Life.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Աստղիկ Ալավերդյանն է, ով տարիներ շարունակ ATV հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի շրջանակներում փորձում էր «լուծել» յուրաքանչյուր հեռուստադիտողի ընտանեկան խնդիրը: Հավասարակշռված, բայց զգայուն Աստղիկը «խանդոտ» ու «զգուշավոր» մայրիկ է: Այն աստիճան խանդոտ, որ փոքրիկին «հետևում» է «տեսախցիկներով»:
Բոլորովին վերջերս եք մայրացել, եթե չեմ սխալվում, Ձեր բալիկը երեք ամսեկան է:Հավանաբար, այժմ զբաղվում եք միայն նրանով, այո՞:
-Մեծամասամբ՝ այո: Շատ քիչ ժամանակ էլ տրամադրում եմ մեր միջոցառումների կազմակերպմանը, փորձում եմ օգնել Նարբեին:
-Թեկուզ քիչ ժամանակ, բայց այդ ընթացքում բալիկին ո՞ւմ եք վստահում:
-Ինձ հետ մեր գրասենյակ եմ տանում, միասին գնում ենք աշխատանքի (ժպտում է):
-Ձեր որդուն Մոթե անունը հատո՞ւկ եք տվել:
-Այո: Դեռ նոր էինք իմացել երեխայի սեռը, վավերագրական ֆիլմ էինք նայում Մոնթե Մելքոնյանի մասին: Նարբեն ոգևորված ասաց՝ Մոնթե դնենք անունը: Ես էլ զգացի, որ այո՛, ինքը Մոնթե է, իրեն կսազի: Եվ այդպես է, հիմա չեմ էլ պատկերացնում՝ ուրիշ ինչ անուն կարող էր լինել, եթե ոչ Մոնթե:
.jpg)
-Հեռուստատեսություն ե՞րբ եք որոշել վերադառնալ:
-Անկեղծ ասաց՝ դեռևս, հոգուս խորքում, չեմ ուզում վերադառնալ աշխատանքային ռեժիմին, քանի որ ցանկանում եմ ամեն պահ բալիկիս կողքին լինել: Գոնե մեկ տարի այդ անհրաժեշտությունը կա: Ամեն վայրկյան ցանկանում եմ իր հետ անցկացնել, քանի որ ոչ-մեկին «չեմ վստահում» նրա խնամքը: Նույնիսկ, երբ Նարբեին խնդրում եմ երեխայի հետ մի կես ժամ զբաղվի, մինչևս գործերս ավարտեմ, միևնույն է՝ կամերայով հետևում եմ (ծիծաղում է): Ես պատկանում եմ «խենթ» մամաների շարքին, բայց ասեմ, որ Նարբեի հետ մտածել ենք նախագիծ, որը ցանկանում ենք հունվարից հետո իրականացնել: Իհարկե, ես քիչ ժամանակով եթերում կլինեմ: Նախագիծը խաղարկային չի լինի, ավելի լուրջ ձևաչափով հանդես կգանք: Շատ բան այդ մասին չեմ խոսի, թող անակնկալ լինի:
-Դա լավ է, այլապես հանրային մարդկանց համար ռիսկային է էկրաններից երկարատևբացակայությունը: Կարող են մոռանալ իրենց:
-Նման բան կա, իհարկե, բայց, կարծում եմ, դա մեզ դեռևս չի սպառնում: Ընդհակառակը, ցանկանում եմ որոշ ժամանակ ասպարեզից բացակայել, որպեսզի մարդիկ չհոգնեն, կարոտեն: Երբ նոր իմիջով, ձևաչափով հայտնվեմ եթերում՝ հետաքրքիր լինի: Չեմ ցանկանում մարդկանց զզվեցնել: Եղել է ժամանակ, որ մեկ տարի երկրից բացակայելու հետո, երբ վերադառնում էինք, Նարբեին թվում էր՝ օդանավակայանում մեզ չեմ ճանաչի: Բայց զգացինք, որ ժողովրդի սիրտն ենք մտել, որտեղից անհնար է դուրս գալ (ժպտում է): Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր գուցե մեզ չեն սիրում, քանի որ հայկական հեռուստատեսությունը չեն ընդունում ու գտնում են, որ այն մարդկանց ոչինչ չի տալիս: Բայց ուրախ եմ, որ շատերն են մեզ սիրում, հետևում մեր աշխատանքին ու հավանում: Շնորհակալ եմ, որ այս տարիների ընթացքում մեր կողքին են եղել:
-Աստղիկ, փաստորեն «Ընտանեկան պատմություններ»-ն արդեն պատմության գրկում է,կյանքի չեք կոչի:
-Այո, այն եթերում եղել է 7 տարի: Չեմ ուզում ասել, թե սպառել է իրեն, ուղղակի մենք ենք հոգնել այդ ձևաչափից: Այնպիսի բան ենք ուզում անել, որ քիչ ժամանակ խլի, բայց մեծ ասելիք ունենա:

-«Ընտանեկան պատմություններ»-ը նման ձևաչափի առաջին հայկական նախագիծն էր:Հետագայում «մրցակիցներ» հայտնվեցին, բայց ոչ մեկն այդ երկարակեցությունըչունեցավ: Ինչո՞ւմն էր հաղորդաշարի «համն ու հոտը»:
-Հավանաբար, պատճառն այն էր, որ հաղորդումը ես և Նարբեն էինք ստեղծել, այն կարծես մեր երեխան լիներ, չէինք կարող «մատերի արանքով» նայել, ամբողջությամբ նվիրվել էինք նրան: Շատ լուրջ էինք վերաբերում մեր աշխատանքին, ամեն մի խոսքի, շարժման վրա ժամերով աշխատում էինք: Իսկ էկրանն ամեն ինչ ցույց է տալիս, նկատելի է դարձնում: Փառք Աստծո, հեռուստադիտողի կողմից գնահատվում էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



