետո սկսվելու է դոլարի անկումը, և ամեն բան կարգավորվելու է։ Նման ձևակերպումը տնտեսագիտական հիմք ունի՞: Ինչո՞վ է, օրինակ, նման ձևակերպումը տարբերվում սովորական գուշակի գուշակությունից։ Չեմ կարծում, որ մենք աշխարհի կենտրոնն ենք, ու մենք ենք որոշում միջազգային արժութային քաղաքականությունը, որ կարողանանք դոլարի անկումը կանխատեսել։ Եթե ամեն դեպքում ինչ-որ հրաշքով դոլարն անկում ապրի, դա որքանո՞վ է ազդելու դրամի արժեքի վրա։ Կա՞ որևէ կողմնորոշիչ թիվ: Վերադառնալու ենք նոյեմբերի 1-ի մակարդակի՞ն, թե՞ ոչ։ Այլապես այս ամենը նման է հին հումորին, որտեղ ասվում էր, որ ժողովրդի վիճակը մի քիչ էլ կվատանա ու էդպես էլ կմնա: Եթե ձեր կանխատեսած դոլարի անկումը հանգեցնելու է նաև դրամի արժևորմանը, ապա հրաշալի է, բայց այդ դեպքում, եթե, ըստ ձեր իսկ տված տեղեկության, ԿԲ-ն այնքան ռեզերվ ունի, որ կարող է սաստել գնաճը և դրամի գահավիժումը, ապա ինչու՞ դա չի արվում հենց այս պահին, և ինչու՞ է տարադրամի շուկան Հայաստանում վերածվել, մեղմ ասած, տոնավաճառի, իսկ խանութները՝ բազարների, որտեղ ապրանքների գները փոփոխվում են ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ։ Այսօր հարցիս ձեր միակ պատասխանն ամանորյա գնումներն են, սակայն վստահ եմ, որ, եթե այս ամենը լիներ տարվա այլ ամիսներին, ապա պատճառաբանություններում մոտակա տոները կհավասարեցվեին Ամանորի մակարդակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել