Newmag.am-ը գրում է․

Զանգաշտարակ, զույգ ցուլեր, պահապան արծիվներ, կիսաշրջան հուշապատ` քանդակներով, հացատուն, թանգարան. հուշարձանների այս անսամբլն ամփոփում է Սարդարապատի հերոսամարտի պատմությունը: Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը հերոսամարտը մարմնավորել է քարի ու բետոնի սիմֆոնիայի մեջ, ստացվել է էպիկական շնչով գործ: Հուշարձանախմբից ոչ հեռու հայկական պետական սահմանն է:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկում է Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշարձան կանգնեցնել: 1965 թվականն էր: Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատով զինվոր` պատվանդանի վրա: Բայց որոշում է խորհրդակցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հետ: Ճարտարապետն ասում է, որ մտահղացումը շաբլոնային է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները` վճռական զինվոր` ավտոմատով, բարի զինվոր` երեխան գրկին, վիրավոր զինվոր` ծնկի եկած… Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել. հուշահամալի՛ր պետք է լինի: Ճարտարապետի որդին` Վահագն Իսրայելյանն, այդ ժամանակ երեսուն տարեկան էր և տրվել էր երկրաբանությանը: Բայց հոր հետ հաճախ էր գնում հուշահամալիրի տարածք` շինարարությունը դիտելու: Այժմ` 3 տասնամյակ անց տարիքում, նա մաս-մաս վերարտադրում է իր հիշողությունների պատառիկները.

- Նման գործերում հայրս ճարտարապետակա՛ն մոտեցում էր ցույց տայիս, ոչ թե քանդակագործական: Ասում էր` ինչ-որ դեմք չե՛մ քանդակում: Ու վե՛րջ: Ասում էր` Սարդարապատը պատման երևույթ է, համալիրն էլ պետք է
ամբողջական պատկերացում տա այդ համազգային հերոսության մասին:

Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ թղթին է հանձնում Սարդարապատի հուշարձանախմբի նախագիծը: Ճարտարապետ Վիլեն Տոնիկյանը հիշում է, որ Մանասյանի առաջարկածից բացի, հուշակոթողի նախագծի ուրիշ տարբերակ չի եղել: Ռաֆայել Իսրայելյանի նախագծում իշխանության պահանջով ընդամենը մեկ-երկու փոփոխություն է կատարվել: Պարոն Տոնիկյանն ուսանող ժամանակ աշխատել է Իսրայելյանի արվեստանոցում.

- Իսրայելյանը հուշահամալիրը նախագծել է մեր աչքի առաջ: Գալիս էր արվեստանոց, մի քիչ աշխատում, հետո գնում էր Հոկտեմբերյան` շինհրապարակ: Մի ոտքն արվեստանոցում էր, մյուսն` այնտեղ:

1

Ժողովրդական դրամահավաքի լեգենդը

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը ստանում էր տարբեր գործերի պատվերներ, բայց նա նաև որոնում ու գտնում էր իրեն սրտամոտ թեմաներ, յուրաքանչյուրի համար առաջարկում բազմաթիվ տարբերակներ, դրանցից ընտրում ամենաարդարացվածը: Սարդարապատի թեման նրան հոգեհարազատ էր: Այդ էր պատճառը, որ ինքը նախաձեռնեց հուշարձանախմբի նախագծումն ու կառուցումը: Ռաֆայել Իսրայելյանի գործունեության մասին առավել շատ բան հիշում է նրա հարսը, Վահագն Իսրայելյանի կինը` Բելլա Իսրայելյանը: Սկեսրայրը նրա հետ հաճախ էր զրույցի բռնվում, երբեմն էլ պատմում էր ծագած դժվարությունների մասին.

- Խորհրդային Միության ժամանակ ոչ ոք չէր համարձակվի այդպիսի գործ ստանձնել. Կրեմլում ասում էին` ոչինչ չարժեցող պատերազմ էր դա: Բայց ռուս պաշտոնյաներին համոզել են, որ հայերի նման փոքրաքանակ ժողովրդի համար Սարդարապատը մեծ հաղթանակ էր:

«Հայարդնախագիծ» ինստիտուտն այդ գործի համար պատվեր դեռ չէր ստացել, երբ Իսրայելյանն սկսեց աշխատել նախագծի վրա: Ռաֆոն (այդպես էին նրան դիմում ընկերները) մեծ եռանդով էր ձեռնամուխ եղել աշխատանքին: Նրան աջակցում էր Հոկտեմբերյանի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը և ամենակարևորը` չէր միջամտում: Հենց նրա շնորհիվ էր, որ միջկոլտնտեսային միավորումը միջոցներ հավաքեց հուշահամալիրը կառուցելու համար:

Ճարտարապետի ընկեր Մարկ Գրիգորյանը («Ռաֆայել Իսրայելյանը ժամանակակիցների հուշերում») պատմում է, որ ամեն ինչ հարթ է ընթացել մինչև թանգարանի շենքը կառուցելը. այդ ժամանակ պարզ է դառնում, որ կոլտնտեսականների միջոցները սպառվել են.«Սկսվեցին ստուգումները. որտե՞ղ է հաստատվել նախագիծը, ո՞վ է միջոցներ հատկացրել… Պահանջեցին նվազեցնել նախահաշվային արժեքները, հրաժարվել մարմարե երեսպատումից: Ժամանակի ընթացքում խնդիրն, իհարկե, կարգավորվեց, թանգարանը կառուցվեց, բայց հեղինակը չտեսավ իր ջանքերը»:

Իսրայելյանի մահից հետո թանգարանի պակաս գծագրերը լրացրել և թանգարանի կառուցումն ավարտին է հասցրել ճարտարապետ Գուրգեն Մնացականյանը, որն իր ուսուցիչ Իսրայելյանի հետ արվեստանոցում աշխատել է 1962 թվականից: Պարոն Մնացականյանը հուշարձանախմբի կառուցմանը չի մասնակցել, բայց փորձում է թարմացնել հիշողությունը և հուշահամալիրի կառուցման մասին իր մտածումներից բաց չթողնել ոչ մի դրվագ.

- Գումարները սովխոզ-կոլխոզներն են հավաքել: Դրանք միանգամից չհավաքվեցին, այլ աստիճանաբար` համալիրը կառուցելուն զուգահեռ:

3

Կոթողների գաղտնագրերը

Ռաֆայել Իսրայելյանի` Սարդարապատի հուշարձանախմբի առաջարկած նախագծի առաջին տարբերակը փոքր-ինչ պաթետիկ էր ստացվել. նա նախատեսել էր զանգաշտարակի տեղում 40 մետր բարձրությամբ վիթխարի, երկնասլաց թուր կառուցել: Այս գաղափարը դուր չի գալիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Գուրգեն Մնացականյանը հենց սա` նկատի ունի՝ իշխանության պահանջով կատարված փոփոխությունների մասին խոսելիս.

Քոչինյանն ասաց` «Ռաֆո՞, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»:

Քոչինյանն ակնարկում էր, որ վրեժխնդրության ձգտում հիշեցնող որևէ բան չի կարող հաստատվել Կենտկոմում: Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակն արդարացված համարեց, քանի որ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել էին եկեղեցու զանգերի ղողանջներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել