Esem.am-ը գրում է․

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում ընթերցասերները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ քննարկեցին Ջորջ Օրուելի«1984» վեպը:

Քննարկումն ընթացավ հայաստանյան իրականության հետ զուգահեռներ անցկացնելով: «Սա շատ դիպուկ գիրք է, և ոչ միայն մեր ուսանողության, այլև քաղաքական գործիչներից շատերի համար պետք է սեղանի գիրք դառնա: Ես, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում քաղաքական հիմնական ուժերին կնվիրեմ այս գիրքը կամ գոնե սեփական նախաձեռնությամբ քննարկում կկազմակերպեմ»,- կես կատակ ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորին առաջին հայացքից թվացել է, թե վեպը պետք է վերաբերի ամբողջատիրական հասարակությանը՝ կոմունիզմին, բայց հասկացել է, որ այն բնորոշ է բոլոր ժամանակաշրջաններին:

Ըստ նրա՝ իշխող քաղաքական ուժը հասարակության մեջ հաճախ ստեղծում է թշնամի, որով վախեցնում է իր հասարակությունը: «Էդպիսի թշնամի կա բոլոր հասարակարգերում: Մեզ մոտ դա թուրքն է, որին, սակայն, մենք չենք ստեղծել: Հաճախ ենք, չէ՞, ասում, որ երկրի վիճակը վատ է, բայց եթե քաղաքական ցնցում լինի, Ադրբեջանը կարող է հարձակվել,- նկատեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ գրքում հիմնական շեշտը մարդ մնալու զգացողության վրա է դրված: «Եթե ինքդ ներսից ազատությունը չես ընկալում և ընդունում, չես ձգտում դրան, երբեք չես կարող պայքարող տեսակ լինել: Անշուշտ, «ազատություն» չի նշանակում սանձարձակություն կամ դիվային ազատություն: Գրողը նկատի ունի այն, որ դու գիտակցում ես, որ ազատ ես այնքանով, որ  կարող ես արտահայտել քո մտքերը, պատկերացումները, մոտեցումները: Այդ  ամենն, ի վերջո, պարփակված է այն գիտակցման մեջ, որ դու Աստծո կողմից ես ստեղծված: Կարծում եմ՝ սա գրքի առաջին՝ ամենակարևոր դասն է»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևորագույն դասն այն է, որ այս  ստեղծագործությունը ցույց է տալիս, թե որքան արատավոր է, երբ կուսակցությունը դիտվում է  որպես անձանց մի խումբ, որի նպատակն է՝ իշխանության գալ ու ցանկացած գնով պահել այդ իշխանությունը:

«Սա դաս է այսօրվա իրականության մեջ՝ ուղղված քաղաքական բոլոր ուժերին: Կապ չունի՝ իշխանություն ես, ընդդիմություն ես, թե՝ չեզոք, եթե ուզում ես գալ իշխանության, ապա քո նպատակը չպետք է դա լինի»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը դժվարացավ կամ չցանկացավ ասել, թե  Մեծ Եղբորը ներկայիս քաղաքական գործիչներից ում է նմանեցնում, նրա պատկերացմամբ, անցյալում դա կարծես մարմնավորի Ստալինին: «Այն ավելի շատ հավաքական կերպար է՝ իշխանական-օլիգարխիկ համակարգն է: Եվ եթե բոլորը սկզբում ատում են Մեծ Եղբորը, իսկ ինչ-որ պահից հանկարծ սկսում են սիրել նրան, նշանակում է՝ հասարակության մեջ որոշ պահից սկսած փոփոխության չեն ենթարկվել  պատկերացումները, զարգացման ուղղությունները: Քանի ուշ չէ, մեր կառավարող մարմիններն այդ  փոփոխությունները պետք է սկսեն իրենցից, թե չէ հետո գրքին մոտ իրավիճակ կստեղծվի»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել