2015թ. բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամPanorama.am-ը գրում է․

Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ: Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 8 կլինիկայի, ինչպես նաև Գյումրիի ԲԿ-ի և Գորիսի սրտաբանական կենտրոնի ղեկավարների ու սրտաբանների, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկվել են ծրագրի իրականացման մանրամասները:

Արմեն Մուրադյանը նշել է, որ այն բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից և իրականացվելու է նրա հովանու ներքո։ Հաշվի է առնվել, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է և, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։

Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված և շրջանառության ժամանակ մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա լրամշակված չափորոշիչները։ Դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Նախարարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել տարբեր մարզերից ևս հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետում տեղափոխելու ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող Երևանի և մարզային այն կենտրոններ, որոնք կընդգրկվեն ծրագրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել